«Հումանիստ մարդը կփրկի աշխարհը»․ հարցազրույց Սվետլանա Ալեքսիևիչի հետ

 

Սվետլանա Ալեքսիևիչը ժամանակակից բելառուս գրող է, որ ստեղծագործում է ռուսերենով։ Հեղինակը 2015 թվականին ստացել է Գրականության նոբելյան մրցանակ։ Նրա երկերից առավել հայտնի է «Պատերազմը կնոջ դեմք չունի»-ն, որը նաև թարգմանվել է հայերեն։ Դրանից բացի՝ Ալեքսիևիչը հեղինակել է «Ցինկե տղաներ», «Չեռնոբիլյան աղոթք», «Սեքընդ հենդ ժամանակ» վեպերը։ Ստորև ներկայացնում ենք ռուսական «Знамя» պարբերականի հարցազրույցի թարգմանությունը Սվետլանա Ալեքսիևիչի հետ, որն արվել է 2019 թվականին։

 

Սվետլանա, 2018 -ի վերջին Ձեզ շնորհվեց Եվրոպայի պատվավոր քաղաքացու հազվագյուտ կոչում: Երկար տարիներ ապրել եք Հին աշխարհի տարբեր քաղաքներում: Որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում․ այնտե՞ղ, թե՞ Մինսկում:

Երբ ես հեռացա, թվում էր, թե շուտով Բելառուսում ամեն ինչ կփոխվի: Բայց պարզվեց, որ ժամանակ է հարկավոր: Ես վերադարձա, քանի որ կարծում եմ՝ գրողը պետք է ապրի իր տանը: Որոշեցի կրճատել ճանապարհորդություններս, ինձ հարկավոր է աշխատանքի համար ժամանակ և էներգիա խնայել: Ես սիրում եմ Մինսկը, սիրում եմ իմ բնակարանը, իմ տունը՝ քաղաքից դուրս: Ուրախ եմ, որ կարող եմ հետաքրքիր մարդկանց հրավիրել մեր Մտավորականների ակումբ, տարբեր երկրներից մարդկանց, որոնք կարող են անկախ մտածել։ Նրանք հաճախ անհարմար են զգում իրենց տանը: Ալեքսանդր Սոկուրով, Ռուտա Վանագայտե, Օլգա Սեդակովա, Ալեքսանդր Մոռոզով, Վլադիմիր Սորոկին։ Վանագայտեն պարզապես հետապնդման ենթարկվեց հրեաների ոչնչացման գործում լիտվացիների մասնակցության մասին գրքից հետո[1]: Ի դեպ, լեհական լավագույն անկախ թերթը այս մասին իմ հոդվածը նույնպես չհրապարակեց: Բայց հենց այդպիսի անկախ մարդիկ, մարդասերներն են լույս բերում: Այս հանդիպումները լավ լսարան են ապահովում, շատ-շատ երիտասարդներ են գալիս․ կարևորը սա է։ Մոտ ժամանակներս կցանկանայի հրավիրել Տատյանա Չեռնիգովսկայային և Յուրի Նորշտեյնին։

Մամուլը գրեց, որ Ալեքսիևիչի շնորհիվ աշխարհը իմացավ Բելառուսի գոյության մասին: Ակնհայտ է, որ եվրոպացիների՝ Մինսկ կարճաժամկետ ուղևորությունների համար վիզաների ազատականացումը Ձեր շնորհիվ է: Իշխանությունները փոխե՞լ են իրենց վերաբերմունքը: Զգու՞մ եք նրանց ուշադրությունը:

Մենք գոյություն ունենք միմյանցից անկախ: Նրանք չեն խանգարում ակումբին, բայց երբեմն չի ստացվում, օրինակ, պատվիրել ամենահեղինակավոր ու ամենամեծ դահլիճը: Բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ հանգիստ է: Նախքան մրցանակաբաշխությունը երբեմն ոմանք ասում էին՝ ինչու է նա ռուսերեն գրում: Բայց գաղափարը խոսում էր ռուսերեն․ դա շատ պարզ է: Հիմա փողոցում հանդիպում եմ մարդկանց, որ հաճույքով են խոսում, պարզապես բարևում են: Մեկն ինձ տեսավ սրճարանում և տորթ պատվիրեց ինձ համար։ Ինչ-որ մեկն օգնություն խնդրեց։ Երբեմն նրանք իրենք են օգնություն առաջարկում: Առհասարակ, գալով՝ զարմացա, հիշեցի քաղաքի շատ գեղեցիկ դեմքերի, մտավորականների, որ ցանկանում էին փոխել ինչ-որ բան, մտմտում էին այդ մասին։ Ո՞ւր են անհետացել նրանք բոլորը։ Ծերացա՞ն, հոգնեցի՞ն, հանձնվեցի՞ն, դարձան անտարբե՞ր։ Չէի կարողանում հասկանալ։ Եվ որոշեցի բացել Մտավորականների ակումբ՝ առաջին հերթին, որպեսզի փորձեմ Բելառուսում ներգրավել հետաքրքիր զրուցակիցների, մարդկանց, որ ասելիք ունեն արդիականության, իրերի թաքնված իմաստների մասին: Որպեսզի Մինսկը դադարի լինել խորը մշակութային գավառ:

Այսօրվա բելառուսները, ռուսները, ընդհանրապես նախկին խորհրդային մարդիկ արդյո՞ք եվրոպացի են:

Իհարկե, եվրոպացիներ են: Ասիացիներ չեն: Մեր ամբողջ մշակույթը, գրականությունը, մտածելակերպը եվրոպական են: Ես եղել եմ Ասիայում, Չինաստանում և այլ երկրներում. այն բոլորովին այլ աշխարհ է, այլ փիլիսոփայություն, ինքնաճանաչման միջոց: Լավ եմ հիշում, թե ինչպես էին շատ երկրներում, ուրախանում մեզ համար, երբ տապալվեց «Երկաթե վարագույրը», ինչպես էին բոլորը ցանկանում հանդիպել մեզ հետ, զրուցել, քննարկել... զարմանալի ժամանակ էր, շատ կարևոր: Միմյանց հասկանալու, իրար միանալու անդառնալի ցանկություն…։ Մեր տարբերությունն առաջին հերթին պայմանավորված է մարդկային կյանքով, մարդու արժանապատվությամբ ու տեղով։ Շատ առաջ (նույնիսկ նախքան Լուկաշենկոն) հասարակ եվրոպացիները գումար էին հավաքում Չեռնոբիլի զոհերի համար, ովքեր որքան կարող էին, եկան Մինսկ, հանդիպեցին բարեգործական կազմակերպության ներկայացուցչի՝ խելացի մի մարդու հետ, որն այնքան գեղեցիկ խոսեց: Նա մեզ հրավիրեց իր տուն․ իսկ նրա տունն այնքա՜ն շքեղ էր՝ բյուրեղյա ջահեր, կահավորանք․․․ պարզ է, որ հասարակական կազմակերպության համեստ աշխատավարձով չես կարող նման բան գնել: Դա իսկական շոկ էր եվրոպացիների համար: Նրանք հասարակ մարդիկ էին, որ ցանկանում էին օգնել նույն հասարակ, աղքատ մարդկանց: Իսկ բելառուս ակտիվիստը որևէ արտասովոր բան չտեսավ կամավորների հավաքածը յուրացնելու մեջ: Սա է տարբերությունը:

Դեռև 1990-ականների կեսերին խոսում էինք այն մասին, թե ինչպես է «գեղեցիկ կյանքի» գայթակղությունը կործանում ոչ միայն սովորական մարդկանց, այլև կոփված, առնական, արժանի մարդկանց ... Հետո մեր արևմտյան ընկերները հիշեցին իրենց առաջին ծանոթությունը ԽՍՀՄ -ի հետ. ցնցումը ոչ այնքան քարոզչության գերակայությունից էր, որքան նրանից, որ փողով ոչինչ գնել հնարավոր չէր: Ո՛չ ուտելիք, ո՛չ սեղան ռեստորանում, ոչ մի բան: Փողը պարզապես համընդհանուր արժեք չէր: Եվ հետո եղան արտահայտություններ, ինչպիսիք են ՝ «եթե դու այդքան խելացի ես, ինչու ես այդքան աղքատ»: Ձեր հերոսը՝ Ուտոպիայի մարդը՝ «կարմիր մարդը» չդիմացավ գայթակղությանը ...

Այո՛, մենք դոլարի թեստը ավելի վատ անցանք, քան՝ Գուլագինը: Մենք լիովին անպատրաստ էինք դրան: Եվ սա մեծապես որոշում է ներկայիս օրը: Անհրաժեշտ է սովորել հաղթահարել սա: Արևմուտքում ժամանակակից արժեքներն ու ժողովրդավարությունը բավական երկար ճանապարհ են անցել, նրանք այնտեղ շատ բան են ապրել: Եվ մշակել են այն կարգուկանոնը, որ քիչ թե շատ հարմար է մարդուն։ Իսկական ժողովրդավարության մեր փորձը շատ կարճ էր, Ռուսաստանում՝ մի փոքր ավելի երկար, քան Բելառուսում․ բայց դեռ քիչ: Եվրոպայում մարդիկ կարողանում են ապրել իրենց համար։ Ոչ թե հանուն գաղափարի, երկրի, պայծառ ապագայի, այլ ինքդ քեզ համար՝ այստեղ և հիմա: Սա է նաև տարբերությունը։ Այնտեղ 90 -ից բարձր մարդիկ հետաքրքրված են աշխարհում կատարվող իրադարձություններով, շփվում են և ուրախանում: Իմ շվեդ ընկերուհու մայրը՝ շատ տարեց կին, վարձով սենյակներ է տալիս ուսանողներին ոչ թե հանուն փողի, այլ պարզապես իմանալու, թե ինչպես են ապրում երիտասարդները, ինչն է նրանց հետաքրքրում․ դա իր համար չափազանց կարևոր է: Բոլորովին այլ վերաբերմունք՝ սեփական կյանքի նկատմամբ: Եվ քաղաքականությունը բխում է հիմնականում այդ շահերից: Որովհետև հասարակության պահանջն է: Արևմուտքում սկսում ես խոսել մարդու հետ, և խոսք կարող է գնալ ամեն ինչից։ Իսկ մեզ մոտ ում հետ խոսես, մի րոպե հետո հաճախ սկսվում է երկար մի երգ անձնական տառապանքների մասին։ Ես չեմ հավատում, որ տառապանքը հասունացնում է մարդուն, այն դեֆորմացնում է նրան: Եվ այդ դեֆորմացիան դառնում է միջնադարյան խավարի սնուցող միջավայր։ Ի՜նչ սարսափելի գաղափարներ են հայտնվել, և եկեղեցականները հաճույք են ստանում դրանից՝ կանանց փակի տակ պահել, երեխաներին ծեծել․․․ ինչպես 17-րդ դարում։ Մենք ստրկության տարիների գինն ենք վճարում։

Հիմա շատ բան է փոխվում Եվրոպայում, աջերը գալիս են իշխանության, ազգայնականների ազդեցությունը մեծանում է գերզարգացած Շվեդիայում ...

Բայց Արևմուտքն ունի անվտանգության հսկայական սահման, և ես հավատում եմ, որ նրանք գլուխ կհանեն, Եվրոպան ու Ամերիկան ​​կպահպանեն իրենց սկզբունքները: Նույնիսկ Թրամփը չի կարող անել այն ամենը, ինչ մտքին կա: Այնտեղ ժողովրդավարության ավանդույթները երկար պատմություն ունեն, մարդիկ իրենք են մասնակցում ժողովրդավարությանը: Վերջերս Լեհաստանում էի, տեսա, թե ինչ էր կատարվում այնտեղ: Նույնիսկ այս ազատասեր երկիրը չկարողացավ դիմադրել, կան մութ գաղափարներ, թշնամիների որոնում ... Բայց Լեհաստանը նույնպես վերականգնում է ժողովրդավարությունը ... Պոպուլիզմի, ատելություն և այն ամենի հիմքում, ինչ կատարվում է, ինձ թվում է՝ վախն է ապագայից։ Այն այնքան նոր է, վախեցնող, անսովոր, որ ոչ ոք չի կարող կանխատեսել ... Ինչպես պարզվեց՝ մենք առհասարակ պատրաստ չենք դրան։ Եվ, հետևաբար, ամենակարևորը խոսելն է՝ ամենուր: Խոսել մարդկանց հետ, փորձել հասկանալ նրանց ...

Արևմուտքում Ձեր գրքերը ավելի հաճախ են տպագրվում, քան Ռուսաստանում և Բելառուսում, հավանաբար, այնտեղ սպասում են Ձեզ`ընթերցողների հետ հանդիպելու համար: Կարո՞ղ ենք ասել, որ ձեր գրքերի ձևը, դրանց բազմաձայնությունը ավելի մոտ են եվրոպացիներին:

Ես օտար լեզուներով չեմ կարդում, բայց տեսնում եմ, որ Եվրոպայում մարդիկ անհանգստացած են այն նույն երևույթներից, որից՝ մենք: Միգուցե այնտեղ նրանք ավելի սուր են զգում՝ խոսելու մեզ սպառնացող ամենակարևոր բանի մասին․ դա ո՛չ գաղթականներն են, ո՛չ քաղաքականությունը, ո՛չ էլ անգամ պատերազմը, այլ մոլորակի ապագան է՛ բոլոր կենդանի էակների ապագան։ Մարդու ապագան՝ որպես բանական ու մարդասեր էակ։ Մարդու մոտալուտ բախումը տեխնոլոգիաներին, որոնք կարող են մեզ ոչնչացնել: Այս մասին է իմ «Չեռնոբիլյան աղոթքը»։ Նույնականությունը Եվրոպայում նույնքան մեծ է։ Ո՞ւմ է հնարավոր այսօր վստահել։ Միայն ամենաչնչին, ամենահասարակ մարդու՝ վկայի ձայնն է վստահություն ներշնչում…

«Վավերագրության և պոեզիայի ֆանտաստիկ համադրություն»․- մի անգամ ձեր ժանրի մասին այսպես ասաց գրող Սվետլանա Վասիլենկոն: Ձեր գրքերի ժանրը կենդանի հաստատումն է Լիդիա Գինզբուրգի՝ 20 -րդ դարավերջի «գրականության ընդլայնման» թեզի: Ինչպե՞ս ծնվեց ժանրը։

Մանուկ ժամանակ ես ապշած էի կանանց խոսակցություններից։ Ծնողներս գյուղական ուսուցիչներ էին, նրանց տունը լի էր գրքերով։ Առհասարակ, ես այնքան «գրքոտ» աղջիկ էի։ Իսկ երբ դուրս ես գալիս փողոց, բոլորովին այլ բաներ ես լսում, և աներևակայելի հետաքրքիր էր այն լսելը։ Գյուղում՝ միայնակ կանայք․ տղամարդիկ չեն վերադարձել պատերազմից։ Իսկ Ուկրաինայում, ուր եկել էի տատիկիս մոտ, նա աշխատում էր, իսկ ես նստած լսում էի ու լսում․․․ Պապիկս անհետ կորել էր, և ինչպես շատ կանանց, սև թղթեր չէին ուղարկել, որովհետև հրամանատարությունը հոգ չտարավ այդ մասին, այլ բոլորին հավաքեցին մի տեղ ու անցան առաջ․ գրեթե մանկական տպավորություն, տարակուսանք․ ինչո՞ւ այդ ամենի մասին գրված չէ գրքերում։ Այնուհետև՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետից անմիջապես հետո, պարզ դարձավ, որ պետություն էր իրեն իրավունք վերապահել՝ պատերազմը հիշելու: Հավաքական հիշողությունը պետության հիշողությունն էր: Մեկ այլ բան էլ հիշեցի: Եթե ​​չապրեի հետպատերազմյան այդ դժբախտ գյուղում, նման փորձ չէի ունենա: Նրանք ուտում էին միայն կարտոֆիլ, ստանում «ձողիկներ» աշխատանքային օրերի համար, անվերջ սահմանափակումներ մե՛կ ծառերի հարկեր, մե՛կ հատելու հարկեր, հիշում եմ, թե ինչպես էին խոզերին թաքցնում նկուղներում և գիշերը կերակրում նրանց ... Հետո՝ Ալես Ադամովիչի «Ես կրակե գյուղից եմ»-ը։ Եվ ես հասկացա, որ, առհասարակ, ամենից կարևորը փաստն է։ Տասնյակ վեպեր պատերազմի մասին չեն ասի այնքան, որքան մի փոքրիկ դրվագ՝ տղայի հիշողություն, նա ողջ է մնացել, հեղեղված է դիակներով, և չորս տարեկան քրոջ բառերով մորն ասում է․ «Ինչո՞ւ ես ինձ ռետինե կոշիկներ հագցնում․ ոտքերս դեռ երկար կայրվեն․․․» կամ «Բլոկադային գիրքը»․ այնտեղ կան զարմանահրաշ փաստեր։ Ահա՝ տղան միայնակ մնացել է հանրակացարանում, նրա բոլոր հարազատները մահացել են, իսկ հարևանությամբ ապրում է զայրացած մի կին, նրա սենյակից մսի հոտ է գալիս, տղան ինչ -որ կերպ ներս է նայում և տեսնում կիսատ կերած կոտլետի մի կտոր, և տանջվում է՝ ուտել թե չուտել, բայց այնուամենայնիվ հրաժարվում է և լքում բնակարանը ... Իսկ այդ ամենի կողքին՝ բազմաթիվ էջեր ռուս մտավորականության դերի մասին ... Մենք բոլորս սնվում ենք մշակույթով, դրա կարծրատիպերով, իսկ ինչ-որ մի տեղ կյանքը... Իմ գրքերում մեկնաբանություններ չկան։

«Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքի երկրորդ հրատարակությունը լրացրել եք գրաքննությամբ հեռացված հատվածներով ...

Ոչ միայն։ Ներառել եմ մի բան նոթատետրիցս, որն ի սկզբանե չէի ընդգրկել: Օրինակ՝ հիշողությունն այն մասին, թե մերոնք ինչպես փախան գերությունից և վերցրին ամենաուժեղին, որ ուտեն։ Ինձ թվում էր, որ դա անտեղի էր։ Ես ընտանիքի դաստիարակության արդյունք էի: Հայրս կտակեց իրեն թաղել կուսակցան անդամատոմսով։ Նա հավատում էր, որ գաղափարը լավն էր, միայն Ստալինն էր այն փչացրել։ Մեր գյուղում Սոլժենիցին չէին կարդում, եթե ինչ-որ մեկը բերեր «Գուլագ արշիպելագը», նրան հավանաբար կձերբակալեին։ Ամեն ինչ ակնհայտ էր։ Եվ ես էլ համակարգի պտուղ էի՝ դժվարությամբ ազատգրվելով դրանից։ Միայն Աֆղանստանից վերադարձա որպես ազատ մարդ։

Պացիֆիզմը նկատելի էր դեռ առաջին գրքում:

Այո՛, «ռեմարկիզմը»։ Գրաքննիչը բղավեց․ «Այդ ռեմարկիզմը Ձեզ մոտ չի՛ անցնի»։ Իմ հերոսուհին ՝ դիպուկահարը, ասում է. «Ինքնաձիգի դիտակետից տեսա գերմանացի մի սպայի՝ երիտասարդ, գեղեցիկ, և չկարողացա կրակել»։ Գրաքննիչը ոտքերը դոփեց, թե նա թշնամի է, ֆաշիստ է, պետք է սպանի նրան։ Իսկ նա չկարողացավ․․․

Նախորդ տարի Մոսկվայի «Գոգոլ» կենտրոնում կայացած ստեղծագործական երեկոյին ասացիք, որ իրական հերոսը նա է, ով չի կրակում:

Երբ հայտնվեցի Աֆղանստանում, հասկացա, որ ինքնաձիգը ձեռքը վերցնողը դառնում է այլ մարդ՝ ոչ նա, ում մայրը տանում էր արվեստի խմբակ: Թվում է, թե մեր հասարակության մեջ տարածված ռազմական մշակույթով սնվող չար դևը մտել է նրա մեջ: Չարն ավելի շատ է վարժեցված, քան՝ բարին։ Արվեստը, ի դեպ, ունի մութ կողմ՝ ներշնչված չարիքից: Պատերազմի ժամանակ ես տեսա, թե որքան գեղեցկություն կա: Մահն ու գեղեցիկը միշտ կողք կողքի են․ արկերը թռչում են գիշերային երկնքում, երեկոյան զինվորներն են երգում՝ յուրաքանչյուրն իր լեզվով․ սա գեղեցիկ է: Մահվան մոտ մարդիկ իրենց մեջ շատ խորը թաքնված մի բան են հայտնաբերում: Աֆղանստանում ինձ ժամանակակից զենքի ցուցահանդես տարան: Որքա՞ն ժամանակ և ջանք է ծախսվել չարը գեղեցկացնելու համար: Բայց ես երբեք չեմ կրակել: Եվ չեմ վերցրել գնդացիրը, որքան էլ ինձ առաջարկեցին: Երբեք: Ինձ թվում է, որ առանց դրա էլ կարելի է գրել արդիականության և ժամանակակից մարդկանց մասին: Ես բացարձակ պաթետիկ եմ, ոչ ոք ինձ երբեք չի համոզի, որ մարդկային կյանքը՝ այս անգին պարգևը, ընդհանուր առմամբ, կարող է հավասար լինել ինչ -որ մի բանի, որ մարդը ծնվի, որպեսզի մահանա ինչ-որ տեղ Դոնբասում կամ Սիրիայում։ Կարծում եմ, որ սերունդների աչքերում մենք նման կլինենք բարբարոսների հենց այն պատճառով, որ չենք գիտակցում սա:

Մոսկվայում «Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքի երկրորդ հրատարակությունից հետոյի երեկույթում խոսեցիք նյութի ընտրության մեթոդի մասին: Ժամերով խոսակցություններ, ձայնագրություններ, իսկ գրքում մնաց մեկ արտահայտություն․ «Ես այնքան փոքր գնացի ռազմաճակատ, որ նույնիսկ պատերազմի ժամանակ մեծացա․․․»

Երբեմն շատ ժամանակ է պահանջվում, մինչ կանայք սկսեն խոսել այն մասին, թե ինչ եղել է իրականում, ինչ իրենք են զգում: Նրանք դադարեցին խոսել «ինչպես գրված է» թերթի հանդիսավոր գրառման համար։ Ընդհանրապես, նրանց համար այդ ամենը դժվար էր ու անսովոր: Ինձ փրկեց այն, որ նրանք վստահում էին ինձ: Երբ 1982 -ին սկսեցի նրանց մոտ գնալ, ինչ -որ կերպ խոսակցություն անմիջապես զարգացավ. երիտասարդ մի կին խոսում է տարեց կնոջ հետ, և առաջանում է անկեղծություն։ Միգուցե ես նրանց հիշեցնում էի իրենց երիտասարդությունը, և այդ պատճառով առաջ եկավ համակրանքը։ Իսկ հետո կարծես խորասուզվեցին։ «Սվետոչկա՛, դու չես կարող գրել այս մասին, դու էլ գիտես՝ ինչն է պետք գրել»։ Կանայք շատ պարզ էին, նրանք սովոր չէին, որ մարդիկ գային ու իրենց հարցեր տային: Սովորաբար տղամարդկանցից էին հարցնում։ Վետերանների ակումբում, ուր դիմել էի հասցեների համար, ինձ ասացին․ «Ավելի լավ է խոսենք այնպիսի փոխգնդապետի հետ, որի մասին կպատմեն կանայք»։ Եթե ամուսինն ու կինը երկուսն էլ կռված էին, գնում էի նրանց տուն, և ամուսինն էր միշտ սկսում առաջինը պատմել՝ զարմանալով, որ ուզում եմ նստել ու խոսել կնոջ հետ։ Սովորաբար կանայք խմում են, ծիծաղում, լաց լինում, և տեսնում ես մեկ այլ պատերազմ։ Մեկը պատմում է, թե ինչպես է չորս տարի սիրել մի տղայի՝ սպայի, նա մահանում է, և իրեն ասում են՝ գնա, հրաժեշտ տուր նրան։ Եվ ինքը համբուրեց առաջին անգամ, համբուրեց մահացածի․․․ Եվ նա սիրեց ամբողջ պատերազմը։ Նրանք երիտասարդ էին, երբ մեկնեցին ռազմաճակատ, 24-25 տարեկան, այնուհետև ապրում էին մեր մեջ, և մենք ոչինչ չգիտեինք նրանց մասին: Պատերազմի ամբողջ ընթացքում նրանց երբեք ոչինչ չի տրվել դաշտանի համար: Ես մի դրվագ ունեմ. կանայք գնացին լողանալու կրակի տակ՝ կարմիր բծերը լվանալու համար, նրանք չէին ցանկացել՝ իրենց այդպես տեսնեն, և բոլորը մահացել էին...Պատերազմում նրանց հանդուգն էին վերաբերվում, ծիծաղում, չէին ընդունում, իսկ հետո պարզվեց, որ նրանք ամենահամարձակներն էին, հպարտացան նրանցով, ձեռքների վրա տարան, փրկեցին․․․

Իսկ պատերազմից հետո վերադարձողներին անվանում էին մարմնավաճառ, շատերն այդպես էլ չէին ամուսնանում: Ձեր հերոսուհին ցանկանում էր, որ պատերազմն ավելի երկար տևեր, որպեսզի սիրելին չգնար իր կնոջ մոտ․ նա ամուսնացած էր...

Պատռում էին իրենց վետերանի վկայականները՝ պատերազմի հիշողությունը ոչնչացնելու, որպեսզի սովորական կանայք դառնան, եղել է նման բան... Մի քանի տարի անց նրանց ձայնից սկսեց ձևավորվել մի գիրք՝ ոչ լրագրողական և ոչ ուղղակի վավերագրական: Ինձ համար կարևոր էր, որ այն խոստովանությունները, որոնք ես լսել էի, վերածվեին ոչ թե փաստաթղթի, այլ արվեստի, իսկ յուրաքանչյուր պատմություն նման էր առանձին նովելի, նույնիսկ եթե այն բաղկացած էր մի քանի նախադասությունից: Այն կառուցված է վիպական կանոնների համաձայն, այն ունի իր մեղեդին, ռիթմը, կոնտրապունկտը։ Բայց վավերագրական է։ Ես ապավինում էի ինտուիցիային, ականջին։ Հավանաբար այսպես է ծնվում սիմֆոնիան՝ հնչյուններից, դրանց համադրությունից, երբ վերջապես ստեղծվում է կառույցը... Մի անգամ ասել եմ, որ ընդհանրապես ես ականջի մարդ եմ ...

Կանայք, ընդհանրապես, պատերազմի մասին ա՞յլ կերպ են խոսում, քան տղամարդի՞կ: Գուցե նրանք ավելի սո՞ւր են զգում ողբերգությունը:

Նրանք չեն հիշում ստորաբաժանումների անունները, ասում են «այսինչ, այնինչ տեղում», չեն ասում «եկավ կապիտանը», ասում են «բեղավորը եկավ», «նա, որ այտին խալ ունի»․․․ Կանանց աշխարհայացքն առհասարակ այլ է, տեսնում են տարբեր գույներ, լսում տարբեր հնչյուններ, զգում են ինչ -որ ավելի նուրբ բան, բաց թողնում մի բան... Ադամովիչը մի անգամ ինձ ասաց. «Այնքան լավ է, որ ես պատերազմի կանանց մասին գիրք չեմ գրել: Շատ բան չէի նկատի»։ Նա ժամանակին նման ծրագիր ուներ: Ինչ վերաբերում է ողբերգությանը, կանայք և երեխաները որոշակի գիտելիքներ ունեն մարդկային խելագարության, մարդու մութ սկզբի մասին: Իմ գրքերում ես փորձում եմ ցույց տալ այն մարդկանց ձայներն ու տարբերակները, ովքեր իրադարձություններին նայում են տարբեր տեսանկյուններից: Մի պատերազմ տեսել է կին օդաչուն, մյուսը՝ հրետանավոր կինը, երրորդը՝ նա, ով ձեռնամարտ է վարել․․․ Նա ինձ ասաց․ «Ես Ձեզ այնպիսի պատերազմի մասին կպատմեմ, որից անգամ գեներալն է փսխում»: Նա պատմում է, որ երբ սկսվում է ձեռնամարտը, մարդը անհետանում է, մնում է ինչ-որ կենսազանգված։ Երբ ծակում են աչքերն ու ստամոքսը, երբ չեն գոռում, այլ մռնչում են, երբ մեզանում գործում է միայն բնազդը, պարզվում է, որ մշակույթից շատ ենք կտրված։ Եվ բոլորն ինձ ասում էին՝ կարևորը չնայել նրանց աչքերին, ում սպանում էիր։ Պատերազմը խելագարություն է պահանջում: Ստրելկովն ասել է, որ սկզբում Դոնբասում ամենից դժվարը եղել է ստիպել մարդկանց կրակել միմյանց վրա։ Դրա համար անհրաժեշտ է ինչ -որ տեղ դուրս գալ սահմանից՝ խաղաղ ժամանակներից, երբ մարդիկ բանտարկված էին հենց դրա համար։ Եվ սկզբում Ստրելկովի մարտիկները դա արեցին դժկամությամբ, հարկադրանքով: Մարդն ընդհանրապես մութ, սարսափելի արարած է: Ինչպես գրել է Դոստոևսկին իր օրագրերում․ «քանի՞ մարդ կա մարդու մեջ»: Դոստոևսկին ինձ շատ օգնեց՝ ընկալելու մեր մութ էությունը: Ամենակարևորը մարդու պաշտպանությունն է մարդու մեջ։ Ցավոք, քչերն են մտածում այդ մասին և պատրաստ են անձնական պատասխանատվություն կրել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար: Եվ կանխամտածված կրոնամոլությունը չի օգնում, այլ մարդկանց խմբավորում է մի տեսակ ազգային մարմնի մեջ, որը զգում է, բայց չի մտածում: Յուրաքանչյուրը պետք է ինքը մտածի և ընտրություն կատարի։

Ինչպե՞ս է զարգացել ժանրը։ «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Չեռնոբիլյան աղոթք», որը, ինչպես ինձ է թվում, ամենախորհրդավոր գիրքն է, և հետևողականորեն զարգացրել է բազմաձայնության ներդաշնակությունը: «Սեքընդ հենդ ժամանակը» բոլորովին այլ պատկեր է ներկայացնում։

Ժանրը զարգանում է ինձ հետ այս տարիների ընթացքում․ դա այդպես է: Ամեն գրքում նոր ձայն էի փնտրում: «Սեքընդ հենդ ժամանակը» ինձ համար ամենից դժվար գիրքն է։ Պատերազմը, աղետը ավարտուն սյուժեներ են։ Դրանք վերապրելու փորձն առկա է։ Բայց երբեք չենք ունեցել կայսրության փլուզման փորձ։ Իհարկե, Ռեչպոսպոլիտան, Հռոմեական կայսրությունը, Բրիտանականը քայքայվեցին, և հավանաբար այնտեղ ինչ-որ հետաքրքիր բան կատարվեց մարդկանց հետ: Բայց մենք չգիտենք այդ մասին: Իմ հերոսը՝ «կարմիր մարդը», դառնում է անցյալ: Անկեղծ ասած, երբ սկսեցի նյութեր հավաքել, մտածում էի, թե մարդիկ ինչ կխոսեն պատմության, ողբերգական փորձի մասին: Բայց այլ կերպ ստացվեց: Այսօր չկա մեկ հասարակություն․ դա պատրանք է: Կան տարբեր կյանքեր, և մարդիկ երբեք չեն համախմբվի, ինչպես նախկինում, նույն տեքստերի շուրջ, նրանք, ովքեր կարդում էին, ասենք, Տվարդովսկին կամ Սոլժենիցինը: Սա, հավանաբար, ազատություն է: Ինչ վերաբերում է լեզվին, ապա ինձ թվում է, որ մարդիկ սկսեցին խոսել նույնիսկ ավելի լավ, ավելի գրագետ:

Որոշ հերոսներ ուղղակի չեն խոսում «նորալեզվով»՝ խորհրդային անցյալի բառապաշար, ճամբարային ժարգոն, վերջին անգլոբանություններ, նրանք լի են ագրեսիայով՝ փնտրելով իրենց անհաջողությունների մեղավորներին:

Խաբված, կողոպտված, նվաստացած մարդկանց դժգոհությունն ու ագրեսիան ելք են փնտրում: Գիտակցության ռազմականացումը վաղուց է տեղի ունեցել․ դա Պուտինը չէ, որ հորինել է: Պուտինը պարզապես կուտակեց, արտահայտեց հասարակության ցանկությունները՝ հստակ և ոչ ամբողջական: «Հավաքական Պուտին»՝ այսպես է կոչվում իմ հոդվածներից մեկը․ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանում։ Ժողովրդական հզոր մարմին։ Զարամանալու բան չկա։ Վերակառուցումը իրականացրել են մեծ քաղաքների մտավորականները՝ Գորբաչովի գլխավորությամբ: Իհարկե, մարդիկ ամենուր ցանկանում էին նորացում, ազատագրում ստից: Բայց նրանք ոչ թե կապիտալիզմ էին ուզում, այլ՝ մարդկային դեմքով սոցիալիզմ: Մարդիկ հուսալքված էին։ Ոչ ոք չէր սպասում ավերածությունների, հանցագործությունների ու գողությունների: Եվ երբ Պուտինը եկավ ու ասաց, թե շրջապատում թշնամիներ կան, և մենք պետք է ստիպենք մեզ հարգել, ամեն ինչ իր տեղն ընկավ: Որտե՞ղ է մտավորականությունը: Խորհրդայինը դարձավ ամենաաղքատը, նա շարունակում է ծառայել, եթե ոչ վարչակարգին, ապա՝ օլիգարխներին:

Կա՞ ելք ուտոպիայի գետտոյից, որի մասին Դուք գրում եք, և այն պարոդիայի, դեպի ուր մենք կարծես շտապում ենք որպես հասարակություն: Ուտոպիա՝ բազմապատկած տոտալ ստո՞վ, պատերազմի սպառնալիքո՞վ, ֆեյքերո՞վ, անվստահությա՞մբ։ Ի՞նչ կարող է անել այս իրավիճակում գրողը։

Համոզված եմ, որ հումանիստ մարդը կփրկի աշխարհը։ Քաղաքական մարդը չի կարող անել դա: Ռացիոնալիստ, տեխնոկրատը՝ նույնպես: Միայն հումանիստ մարդը կարող է սովորեցնել սիրել կյանքը ինչպիսին կա, սեր սերմանել բոլոր կենդանի էակների, բնության նկատմամբ, հակառակ դեպքում մենք բոլորս կանհետանանք․ Չեռնոբիլից հետո դա ակնհայտ է: Իսկ տեխնոլոգիայի արագ զարգացումը վկայում է այդ ամենը: Այլ սկզբունքների ժամանակն է հասունանում։ Մարդկային կյանքը պետք է լինի քաղաքականության առաջին պլանում, հարգանք՝ արժանապատիվ կյանքի նկատմամբ: Այս մասին հենց կարող են խոսել գրողները։ Այսօր տարբեր մարդիկ ապրում են տարբեր մշակութային միջավայրերում, և կարևոր է լսել բոլորին: Եվ փնտրել մարդուն մարդու մեջ: Փնտրել պատասխանատվություն: Այնուհետև քաղաքականությունը նույնպես կփոխվի: Ի դեպ, ոչ վաղ անցյալում Մինսկում մի ոչ կոմպետենտ պաշտոնյայի հեռացրին մշակույթի ոլորտից այն բանից հետո, երբ գրողները, արվեստագետները, երաժիշտները միաբերան ասացին, որ նա իր տեղում չէ: Հասարակության ձայնը գործում է: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Բելառուսը դեռ պետք է անցնեն այս ամենի միջով: Կարևորը արյուն չթափվի։

Գրականության մեջ այսօր կանանց ժամանակն է: Միևնույն ժամանակ, շատ գրողներ իրենց չեն համարում «կանանց գրականության» մաս, ինչը երկրորդական բան է ենթադրում հենց սահմանման մեջ: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

Կանացի արձակը, պոեզիան միշտ էլ եղել են։ Ցվետաևան միանշանակ կանացի պոեզիա է: Կանացի գրականությունը, անկասկած, գոյություն ունի որպես յուրահատուկ աշխարհընկալում։ Լավ է, որ շատ անուններ են հայտնություն ձեռք բերում: Մեր օրերում Յուլիա Յուզիկը գրել է «Բեսլանյան բառարանը»: Ընդհանուր առմամբ, գոյություն ունի երկու համարժեք քաղաքակրթություն՝ արական և իգական, և մենք պետք է համարժեք ներկայացնենք մեր քաղաքակրթությունը և այն դարձնենք հարգանք: Ի դեպ, դա տեղի է ունենում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում: Հալածանքների հետ կապված․ «#MeToo» և ռուսաստանյան համացանցային տիրույթի «#я_не_боюсь_сказать» արշավները ցույց տվեցին, որ կանայք դուրս են պրծել խավարից, նրանք սկսել են առանց վախի խոսել և հարգանք ու արժանապատվություն պահանջել իրենց նկատմամբ, և շատ տղամարդիկ աջակցում են նրանց այս հարցում։ Կանայք հնարավորություն ունեն արտահայտվելու ձեռներեցության, սոցիալական շարժումների հարցում: Վերջերս Լուկաշենկոն օրենք ընդունեց մակաբույծների դեմ, և մարդիկ դուրս եկան փողոց՝ գեղեցիկ և ուժեղ կանանց գլխավորությամբ, որոնք խոսում էին շատ լավ, իրավիճակը նրանց նետեց առաջին շարքեր: Ի դեպ, Բելառուսում XX դարի սկզբին գործում էին կանանց բարեգործական, կրոնական, մշակութային կազմակերպություններ: Այժմ դա գործնականում մոռացվել է:

Ժամանակին հետաձգեցիք սիրո մասին գրքի աշխատանքը՝ հանուն «Սեքընդ հենդ ժամանակ»-ի։ Իսկ հիմա՞։

Իմ հաջորդ գիրքը լինելու է ծերության մասին: Տարիքի նոր չափման մասին: Այսօր մարդը երկու անգամ ավելի երկար է ապրում, քան հարյուր տարի առաջ: Մարդիկ ծերանում են և հասկանում են, որ կյանքը հիասքանչ է, որ կարող ես ապրել ինքդ քեզ համար: Հորս տեսանկյունից տրամաբանությունը պարզ էր՝ ապրեց, երեխաներ մեծացրեց, և դա բավական է: Այսօր ամեն ինչ այլ է: Ես շատ ուրախ կլինեմ, եթե մարդիկ արձագանքեն և պատրաստ լինեն խոսելու: Գուցե այս գիրքը օգնի՝ հասկանալու ժամանակակից գոյության որոշ կարևոր հարցեր:

 

[1] 2016 թվականին Ռուտա Վանագայտեն գրեց «Մերոնք» («Mūsiškiai») գիրքը, որտեղ ներկայացրեց, թե Հոլոքոսթի ժամանակ 5000 լիտվացիներ գնդակահարել են շուրջ 200.000 լիտվացի հրեաների։ Գիրքը մեծ սկանդալ առաջացրեց։ Արդյունքում Վանգայտեն լքեց Լիտվան և գիրքը հրատարակեց Ռուսաստանում: Նա ասում է, որ լիտվացիները պատրաստ չէին լսել իրենց մասին ճշմարտությանը:

 

 

Ռուսերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

 

  • Created on .
  • Hits: 1332

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: