Կոմիտաս և երկու կաքավների ճախրանքը

Հայ երաժշտական մշակույթի ամենավառ դեմքերից մեկը՝ Կոմիտաս Վարդապետը, իր ստեղծագործությամբ և նվիրված գործունեությամբ դարձավ հայկական ազգային երգարվեստի պահպանողն ու վերածնողը՝ սերունդներին փոխանցելով ժողովրդի հոգևոր հարստությունը։ Նրա շնորհիվ հայ քնարական երգերի մշակումները սերունդներին են հասել որպես ազգային մշակութային ժառանգության անբաժանելի մաս՝ պահպանելով ժողովրդական երգարվեստի ինքնատիպությունն ու գեղարվեստական արժեքը։ Ավելին, Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) իր գրառած և մշակած հայ քնարական երգերի միջոցով մեզ է փոխանցում ոչ միայն երաժշտական հարուստ ժառանգություն, այլև հասարակ ժողովրդի կենցաղի, վարքուբարքի, հոգեբանության, աշխարհընկալման և սովորույթների ամբողջական պատկերը։ Այս առումով նրա գործունեությունը ձեռք է բերում ոչ միայն երաժշտագիտական, այլև ազգագրական և մշակութաբանական նշանակություն։

Կոմիտասի, կամ Վարդապետի, ինչպես նրան անվանում էին ժամանակակիցներն ու սաները, ստեղծագործություններն առանձնանում են մեղեդային հարստությամբ, ներդաշնակությամբ և ազգային երաժշտամտածողության խոր արտահայտությամբ։ Նրա երաժշտական լեզուն, հիմնված լինելով ժողովրդական երգարվեստի ակունքների վրա, միաժամանակ դրսևորում է բարձր գեղարվեստական կատարելություն և ինքնատիպ հեղինակային մտածողություն։ Հենց այս առանձնահատկություններն են պայմանավորում Կոմիտասի ստեղծագործությունների անժամանցելի արժեքը և մշտական ներկայությունը հայ մշակութային կյանքում։

Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են «Կաքավիկ»-ը, «Հով արեք, սարեր ջան»-ը, «Կռունկ»-ը և բազմաթիվ այլ գործեր, որոնք ոչ միայն արտահայտում են արվեստագետի ստեղծագործական աշխարհը, այլև բացահայտում են նրա ազգային մտածողությունը, գեղագիտական հայացքներն ու ժողովրդական երաժշտության հանդեպ ունեցած խոր զգացողությունը։ Այս ստեղծագործությունները մինչ օրս շարունակում են նորովի մեկնաբանվել տարբեր բեմական և երաժշտական ձևաչափերում՝ վկայելով Կոմիտասի արվեստի կենսունակության և արդիականության մասին։

2026 թ. մայիսի 9-ին և 10-ին Ազգային տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Կոմիտաս» ներկայացման պրեմիերան։ Ներկայացման ռեժիսորն է Մարիկա Դովլաթբեկյանը։ Դերերում հանդես են գալիս Մարիամ Ալեքյանը, Շուշաննա Ալիխանյանը, Գևորգ Մարգարյանը և Մուշեղ Բաբայանը (Կոմիտասի դերակատար և բեմանկարիչ)։ Երաժշտական ձևավորողն է Սևադա Համբարչյանը, իսկ տեսապատկերների ձևավորման պատասխանատուն (տեսախցիկի հետ աշխատանք)՝ Նարեկ Սահակյանը։

Ներկայացման հիմքում ընկած է խորհրդային հայ գրող, Վաղարշապատում (ներկայիս Էջմիածին) ծնված Ռաֆայել Արամյանի «Կաքավիկ» ստեղծագործությունը։ Այն լայն հանրությանը ոչ այնքան հայտնի, սակայն բավականին հակիրճ և կենցաղային հարաբերությունների վրա հիմնված գործ է, որը բացահայտում է Կոմիտասին հասարակ մարդկային հարաբերությունների մեջ՝ փորձելով ներկայացնել նրա բնավորության և ներաշխարհի այն կողմերը, որոնք սովորաբար մնում են ստվերում։ «Կաքավիկը» ռեժիսորական ընթերցման շնորհիվ ձեռք է բերում նոր բեմական հնչեղություն և խորհրդանշական շերտեր։

Այս ստեղծագործության հիման վրա՝ «Կոմիտաս» տիկնիկային ներկայացումը հանդիսատեսին ներկայացնում է Վարդապետի կյանքի ոչ այնքան հայտնի դրվագները՝ դրանք վերածելով բեմական ինքնուրույն պատմության։ Բեմադրության նպատակը կենսագրական փաստերի պարզ վերարտադրությունը չէ, այլ Կոմիտասի կերպարի և ներաշխարհի նորովի գեղարվեստական մեկնաբանությունը՝ ժամանակակից բեմական արտահայտչամիջոցների օգնությամբ։ Հավանաբար սա է պատճառը, որ բեմադրության հեղինակները չեն ընտրել Կոմիտասին նվիրված որևէ հայտնի գրական ստեղծագործություն, չեն բեմադրել նրա կյանքի որևէ հայտնի դրվագ և չեն ստեղծել նոր պիես՝ հիմնված Կոմիտասի մասին վավերագրական նյութերի ու կենսագրական փաստերի վրա։ Փոխարենը հիմք են ընդունել Ռաֆայել Արամյանի այս ոչ այնքան հայտնի ստեղծագործությունը, ինչը նրանց տվել է ստեղծագործական ավելի մեծ ազատություն՝ ձևավորելու ինքնուրույն գեղարվեստական աշխարհ, որտեղ կերպարի ներքին ապրումներն ու խորհրդանշական շերտերը դառնում են առաջնային։ Միաժամանակ ներկայացումը նոր շունչ և ճանաչում է հաղորդում նաև Ռաֆայել Արամյանի «Կաքավիկ» ստեղծագործությանը՝ այն նորովի ներկայացնելով հանդիսատեսին և բացահայտելով դրա բեմական ներուժը։

Բեմադրության մեջ օգտագործվում են ձեռնոցային և մատնոցային տիկնիկներ, որոնք հագցվում են անմիջապես մատին՝ հնարավորություն տալով դերասանին դառնալ տիկնիկի անմիջական շարժիչ ուժը։ Այս ձևաչափը ստեղծում է առավել ինտիմ և անմիջական կապ կերպարի ու կատարողի միջև՝ ուժեղացնելով շարժման մանրակրկիտությունն ու արտահայտչականությունը։ Տիկնիկավար-Դերասանները հանդես են գալիս սև հագուստով և փակ դեմքերով, ինչի շնորհիվ հանդիսատեսի ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնանում է տիկնիկների շարժումների և գործողությունների վրա։ Բեմական տարածքը կառուցված է այնպես, որ հիմնականում տեսանելի են դերասանների ձեռքերը, իսկ լուսային ձևավորումը ընդգծում է տիկնիկների պլաստիկան և կերպարային արտահայտչականությունը։ Ներկայացումը կամերային բնույթի է, ինչի շնորհիվ բեմի և հանդիսատեսի միջև ձևավորվում է անմիջական հաղորդակցություն՝ ստեղծելով մտերմիկ մթնոլորտ։ Ներկայացման առանցքային տեսարանները տեսախցիկի միջոցով խոշոր պլանով ցուցադրվում են նաև մեծ էկրանին, ինչը ոչ միայն տեխնիկական, այլև արտահայտչական լուծում է՝ խորացնելով տեսարանների հուզական ազդեցությունը։

Ներկայացումը սկսվում է Կոմիտասի տիկնիկի մուտքով։ Կոմիտասը մոտենում է տանը, բացում դուռը և մտնում ներս։ Այս բոլոր գործողություններն ուղեկցվում են համապատասխան ձայնային էֆեկտներով՝ ոտնաձայներով, դռան բացվելու և փակվելու ճռռոցով, բակի շան հաչոցով և այլ կենցաղային հնչյուններով։ Հետաքրքրական է, որ ներկայացման ընթացքում ձայնագրություններ չեն օգտագործվում։ Բոլոր ձայնային էֆեկտները կենդանի կատարմամբ ստեղծում են Գևորգ Մարգարյանը և Շուշաննա Ալիխանյանը, որոնք տեղակայված են բեմի աջ հատվածում՝ շիրմաներից դուրս և ամբողջ ընթացքում տեսանելի են հանդիսատեսին։ Այս ռեժիսորական լուծումը չի թաքցնում ձայնի ստեղծման գործընթացը, այլ, հակառակը, այն դարձնում է բեմական գործողության անբաժանելի մասը։ Ուշադիր հետևելով՝ հանդիսատեսը կարող է տեսնել, թե ինչպես են ստեղծվում դռան ճռռոցի, հոսող ջրի և այլ ձայնային էֆեկտները։ Ներկայացման որոշ տեսարաններում Գևորգ Մարգարյանը և Շուշաննա Ալիխանյանը հանդես են գալիս նաև որպես տիկնիկավարներ՝ համադրելով միաժամանակ մի քանի բեմական գործառույթներ (օրինակ՝ աբեղայի կերպարը, որին,՝ շիրմայի ետևը անցնըլով,  մարմնավորում է Գևորգ Մարգարյանը՝ հանդես գալով որպես տիկնիկավար)։

Ողջունելի է, որ ներկայացման մեջ բոլոր ձայնային էֆեկտներն իրականացվում են կենդանի հնչողությամբ։ Կենդանի կատարմամբ են ներկայացվում Կոմիտասի երգերը, երաժշտական նվագակցությունը, ինչպես նաև առանձին տեսարաններում հնչող խմբային կատարումներն ու հիմնական կատարողներին ուղեկցող ձայնակցությունները։ Այս լուծումը ներկայացմանը հաղորդում է բնականություն և բեմական անմիջականություն՝ երաժշտությունը դարձնելով գործողության անբաժանելի բաղադրիչ։

Հաջորդ տեսարանը պատմում է մի սիրահար զույգի մասին, որը խոտի դեզի մեջ զվարթ ծիծաղում և կատակում է։ Կոմիտասն ականատես է դառնում այդ անմիջական ու կենսախինդ տեսարանին, ոգեշնչվում և դրա ազդեցությամբ ստեղծում «Սոնա յար» երգը։ Երգը հնչում է Սևադա Համբարչյանի կենդանի կատարմամբ։ Վոկալիստի արտահայտիչ և զգացմունքային կատարումը տեսարանին հաղորդում է յուրահատուկ հուզական լիցք՝ ստեղծելով բեմական մթնոլորտի ամբողջականություն և դահլիճում առաջացնելով յուրօրինակ հուզական արձագանք։

Սիրահարների տեսարանին հաջորդում է Կոմիտասի (ներկայացման մեջ՝ Սողոմոնի) ստեղծագործելու ընթացքը։ Վարդապետը, փակված իր փայտե տնակում, սղագրում և կատարելագործում է «Սոնա յար» ստեղծագործությունը։ Այդ պահին դռանն է մոտենում կնոջ զավեշտալի-զվարճալի կերպարը՝ ձեռքին վանդակի մեջ փակված երկու կաքավ։ Մի քանի անգամ դուռը թակելուց հետո Վարդապետը նկատում է նրան և ներս հրավիրում։ Կնոջը մարմնավորող տիկնիկը, թեև փոքր չափերի է, ունի ընդգծված գրոտեսկային լուծում՝ գիրուկ և անհամաչափ մարմնակազմությամբ, ինչը կերպարին հաղորդում է առանձնահատուկ արտահայտչականություն։ Կինը Վարդապետին որպես նվեր է հանձնում իր բերած երկու կաքավներին։

Հետաքրքրական է, որ Ռաֆայել Արամյանի «Կաքավիկ» գրական ստեղծագործության մեջ կաքավները Վարդապետին նվիրող կերպարը կին չէ, այլ նրա սանի հայրն է, որը որոշում է որդու ուսուցչին կաքավներ նվիրել և բազմիցս զգուշացնում է պատուհանը բաց չթողնել վանդակը բացելիս, որպեսզի թռչունները չփախչեն։ Ներկայացման մեջ կատարված այս փոփոխությունը լիովին արդարացված է։ Ռեժիսորն ու բեմանկարիչը գրոտեսկային կնոջ կերպարի միջոցով տեսարանին հաղորդել են կենդանություն, հումոր և արտահայտչականություն՝ միաժամանակ հարստացնելով կերպարային համակարգը։ Տպավորիչ են նաև ներկայացման պայմանական բեմական լուծումները, որոնք դուրս են առօրյա տրամաբանության սահմաններից։ Դրա վառ օրինակն է այն տեսարանը, երբ զվարճալի տիկինը, հիանալով Վարդապետի «Սոնա յար» ստեղծագործությամբ, ասես կտրվում է երկրային ձգողականությունից և օդ բարձրանում։ Այս բեմական հնարքը ոչ միայն ընդգծում է կերպարի հուզական վիճակը, այլև ներդաշնակորեն համահունչ է ներկայացման պայմանական գեղարվեստական լեզվին։

Ներկայացման հաջորդ գրոտեսկային կերպար-տիկնիկը ժամհարն է։ «Կոմիտաս» ներկայացման մեջ նա վերածվել է ինքնատիպ և հիշվող կերպարի։ Երկար ոտքերն ու ձեռքերը, կորացած կեցվածքը, փոքր-ինչ միամիտ ու ծիծաղաշարժ վարքագիծը կերպարին հաղորդում են ընդգծված գրոտեսկային բնույթ՝ ամբողջացնելով ներկայացման ոճական լուծումը։ Ի տարբերություն բեմադրության՝ Ռաֆայել Արամյանի ստեղծագործության մեջ ժամհարիի կերպարն այդքան ընդգծված չէ։ Նա ներկայացված է որպես միաշերտ հերոս, որի հիմնական զբաղմունքը ժամին զանգեր հնչեցնելն ու նարդի խաղալու մասին մտածելն է։

Նարդի խաղալու դրվագը պահպանվել է նաև ներկայացման մեջ։ Այս տեսարանում հատկապես ակնառու է դառնում տիկնիկավար-դերասանների վարպետությունը, շարժումների ճշգրտությունն ու փոխհամաձայնեցված աշխատանքը, որոնք նպաստում են տեսարանի բնական և ամբողջական ընկալմանը։

Ինչպես ներկայացման, այնպես էլ գրական ստեղծագործության ընթացքում շրջապատողները շարունակ հիշեցնում են «կաքավով փլավի» մասին, երբ տեղեկանում են, որ Վարդապետը կաքավներ է նվեր ստացել։ Կրկնվող այս մոտիվը ոչ միայն հումորային երանգ է հաղորդում գործողությանը, այլև նախապատրաստում է ներկայացման հանգուցալուծումը։

Կաքավով փլավի մասին անընդհատ հնչող հարցերից հոգնած՝ Սողոմոնը վերջապես որոշում է կատարել շրջապատողների ցանկությունը։ Նա դանակը ձեռքին մոտենում է վանդակին։ Լսվում են անհանգիստ թռչունների ձայներն ու վանդակի ճաղերին զարկվող թևերի թփրտոցը, որոնք տեսարանին հաղորդում են ներքին լարվածություն։ Ռեժիսորական հետաքրքիր լուծմամբ այդ պահը խոշոր պլանով ցուցադրվում է նաև մեծ էկրանին՝ հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնելով գործողության ամենակարևոր պահին։ Վարդապետը բարձրացնում է դանակը և... փոխանակ կաքավներին մորթելու՝ բացում է վանդակը՝ ազատ արձակելով թռչուններին։ Այս տեսարանը ներկայացման ամենաազդեցիկ դրվագներից է, որտեղ պարզ, բայց արտահայտիչ բեմական միջոցներով բացահայտվում է Կոմիտասի մարդասիրական աշխարհընկալումը, նրա նուրբ հոգևոր կերպարն ու կյանքի նկատմամբ ունեցած խոր կարեկցանքը։

«Կոմիտասը» ներկայացման ամենատպավորիչ և խորհրդանշական տեսարաններից մեկը Վարդապետի ճախրանքն է ազատ արձակված կաքավների հետ։ Այս բեմական պատկերը վերածվում է ոչ միայն գեղագիտական ազդեցիկ լուծման, այլև բազմաշերտ խորհրդանիշի՝ մարմնավորելով Կոմիտասի ձգտումը դեպի հոգևոր ազատություն և երկրային կապանքներից վեր գտնվելու ցանկությունը։ Ռեժիսորական այս լուծումը կերպարի ներաշխարհը բացահայտում է ոչ թե բառերի, այլ բեմական գործողության և տեսողական պատկերների միջոցով։

Այդ պոետիկ տեսարանի ընթացքում հնչում է «Քելե Քելե» երգը՝ Սևադա Համբարչյանի կենդանի և անզուգական կատարմամբ։ Հատկանշական է, որ ամբողջ ներկայացման ընթացքում նա հանգիստ նստած է բեմի ձախ հատվածում՝ ձայնային էֆեկտներ ստեղծող դերասանների նման, շիրմայից դուրս, հանդիսատեսի համար ամբողջովին տեսանելի։ Նրա ներկայությունը, ինչպես ներկայացման ձայնային ձևավորումն ապահովող դերասաններինը, չի թաքցվում, այլ գիտակցաբար ներառվում է բեմական գործողության մեջ՝ դառնալով ներկայացման պայմանականության կարևոր բաղադրիչներից մեկը։ Նրա առջև դրված է ստեղնաշարային գործիք, որով նա առանձին տեսարաններում նվագակցում է ինչպես սեփական կատարմանը, այնպես էլ բեմական գործողությանը։ Որոշ հատվածներում նա հնչեցնում է նաև ժողովրդական բլուլի մեղեդիները՝ նվագելով բլուլի վրա։ Կարևոր է նշել, որ Սևադա Համբարչյանը բլուլ նվագել սովորել է հատուկ այս ներկայացման համար, ինչը խոսում է նրա մասնագիտական պատասխանատվության և բեմադրության գաղափարին ամբողջական նվիրումով ծառայելու մասին։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև Սևադա Համբարչյանի վոկալային կատարումները։ Նրա ձայնը բացառիկ ներդաշնակությամբ է համադրվում ժողովրդական երգարվեստի և հատկապես Կոմիտասի ստեղծագործությունների հետ։ Նա երգում է բացառիկ հանգստությամբ, մեղմ ու բնական դեմքի արտահայտությամբ՝ առանց տեսանելի լարվածության կամ արտաքին ցուցադրականության։ Երբեմն նույնիսկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես ձայնը պարզապես հոսում է իրենից՝ առանց կոկորդի կամ շուրթերի նկատելի աշխատանքի։ Այդ ազատությունն ու բնականությունը նրա կատարմանը հաղորդում են առանձնահատուկ ազնվություն, զգայական խորություն և հուզական ուժ՝ հանդիսատեսին ամբողջությամբ ներքաշելով բեմում ստեղծված հոգևոր մթնոլորտի մեջ։

Տեսարանի գեղարվեստական ամբողջականությունն ապահովում են նաև բեմանկարչական լուծումները։ Պարանին փռված, քամուց ծածանվող ճերմակ լվացքը, որի վրայով Կոմիտասը ճախրում է, ապա կրկին վերադառնում, ստեղծում է իրականի և երազայինի սահմանագծին գտնվող բեմական տարածություն։ Այս տեսապատկերը դառնում է ոչ միայն գեղագիտական գեղեցիկ լուծում, այլև կերպարի ներքին վիճակի արտահայտություն։ Քամու իմիտացիան, ինչպես նաև հողեղեն մարդկանց բազմությունը խորհրդանշող գլուխները, որոնք անընդհատ հետևում են Սողոմոնին, մարմնավորում են այն աշխարհը, որից նա ձգտում է ազատվել։ Այդ հայացքներից, առօրյա հոգսերից ու մարդկային աղմուկից նա կարծես բարձրանում է դեպի մի այլ՝ հոգևոր տարածք, որտեղ մնում են միայն ինքը և Աստված։

Դրամատիկական լարվածությունն այստեղ ավելի է ուժեղացնում Գևորգ Մարգարյանի երգեցիկ ձայնը, որը հետ է կանչում Կոմիտասին՝ «Սողոմոոո՜ն, հե՜տ արիիի՜», «բաաա՜ն էէէ՜, պատահուուու՜մ էէէ՜» խոսքերով։ Նրա ձայնը հնչում է որպես երկրային աշխարհի կանչ՝ փորձելով վերադարձնել Սողոմոնին իրականություն։ Սակայն նա շարունակում է ճախրել ազատ արձակված կաքավների ուղեկցությամբ և նույնիսկ նրանցից էլ վեր՝ վերից նայելով մարդկանց, նրանց վարքուբարքին և երկրային անցուդարձին։ Այդ ճախրանքը վերածվում է ոչ միայն բեմական գործողության, այլև կերպարի ներաշխարհի խորհրդանշական արտահայտության՝ բացահայտելով Կոմիտասի ոգեղեն էությունը, հոգևոր ազատությունը և երկրային սահմաններից վեր գտնվող աշխարհընկալումը։ Այս տեսարանը ներկայացման ամենաուժեղ ռեժիսորական լուծումներից մեկն է, որտեղ երաժշտությունը, տիկնիկային արվեստը, բեմանկարչությունը և դերասանական կատարումը միավորվում են մեկ ամբողջական գեղարվեստական պատկերում՝ ստեղծելով ներկայացման ամենահիշվող և ամենահուզիչ դրվագներից մեկը։

Կոմիտասի և նրա նուրբ ներաշխարհն այսքան զգայուն, գեղարվեստական խորությամբ ներկայացնելը, առավել ևս՝ հրաժարվելով նրա մասին ձևավորված ավանդական պատկերացումներից և առաջարկելով կերպարի նոր, ինքնատիպ ու համոզիչ բեմական ընթերցում, վկայում է բեմադրիչի, բեմանկարչի և ամբողջ ստեղծագործական խմբի նուրբ գեղարվեստական մտածողության, բարձր ճաշակի և ստեղծագործական հասունության մասին։ Նրանց առաջարկած մեկնաբանությունը հնարավորություն է տալիս Կոմիտասին տեսնել ոչ միայն որպես ազգային մեծ երաժիշտ և հոգևորական, այլև որպես խորը ներաշխարհով, զգայուն և մարդկային կերպար, ինչն էլ ներկայացման գլխավոր գեղարվեստական ձեռքբերումներից մեկն է։

Ներկայացումն ավարտվում է լուսավոր, կենսահաստատ նոտայով։ Վերջնամասում դերասանական ամբողջ կազմը միասին կատարում է «Կաքավիկ» երգը՝ հանդիսատեսին փոխանցելով ազատության, հույսի և կյանքի շարունակականության գաղափարը։ Այս եզրափակիչ տեսարանը, միավորելով ներկայացման երաժշտական և գաղափարական առանցքները, դառնում է ամբողջ բեմադրության բնական ավարտը։ Դահլիճի մթնոլորտը նկատելիորեն փոխվում է․ բուռն և երկարատև ծափահարությունները վկայում են, որ ներկայացումն իր գեղարվեստական ամբողջականությամբ, խորհրդանշական պատկերային համակարգով և հուզական ներգործությամբ հասել է իր նպատակին՝ հանդիսատեսի մեջ թողնելով խոր և երկարատև տպավորություն։

Հարկ է առանձնակի անդրադառնալ ներկայացման ռեժիսոր Մարիկա Դովլաթբեկյանի ստեղծագործական մտահղացմանը։ Ռաֆայել Արամյանի «Կաքավիկ» պատմվածքը Կոմիտասի ներաշխարհը բացահայտում է առօրյա, առաջին հայացքից աննշան թվացող դրվագների միջոցով՝ երկու կաքավների պատմության շուրջ։ Այդ գրական նյութը տիկնիկային բեմադրության վերածելը, առավել ևս՝ սյուժետային գծի այնպիսի ռեժիսորական զարգացումները, որոնք բացակայում են բնագրում, ոչ միայն չեն խաթարում հեղինակի գաղափարը, այլև ավելի ամբողջական ու խորն են դարձնում այն՝ հանդիսատեսին հնարավորություն տալով նոր դիտանկյունից բացահայտելու Կոմիտասի մարդկային ու հոգևոր կերպարը։

Առանձնակի ուշադրության է արժանի նաև ներկայացման խոսքային լուծումը։ Կերպարների բեմական առանձնահատկությունները բացահայտվում են ոչ միայն տիկնիկների արտաքին տեսքի, շարժուձևի և տիկնիկավարների բարձրակարգ պլաստիկայի, այլև ձայնային արտահայտչամիջոցների շնորհիվ։ Յուրաքանչյուր կերպար ունի իրեն բնորոշ խոսելաձևը, ինտոնացիան և ձայնային առանձնահատկությունը, ինչը վկայում է դերասանների կատարողական բարձր վարպետության մասին։ Տիկնիկավար-դերասանները զգում և ճշգրտորեն փոխանցում են իրենց կերպարների բեմական որակները՝ փոքրիկ տիկնիկներին հաղորդելով կենդանի և արտահայտիչ բեմական տիպաժ։

Հատկապես տպավորիչ է Մուշեղ Բաբայանի մարմնավորած, Գևորգ Մարգարյանի հնչունավորած ժամապահի կերպարը՝ իր բարբառային խոսքով, ձայնային հարուստ արտահայտչամիջոցներով, ինչպես նաև տարատեսակ առարկաների և երաժշտական գործիքների միջոցով ստեղծվող միջավայրային հնչյուններով։ Այս կերպարում Գևորգ Մարգարյանը իրականացնում է միայն ձայնային հնչյունավորում (sound design)՝ ձևավորելով կերպարի հնչյունային շերտը, մինչդեռ նրա բեմական խաղարկումն ու տիկնիկի շարժումը կատարում է Մուշեղ Բաբայանը՝ ապահովելով կերպարի ամբողջական բեմական ներկայությունը։

Ոչ պակաս հաջողված է նաև կին կերպարը, որի խաղարկումն իրականացվում է Մարիամ Ալեքյանի և Շուշաննա Ալիխանյանի կողմից՝ տիկնիկավարական(pupeteering) աշխատանքով, իսկ ձայնային հնչյունավորումն ամբողջությամբ իրականացնում է Գևորգ Մարգարյանը։ Կերպարի աշխույժ, կիսատ-պռատ, երբեմն նույնիսկ դիտավորյալ անհասկանալի խոսքը ստեղծում է հումորային և գրոտեսկային բեմական տիպաժ, որն անմիջապես արձագանք է գտնում հանդիսատեսի շրջանում։

Ներկայացման մեջ խոսքային տարրերի սակավությունը լիովին արդարացված է։ Ակնհայտ է, որ ռեժիսորն ու բեմանկարիչը գիտակցաբար շեշտը դրել են ոչ թե բառի, այլ տեսողական պատկերի, շարժման և մթնոլորտի միջոցով ասելիքը փոխանցելու վրա։ Գտնված է խոսքի մատուցման հետաքրքիր և ինքնատիպ լեզու, որտեղ առաջնայինը ոչ թե պատմելն է, այլ զգացնելը։ Շեշտը դրվում է ոչ թե բառերի, այլ զգացողությունների փոխանցման վրա։ Հերոսների խոսքը հաճախ կցկտուր է, երբեմն նույնիսկ դժվար ըմբռնելի, սակայն այն լիովին համապատասխանում է նրանց արտաքին կերպարին, բեմական գոյությանը և խաղային բնույթին։

Բեմանկարիչ Մուշեղ Բաբայանի աշխատանքը կարելի է համարել ներկայացման ամենաուժեղ կողմերից մեկը։ Տիկնիկների կերպարային բազմազանությունը, նրանց արտահայտչականությունը, գունային լուծումները և բեմանկարչական ամբողջ միջավայրը ձևավորում են ներկայացման ինքնատիպ գեղարվեստական աշխարհը։ Բեմադրիչի և բեմանկարչի ներդաշնակ համագործակցության արդյունքում ստեղծվել է ներկայացման ճանաչելի և ամբողջական ձեռագիրը։ Հատկապես տպավորիչ է, թե ինչպես են փոքրիկ մատնոցային տիկնիկները տիկնիկավարների ձեռքերում վերածվում կենդանի, գրոտեսկային, վառ բեմական տիպաժների՝ ստանալով արտահայտիչ շարժում և բեմական կյանք։ Այդ բարդ ստեղծագործական խնդիրը լուծված է բարձր մասնագիտական մակարդակով։

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Մուշեղ Բաբայանը, բեմանկարիչ լինելուց զատ, որպես տիկնիկավար-դերասան հանդես է գալիս ներկայացման մեջ՝ մարմնավորելով Կոմիտասի և ժամհարի կերպարները։ Այս հանգամանքը, թերևս, նպաստել է, որ ստեղծված տիկնիկները լինեն առավել օրգանական, շարժուն և դերասանի բեմական մտածողության հետ ներդաշնակ։

Ակնհայտ է, որ ներկայացման ստեղծագործական ամբողջ կազմը մեծ պատասխանատվությամբ և մանրակրկիտ մոտեցմամբ է իրականացրել իր աշխատանքը։ Բեմանկարչական լուծումների, կերպարային տիկնիկների, երաժշտության, ձայնային միջավայրի և խոսքային արտահայտչամիջոցների համադրմամբ փոքրիկ մատնոցային տիկնիկներով ներկայացվում է մեծ հայի պատմությունը՝ հիմնված պատմական իրականության, գրական ստեղծագործության և ազգային հիշողության վրա։ Հանդիսատեսը դառնում է ոչ միայն Կոմիտասի առօրյայի և ստեղծագործական ներշնչումների ականատեսը, այլև բացահայտում է նրան մարդկային հարաբերությունների մեջ՝ միաժամանակ տեսնելով նրա վեհ ու մաքուր ներաշխարհը։

Ընդհանուր առմամբ, «Կոմիտասը» վերնագիրը հանդիսատեսի մոտ բնականաբար ձևավորում է մեծ սպասումներ՝ պայմանավորված Կոմիտասի անձի, ստեղծագործական ժառանգության և հոգևոր աշխարհի մասշտաբայնությամբ։ Այդ սպասումներն ամբողջովին հիմնավորված են, քանի որ Կոմիտասը հայ երաժշտական մշակույթի ամենանշանավոր դեմքերից է, որի արվեստը շարունակում է մնալ ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը։

Սակայն ներկայացման ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ այն չի սահմանափակվում Կոմիտասին որպես հանճարեղ երաժիշտ ներկայացնելով։ Բեմադրությունը բացահայտում է նաև Սողոմոն մարդուն՝ իր առօրյայով, սովորություններով և մարդկային պարզ ուրախություններով։ Նա սիրում է նարդի խաղալ, հետևել գյուղական կյանքի անցուդարձին, զրուցել հարևանների հետ, հիանալ բնությամբ ու հոգ տանել կենդանիների մասին։ Այս ամենը հանդիսատեսին հնարավորություն է տալիս տեսնելու ոչ թե կոթողի վերածված Կոմիտասին, այլ կենդանի, զգայուն, անսահման բարի և ջինջ հոգու տեր մի մարդու, որի համար մարդկային դաժանությունն ու բռնությունն անըմբռնելի էին։ Հենց այս մարդակենտրոն մոտեցումն էլ ներկայացման գլխավոր արժեքներից մեկն է՝ Կոմիտասին մոտեցնելով հանդիսատեսին և դարձնելով նրան առավել հասկանալի ու հարազատ։

Ներկայացումը համադրում է տիկնիկային արվեստի նրբությունը, երաժշտական կենդանի շունչը և Կոմիտասի կերպարի նոր, մարդկային ընթերցումը՝ թողնելով խորապես տպավորիչ ու երկարատև զգացողություն։

Հայրապետ Հակոբյան

487
Մայիս 31, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: