Լուռ մռլնգոցի փիլիսոփայությունը․ գոյաբանական դրամա բեմում

Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» վիպակի հիման վրա ստեղծված մոնոներկայացումը, որի բեմադրության հեղինակն ու դերակատարը Նարինե Գրիգորյանն է, հանդիսատեսին ներկայացնում է ոչ միայն գրական նյութի բեմական վերարտադրություն, այլև խորապես զգայական և փիլիսոփայական փորձառություն։ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության առանցքային գաղափարները՝ մարդու և բնության կապը, գոյության ողբերգականությունն ու լռության լեզուն, ներկայացման մեջ ստանում են նոր՝ կենդանի շնչառություն։ Բեմադրությունն առաջին անգամ դիտել ենք Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնում, որտեղ ներկայացման համար ստեղծված բնական միջավայրը դահլիճային փակ թատերական տարածքը վերածում էր կենդանի բնաշխարհի։

Ներկայացման սկզբնական լուծումը՝ հանդիսատեսին ներգրավել բնական միջավայրի մեջ, լիովին համահունչ է վիպակի գեղարվեստական աշխարհին։ Վիպակի առաջին իսկ տողերից ձևավորվում է բնության ներդաշնակ, միևնույն ժամանակ լարված աշխարհը․ «սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար... Ամպի տակ հրճվում էր արտուտիկը...»։ Այս պատկերն արդեն իսկ նախանշում է երկակիություն՝ արտաքին գեղեցկություն և ներքին անհանգստություն, որը ներկայացման մեջ ուժեղանում է կենդանի միջավայրի միջոցով։ Թեև այն ներկայացվում է դահլիճում, այնուամենայնիվ պահպանում է բնության ամբողջական շունչը՝ ձայներով, լույսով, տարածական լուծումներով, որոնք հանդիսատեսին տեղափոխում են այլ իրականություն։

Բեմադրության կարևոր առանձնահատկություններից է դերասանուհու անմիջական կապը հանդիսատեսի հետ։ Նարինե Գրիգորյանը ոչ միայն մարմնավորում է կերպարը, այլև երբեմն դուրս է գալիս իր ներքին միջավայրից և հայտնվում հանդիսատեսի առջև՝ ասես ուղղակի խոսելով նրա հետ, բացելով իր ներսի աշխարհը։ Այս լուծումը քանդում է ավանդական «բեմ–դահլիճ» սահմանը և հանդիսատեսին դարձնում ներկայացման անմիջական մասնակից։ Գոմեշի ներքին մենությունը այդպիսով դառնում է կիսված փորձառություն, իսկ նրա մռլնգոցը՝ հասցեագրված ոչ թե դատարկ տարածությանը, այլ կենդանի մարդկանց։

Gomesh 4

Վիպակի առանցքային կերպարը՝ գոմեշը, Մաթևոսյանի մոտ հանդես է գալիս որպես լուռ, բայց խորապես զգացող էակ։ Նրա ապրումները փոխանցվում են ոչ թե ուղիղ խոսքի, այլ զգայական նկարագրությունների միջոցով․ «աշխարհը խլանում ու հանգչում էր նրա ականջներում»։ Ներկայացման մեջ այս ներքին վիճակները մարմնավորվում են Նարինե Գրիգորյանի, չափազանցություն չի լինի ասել, հզոր, զգացմունքային խաղով, որտեղ ֆիզիկական բուռն արտահայտչամիջոցները դառնում են հիմնական լեզու։ Դերասանուհին ոչ թե պատկերում է պարզապես գոմեշին, այլ ընկղմվում նրա միայնակ գոյության գաղտնի շերտերում՝ իր մարմնի ծանրությամբ, շարժումների դանդաղությամբ, ձայնի խզումներով փոխանցելով կերպարի ամբողջ ողբերգությունը։

Գոմեշի կերպարի զարգացումը վիպակում կապված է որոնման մոտիվի հետ՝ բնազդային ձգտում դեպի իր նմանը, դեպի ամբողջականություն։ Այդ փնտրտուքը, սակայն, մշտապես բախվում է իրականության խեղաթյուրմանը։ Երբ նա վերադառնում է իր միջավայր, զգում է օտարացում՝ «բայց նախրի մեջ չկար մի ուրիշ գոմեշ» ։ Ներկայացման մեջ այս դրվագը վերածվում է գոյաբանական մենության հզոր շերտի․ հանդիսատեսը տեսնում է ոչ միայն կենդանու մենությունը, այլ մարդու՝ իր արմատներից կտրված վիճակը։ Այս զգացողությունը հատկապես ուժեղանում է այն պահերին, երբ դերասանուհին դիմում է հանդիսատեսին՝ կարծես փնտրելով «իր նմանին» հենց նրանց մեջ։

Վիպակի կարևորագույն շերտերից է նաև մարդու և բնության հակադրությունը, որը հատկապես ուժեղ է քաղաքակրթության ներխուժման տեսարաններում։ Բնության ներդաշնակ աշխարհը աստիճանաբար փոխարինվում է արհեստական միջավայրով, որտեղ «երկաթին երկաթ զոդեց, ասֆալտին տաք ասֆալտ փռեց...»։ Ներկայացման մեջ, թեև դեկորացիաները կառուցված են պայմանականորեն, այդ հակադրությունը զգացվում է դերասանուհու խաղի ռիթմի փոփոխությամբ՝ շարժումների կտրուկությամբ, լարվածությամբ, շնչառության ծանրացմամբ։ Բնության ազատ հոսքը վերածվում է ճնշող, մեխանիկական գոյության։

Հատկապես խորն է գոմեշի՝ ջրի որոնման դրվագը, որտեղ նա բախվում է անբնական արգելքին՝ «ջուրը կար ու չկար»։ Սա դառնում է գոյության աբսուրդի խորհրդանիշ․ այն, ինչ պետք է լինի բնական և հասանելի, վերածվում է անհասանելիի։ Ներկայացման մեջ այս հատվածը ձեռք է բերում հոգեբանական լարվածություն․ դերասանուհու շարժումները դառնում են կտրուկ, գրեթե ցավոտ, իսկ ձայնը՝ խզված, ինչն ընդգծում է ներքին պայքարը։

Նարինե Գրիգորյանի դերակատարումը առանձնանում է նրանով, որ նա կարողանում է միաժամանակ պահպանել կերպարի կենդանական բնույթը և բացահայտել նրա խորապես մարդկային էությունը։ Նրա խաղում չկա արտաքին էֆեկտների վրա հիմնված արտահայտչականություն․ ամեն ինչ կառուցված է ներքին լարվածության, մանր շարժումների և հուզական ճշգրտության վրա։ Գոմեշի մռլնգոցը, շարժման դանդաղությունը, մարմնի ծանրությունը դառնում են արտահայտչական հիմնական միջոցներ, որոնք փոխարինում են բառերին և ստեղծում անմիջական հուզական կապ հանդիսատեսի հետ։

Ներկայացման ֆինալային հատվածներում գոմեշի ճանապարհը վերածվում է գոյաբանական ճամփորդության, որտեղ նա կորցնում է իր տեղը աշխարհում։ Վիպակի վերջում նրա մռլնգոցը ուղղված է անհայտությանը՝ «մռլնգաց դեպի անհայտություն», ինչը ներկայացման մեջ ստանում է առավել խոր հուզական հնչեղություն։ Այս պահը դառնում է ոչ միայն կերպարի, այլև ընդհանրացված մարդկային վիճակի արտահայտություն՝ որոնում, կորուստ, և անորոշություն։

Այսպիսով, բեմադրությունը չի սահմանափակվում վիպակի վերապատմամբ․ այն վերածվում է ինքնուրույն արվեստի գործի, որտեղ գրականությունը, դերասանական արվեստը և բեմական միջավայրը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։ Դահլիճում ստեղծված բնական միջավայրը, դերասանուհու անմիջական կապը հանդիսատեսի հետ և խորապես զգայական դերակատարումը ձևավորում են ներկայացում, որը երկար ժամանակ շարունակում է ապրել դիտողի ներաշխարհում։ Այն հանդիսատեսին թողնում է ոչ թե պատրաստի պատասխաններ, այլ մի անորոշ լռություն՝ գոմեշի մռլնգոցի նման, որը վերածվում է մարդու ներքին ձայնի։

Հասմիկ Ավետիսյան

257
Մայիս 14, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: