Անի Հայկազուն Գրիգորյան

Ռուդոլֆ Խաչատրյան արվեստագետը

ani grigoryan   Քսաներորդ դարի երկրորդ կեսին հայ մշակութային ասպարեզ մտավ ևս մի` ստեղծագործական վառ անհատականություն ունեցող արվեստագետ` Ռուդոլֆ Խաչատրյանը: Բնությունը շռայլ էր գտնվել նրա հանդեպ` օժտելով արվեստագետին բնորոշ շնորհներով, գեղեցիկը ընկալելու և վերարտադրելու բնատուր ընդունակություններով:

    «Նրա համակրանքը Վերածննդի դարաշրջանի գեղանկարչության, հայկական ճարտարապետության և ֆրեսկայի, քանդակագործության հանդեպ խիստ բնականորեն ներդաշնակում է այսօրվա «փաստագրության» և ժամանակակից նկարչության սկզբունքների հետ»,- այսպես է բնութագրում Ռուդոլֆ Խաչատրյանին նկարիչ Թարի Սալախովը:

   Ռուդոլֆ Խաչատրյանը (1937-2007) դեռևս 18 տարեկանից մասնակցել է հանրապետական ցուցահանդեսների: Ցուցադրվել է Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում, Մոսկվայում և այլուր:

    Գեղանկարչության, գրաֆիկայի և մասամբ քանդակագործության դասերը Ռ.Խաչատրյանը ստացել է մեծանուն նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի մոտ, այնուհետև այն ծավալել և խորացրել է Ռուսաստանում (Մոսկվա), ապա Անգլիայում (Լոնդոն):

    Վերածննդի՝ մասնավորապես Լեոնարդո դա Վինչիի հանդեպ պատկառանքը լրացվել է  կուբիզմի, սյուրռեալիզմի նկատմամբ հակումով, այնուհետև անցում է կատարել դեպի «բաց ֆորմաները»: Իր աշխատանքներում նկատելի են Ռաֆայելի, Դյուրերի, Ջորջոնեի ստեղծագործությունների և նույնիսկ Դոնաթելլոյի ազդեցությունը:

    Ռուդոլֆ Խաչատրյանը աշխատել է սև կամ միատոն դեղնակարմրավուն մատիտներով, բաց շագանակագույն հեղուկ թանաքով (սեպիա), կարմրավուն կավճամատիտով (սանգինա), գործածում է գրիչն ու վրձինը, ստվարաթուղթը, ինչպես նաև սպիտակ կամ երանգավոր խավաքարտը, աշխատել է կավճե հատուկ գրունտով (լևկաս) պատված տախտակի վրա:

    Ռուդոլֆ Խաչատրյանն իր առաջին բրոնզե մեդալը ստացել է 1959թ. («Ուսանողուհու դիմանկարը») Վիեննայում կայացած երիտասարդական և ուսանողական համաշխարհային 7-րդ փառատոնի ժամանակ, երկրորդ մրցանակը՝ ՀՍՍՀ մշակույթի նախարարության առաջին մրցանակը 1970թ. Կոմիտասի 100-ամյակին նվիրված «Կոմիտաս» աշխատանքի համար:

    Ռուդոլֆ Խաչատրյանը 1971թ-ից ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում, վախճանվել է Գերմանիայում 2007 թվականին:

    Բազմաթիվ գրքեր, հոդվածներ, ֆիլմեր են նվիրվել  տաղանդավոր նկարչի ինքնատիպ արվեստին:

    Խաչտարյանական պարզ ու հստակ գծաընկալումը, մարդկային բնավորությունների խորունկ պատկերավորությունը, ծավալատարածական հորինվածքների իրեն հատուկ ձևագոյացումները հուզել և դեռ հուզելու են շատերին:

    Հետաքրքիր է հետևել մասնագիտական գրականությունում արվեստագետների և արվեստաբանների վերլուծականներին, որոնք յուրովի են ներկայացնում Ռուդոլֆ Խաչատրյան մարդուն և արվեստագետին:

    Նրա գործունեության մասին են գրել, հիշատակել ինչպես արվեստաբաններ, այնպես էլ արվեստագետներ, նույնիսկ փիլիսոփաներ, ինչպիսիք են Մուսեյ Կագանը, Հենրիկ Իգիթյանը, Լ.Աբրահամյանը, Թարի Սալախովը և ուրիշներ:

    Տեսաբաններից շատերը հատկապես ընդգծել և բարձր են գնահատել.

    ա. Նրա գծաընկալումը, գծի միջոցով առարկայի վերարտադրումը, դասական նկարչությանը բնորոշ մոտեցումներով: Նրան բնութագրում և որակում են որպես գծի վարպետ, գծի երգիչ: Նկարիչ Թարի Սալախովն ու Միխայիլ Լազերևն իրենց` «Ռուդոլֆ Խաչատրյան. գծանկար» աշխատության մեջ, նկարչին բնութագրում են որպես գծի բանաստեղծ:

Վտարանդին 1981թ.

 Վտարանդին 1981թ.

    բ. Ռ.Խաչատրյանը որպես դիմանկարի ժանրի լավագույն գիտակ:

 Կնոջ դիմանկարը   1973թ.

 Կնոջ դիմանկարը   1973թ. 

    գ. Ռ.Խաչատրյանը որպես Երվանդ Քոչարի «ծավալային նկարչություն» տեսակի շարունակող, որպես կերպարվեստում և քանդակագործության մեջ ծավալային աշխարհընկալման ինքնատիպ մոտեցումեր ունեցող արվեստագետ:

 

   բազմաչափ օբյեկտ

  դ. Ռ.Խաչատրյանը որպես գեղեցիկը պատկերող արվեստագետ:

 

 Պատուհանի առաջ   1982թ.

   

    «Նկարիչը ոչ թե պարզապես պատկերում է աշխարհը, այլ պատկերային ձևով իմաստավորում է այն, նմանության է ձգտում ոչ թե հանուն նմանության, այլ ձգտում է հասու լինել, թե կեցության ընդհանուր օրենքները ինչպես են դրսևորվում առարկայական ձևերի բազմազանության մեջ»,- այսպես է արտահայտվում նկարչի մասին Մուսեյ Կագան:

    «Ռ.Խաչատրյանը սիրում է իր նատյուրմորտները կառուցել իրբրև բազմաֆիգուր նկարներ, ուր ամբողջ տեսարաններ են «խաղացվում» տարբեր առարկաների փոխգործողությամբ, որոնք երկխոսության մեջ են մտնում իրենց եզակի մարմնի ձևի, ֆակտուրայի, նկարագրի նմանության և տարբերության շնորհիվ, և այդ լուռ երկխոսությունները չափազանց հետաքրքիր են համադրությունների և հակադրությունների սրությամբ»,- այսպես է նկարագրում նկարչի գործելավոճը Մուսեյ Կագան:

    Լևոն Աբրահամյանը «Բազմաչափ օբյեկտ» ձեռնարկում ծանոթացնում, մեկնաբանում է Ռուդոլֆ Խաչատրյանին որպես քանդակագործ, ով քանդակագործական և գեղանկարչական բարդ, բայց միաժամանակ պարզ համադրումներով փորձում է ցույց տալ և արտահայտել մայրությունը, երկինքն ու երկիրը, լույսն ու խավարը, գիշերն ու ցերեկը և այլն: Այս ամենը միասին վերլուծանկարագրողական տարբերակով հեղինակը փորձում է մատուցել ընթերցողին:

    Ինչ վերաբերվում է Հենրիկ Իգիթյանի «Ռուդոլֆ Խաչատրյան» փոքր ձեռնարկին, ապա այստեղ հեղինակը վերլուծում է Խաչատրյանի գրաֆիկական աշխատանքները՝ դիմանկարներն ու նատյուրմորտները:

    Այս գրքում ներկայացված են այնպիսի գրաֆիկական աշխատանքներ ինչպիսիք են՝ «Պատուհանի առաջ», «Վտարանդին», «Արմեն Ջիգարխանյանը ներկայացումից առաջ», ինքանադիմանկարներ, «Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը», «Կնոջ դիմանկարը» (թիկնոցով), «Արվեստանոցում. առավոտ» և այլն:

    Նկարիչ Թարի Սալախովի և Միխայիլ Լազերևի համատեղ հրատարակված գրքում «Ռուդոլֆ Խաչատրյան-գծանկար»-ում զետեղված են Ռուդոլֆ Խաչատրյանի ընկերների, գործընկերների, արվեստաբանների ու արվեստագետների կարծիքներն ու հիշողությունները նկարչի ու նկարչի ստեղծագործությունների մասին:

    «Հազվագյուտ արվեստագետներ են բարձրացել-հասել մարդու այնպիսի սիրո, այնպիսի հարգանքի, ինչպիսին Խաչատրյանը»,- գրել է Թարի Սալախովը:

    Արվեստաբան Արարտ Աղասյանը («Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX-դդ. դարերում», «Հայ արվեստի պատմություն») նշում է հետևյալը, որ Ռ.Խաչատրյանը գրաֆիկային ամբողջությամբ նվիրված արվեստագետ է, այն որ Ե.Քոչարից ժառանգել է գեղեցկության դասական ըմբռնումը և գեղարվեստական ժամանակակից մտածողությունը:

    Համոզված ենք, որ ապագայում էլ շարունակելու են  խոսել, գրել, վերլուծել նկարչի գործերի ու գործելաոճի մասին, այն մարդու մասին, ով հարգված ու սիրված է ոչ միայն իր ընկերների, այլև արվեստը սիրող ու գնահատող մարդկանց կողմից, հայտնի նկարիչ է ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և այլուր:

      Գրականություն Ռուդոլֆ Խաչատրյանի մասին  

    1.  Արարտ Աղասյան, Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX-դդ. դարերում», Երևան, 2009թ. «Հայ արվեստի պատմություն», Երևան, 2009թ.,  (Ա.Աղասյան, Հ.Հակոբյան, Վ.Ղազարյան, Մ.Հասրաթյան)
    2.   Լևոն Աբրահամյան, «Բազմաչափ օբյեկտ»
    3.  Հենրիկ Իգիթյան, «Ռուդոլֆ Խաչատրյան»
    4.  Մուսեյ Կագան, «Ռուդոլֆ Խաչատրյան», Երևան, 1987
    5.  Թարի Սալախով, Միխաիլ Լազերև, «Ռուդոլֆ Խաչատրյան-գծանկար», Մոսկվա, 1986թ.
6. Ինտերնետային կայք՝ www.google.com - Rudolf Kachatryan
  
    Օգտագործված գրականության ցանկ 
    1. Արարտ Աղասյան, Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX-դդ. դարերում», Երևան, 2009թ. «Հայ արվեստի պատմություն», Երևան, 2009թ.,  (Ա.Աղասյան, Հ.Հակոբյան, Վ.Ղազարյան, Մ.Հասրաթյան)
    2. Լևոն Աբրահամյան, «Բազմաչափ օբյեկտ»
    3. Հենրիկ Իգիթյան, «Ռուդոլֆ Խաչատրյան»
    4.  Մուսեյ Կագան, «Ռուդոլֆ Խաչատրյան», Երևան, 1987
    5. Թարի Սալախով, Միխաիլ Լազերև, «Ռուդոլֆ Խաչատրյան-գծանկար», Մոսկվա, 1986թ.
    6. Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, «Ով ով է հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Երևան, 2005թ. էջ 503
    7. Հայկական Համառոտ Հանրագիտարան, Հատոր 2, Երևան 1995թ. էջ 485

    

 

1

Հանդես

գեղարվեստական, մշակութային հանդես

Փորձել ենք ստեղծել մի մշակութային օջախ, ուր կողք կողքի և գլուխ գլխի են հավաքվել արվեստի տարբեր ճյուղեր և հոսանքներ ներկայացնող, բայց միևնույն ուղղությամբ նայող արվեստագետ երիտասարդներ: Մեր դուռը բաց է բոլորի առջև: