ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Քամի

Khanjyan    Շենքի վիթխարի գորշ զանգվածն առջևումս է` մեկեն խոյացավ մշուշի միջից. կաթնագույն ծվենները փափուկ սահում են աղբակույտերի վրայով։ Շքամուտքի ծռված փեղկը հոգնած ճռռաց` ներս առնելով ինձ։ Կիսամութ։ Պատի խոր ճեղքերում գորշ խլրտոց է նկատելի։ Սանդուղք, դռներ, պատեր, դարձյալ դռներ… Թակում եմ… «Ու՞մ եք ուզում, ո՞վ է…»,- տղամարդու զգուշավոր ձայն։ «Ես Մանվելին եմ փնտրում»։ «Չկա այստեղ Մանվել»,- այդպես էլ չբացված դռան ետևում լարված լռություն է, ապա լռությունն էլ է լռում։

    Շխկրտոցով բարձրանում է վերելակը, կանգ է առնում, ետ քաշում փեղկերը` հրավիրում մտնել… Չեմ վստահում, շրջվում եմ. փոշոտ, սառը բազրիքով աստիճաններ, այս հարթակը շատ ծանոթ է… Հարթակի երկու կողմերում մեկական դուռ պիտի լինի, ձախակողմյան դուռը` պտտվող մեխանիկական զանգով… Սակայն ո՞ւր է դուռը… չկա, իմ առջևում կիսամութ խոռոչ է, այնտեղ, խորքում, ծանոթ ուրվապատկերներ են շարժվում… Հեռացի՛ր, շուտ, հեռացի՛ր… Պատեր, աստիճաններ, դռներ… «Ի՞նչ, Մանվե՞լը։ Գիտե՞ք, այնպես զայրացած եմ այդ Մանվելի վրա, այնպես եմ զայրացած… Վաղո՞ւց եք փնտրում»։ «Վաղուց»։ «Ամուսնուս անունը… Չեմ հիշում… Մեռավ խեղճը, վերջերս։ Չլինի՞ նրան եք փնտրում»։ «Ոչ»։ «Արդեն գնո՞ւմ եք։ Սպասեք, մի րոպե… Թեյ կուզե՞ք… Գինի՞… Չէ՞…»։

    Վերելակն այս անգամ առավել սաստիկ է շխկրտում, միզահոտ խցիկը դարձյալ հրավիրում է, չարագուշակ ինչ-որ զգացում է ներշնչում նրա փակ տարածքը, դրսից սեղմում եմ ամենավերի կոճակը` ձեռքս արագ ետ քաշում… Ոչ մի արձագանք, չի խաբվում. շրջվում եմ` ետևում լսելով յուղոտ ճոպանի լարված-անհամբեր թրթռանքը։ Պատեր, աստիճաններ… Հնամենի ոստոտ դուռը ճռնչալով ետ է գնում` պոկելով շրջանակից կառչած սարդոստայնները։ Մթան միջից առաջ է գալիս ծառի կեղև հիշեցնող դեմքը, փառակալած ծանոթ աչքեր… Ծանոթ են նաև ներսից եկող հոտերը` քրտինքի, խոնավության, հնացած կերակուրի… Էլի զառամյալներ կան այնտեղ, հանգած վառարանի շուրջը նստած` դատարկ հայացքները հառել են ինձ… Սիրտս ճմլվում է… Աներևույթ մի ուժ հրում է` ուզում եմ մտնել, «Մանվելը…»,- սկսում եմ, սակայն դուռը շխկոցով փակվում է քթիս առաջ։ Դարձյալ վերելակը… Արագացնում եմ քայլերս, որպեսզի չտեսնեմ նրա բացվող փեշերի հրավերը։ Պատեր, աստիճաններ… Կրունկիս տակ շխկրտոցով ջարդվում է ներարկիչը։ Դուռ… Ուզեցի թակել, սակայն ձեռքիս հպումից անձայն ետ գնաց։ «Ներսում մարդ կա՞»,- հարցրի։

    Նեոնային սառը լուսավորություն։ Սենյակում գոլորշի է, ինչպես բաղնիքում։ Սակայն ցուրտ է։ Խոնավ, բարձր պատեր… Այս տան պատերն այսքան բարձր չեն եղել… Պաստառն էլ ուրիշ է կարծես… Չէ, պաստառ առհասարակ չկա, սվաղի ֆակտուրան էր` շփոթության մեջ գցեց։ Բայց զգում եմ` ծանոթ տուն է, ես այստեղ եղել եմ… Թեև… Ինչ որ է, արդեն ներսում եմ։ Տանտիրուհին կծկված-քնած է բազմոցին։ Պատի տակով ջուր է ծորում, լճակի եզրը շուտով կոշիկիս կհասնի։ «Ո՞վ է այստեղ միզում»,- հարցնում եմ` աշխատելով տեսնել սենյակի խորքը, սակայն հայացքս չի թափանցում գոլորշու ամպը, և հնաոճ փայտյա բազմոցին պառկած տանտիրուհուց բացի ոչ ոքի չեմ տեսնում։ «Չեն միզում»,- պատասխանում է արձագանքվող ձայնը։ «Իսկ այս ջու՞րը»։ «Հարևանի տնից է, սովորական բան է»։ Տանտիրուհին դեմքը վերջապես իմ կողմն է շրջում… Ի՜նչ խղճուկ է տեսքը… «Չբարձրանա՞մ, զգուշացնեմ»,- ասում եմ ես. դա նաև փախուստի ենթագիտակցական մղում է։ «Անիմաստ է, նրանք երբեք տանը չեն լինում»։ «Ո՞նց, իսկ ջու՞րը…»։ «Ի՞նչ կապ ունի»։ Իսկապես որ, ի՞նչ կապ ունի։ Թափուր բազմոցով սողում է ուտիճը։ Տանտիրուհին հայելու առջև դեմքն է ներկում` սև, կապույտ, երկնագույն, վարդագույն։ Գոլորշին սկսում է ցրվել։ Անկանոն քառանկյան ձև ունեցող սենյակում, պարզվում է, ևս երեք կին կա, նստած են սեղանի շուրջը։ Եվ մի տղամարդ, որը գլխիկոր կանգնած է հեռավոր պատի տակ, ասես պատժված լինի. դեպքից դեպք ուսի վրայով գողտուկ հայացք է նետում կանանց կողմը։ «Ընթրենք,- հրավիրում է մակիաժն ավարտած տանտիրուհին. հայելին ար-տացոլում է պատի տակ կանգնած տղամարդու ցնցվող թիկունքը։- Ձեզ ընթրիքի ենք հրավիրել, չէ՞»։ «Այո,- հաստատում եմ` նստում սեղանի մոտ։- Ես Մանվելին էի փնտրում…»։ Կանանց ներկռտած դեմքերով ժպիտի կծկում է անցնում, պատի տակ կանգնած տղամարդու ուսերը ցնցում է ճիգով զսպած քրքիջը։

    Լուռ ուտում ենք։ Սենյակի լարված, բռնազբոսիկ մթնոլորտը սեղանի հարթությամբ երկու մասի է բաժանված։ Վարի մասում ինչ-որ ձգող բան կա… Ձեռքս աննկատ իջեցնում եմ, շոյում… Ծնկները չեն հեռանում, սպասում էին։ Ո՞ւմն են… Տանտիրուհունը չեն, նրա ոտքերը ոսկրոտ են, կարճլիկ, սրանք պարարտ են, երկար… Պարզ է, թե ումն են։ Պատի տակ կանգնած տղամարդը նայում է ուսի վրայով ¨ դավադիր ժպտում։ Գցում եմ պատառաքաղը, կռանում սեղանի տակ…

    Փլուզման  դղրդոց… Խավար…

    Պառկած ենք բետոնե սալին, ձեռքերս շարունակում են ամուր պահել պարարտ ոտքերը ծնկներից վեր, նրանք գոլ մածուցիկությամբ լցրել են գիրկս։ «Որտե՞ղ ենք»,- հարցնում եմ. ձայնս կատարելապես անտագնապ է։ «Ցածում»,- կնոջ ձայնը նույնքան անտագնապ է։ «Սեղանի տա՞կ»։ «Շատ ավելի ցած»։ Աչքերս սկսում են վարժվել խավարին։ Տեսնում եմ։ Բետոնե սալի մի կողմում անհատակ մութ է, այնտեղից սառը շունչ է բարձրանում` խփվում դեմքիս, մյուս կողմում աղբածածկ տարածություն է, խորքում շարժում կա, շշուկներ։ Թավամազ ինչ-որ արարած դիպչում է ձեռքիս։ «Չգնա՞նք»,- հարցնում է կինը, գրկումս սեղմած նրա ազդրերով լորձ է ծորում։ «Ո՞ւր»,- բացում եմ գիրկս. փտած կաղամբի հոտ։ «Բետոնի վերջում ճեղք կա, այն-տեղ… Չես տեսնո՞ւմ…»։ Թիթեղյա տուփը խուլ թխկթխկոցով փախչում է ոտքերիս տակից։ Ջանում եմ տեսնել ճեղքը վերևում։ Մանկան ճիչ։ «Կարծես ողջ է»,- ասում է կինը` ցույց տալով ձայնի ուղղությամբ։ Տեսնում եմ` խառնշտորած մազերով պստիկ աղջնակ է, աղբակույտի մեջ խրված` մեզ է պարզել թաթիկները։ Բռնում եմ, քաշում… Մարմինը, գոտկատեղից, զարմանալի դյուրությամբ պոկվում է` թեթևորեն բարձրա-նում, մնացյալը մնում է կույտի մեջ։ «Պոկվեց»,- կանչում եմ կնոջը, որն արդեն մագլցում է բետոնե սալը։ «Թող,- ասում է։- Կիսատ երեխան ո՞ւմ է պետք»։ Թողնում եմ կիսված աղջնակին. կլոր աչքերի մեջ անիմաստ ժպիտ կա, թլիկ` ինչ-որ ոտանավոր է թոթովում… Ձայնն աստիճանաբար խլանում է ետևում, ես մագլցում եմ` ուղեցույց ու-նենալով սպիտակ, պարարտ ազդրերը։ Աղոտ լույսն արդեն երևում է վերից…

    Գիշերային փողոց։ Լապտերները թույլ մարմրում են։ Փնտրում եմ ուղեկցուհուս. չկա, չքվել է։ Թաց ռելսերի պողպատային արտացոլանք։ Այրված, ավերված տրամվայ։ Տրամվայի ետևից թիկնոցավոր մարդիկ են դուրս գալիս, շրջապատում ինձ։ «Մանվելին չե՞ք տեսել»,- հարցնում եմ։ «Ի՞նչ Մանվել… Մանվել-Մունվել…»,- նրանց աչքերը փայլում են մոլագարային հեգնանքով։ «Այս Գրքին ծանո՞թ ես»,- չարախնդալով հարցնում է մոտեցածներից մեկը։ Գրքեր կան նաև մյուսների ձեռքին։ «Օրենքները կարո՞ղ ես թվել…»։ Մինչ ես անելիքս եմ մտմտում, սափրած գլուխներով ինչ-որ մարդիկ են հայտնվում, առաջ են գալիս։ Մյուսները, թիկնոցների տակ պահելով իրենց գրքերը, ընկրկում են։ «Ութ ոլորտների մասին ի՞նչ կասես»,- մոտե-նալով` հարցնում է ամենախոշոր սափրագլուխը։ «Ինչո՞ւ հատկապես ութ»,- հարցնում եմ. ժամանակ եմ շահում։ «Իսկ ես միշտ էլ ասել եմ` վեց»,- միջամտեց երկրորդ սափրագլուխը։ «Գուցե ի՞նը»,- զգուշորեն նկատեց երրորդը։ «Ասացի` ութ»,- համոզված պնդեց առաջինը։ «Սակայն ինչո՞ւ ոչ վեց…»։ «Ինն էլ մի անտեսեք»։ «Ասացի` ութ, և վե՛րջ»։ Մինչ նրանք վիճում են, սաստկացող քամին մրրիկի է փոխվում, խաշամի հետ քշում-տանում է շուրջս հավաքվածներին, պատերի վրա տեսնում եմ փախչող երկարուկ ստվերները, իրենք արդեն չեն երևում…

    Երևի իմ ստվերն էլ է նրանց ստվերների հետ քշվում, որովհետև ինչքան ջանում եմ հայտնաբերել ինքս ինձ` չեմ կարողանում…

1

Հանդես

գեղարվեստական, մշակութային հանդես

Փորձել ենք ստեղծել մի մշակութային օջախ, ուր կողք կողքի և գլուխ գլխի են հավաքվել արվեստի տարբեր ճյուղեր և հոսանքներ ներկայացնող, բայց միևնույն ուղղությամբ նայող արվեստագետ երիտասարդներ: Մեր դուռը բաց է բոլորի առջև: