Լիլիթ Կարապետյան

Արդի կանադական քանդակագործությունը և Վենդի Բեյլին

lilit-karapetyan    Սկսած 1980-ականներից ժամանակակից արվեստի սահմանները որոշելու չափորոշիչները ենթարկվել են փոփոխության, և դրանք հասկանալու համար պետք է փոփոխել  քանդակի մասին մեր պատկերացումները`ժամանակակից տեխնիկայի և  ձևերի բազմազանությանը համընթաց: Կանադական ժամանակակից քանդակագործության զարգացման միտումները դրսևորվում են ինտերնացիոնալիզմի հայեցակարգով, որոնք կրում են  1970-ականների փորձը: Այս արվեստագետներից են  Մարկ Փրենթը, Ջոն Հոփփերը և ուրիշներ, իսկ 1980-ականներին ստեղծագործում էին Ռոբերտ Բաուվերսը, Ջոն Մքքինոնը:  Ազդվելով  «Pop and mass» մշակույթից`կանադական քանդակագործությունը մուտք է գործում պոստմոդեռնիստական ժամանակաշրջան, ուր իշխում են տեսիլքն ու իրականությունը` փոխելով  քանդակագործի հայեցակետը և վերաիմաստավորելով քանդակի  մոդելը. վերանում են նախորդ շրջանից մնացած ստերիոտիպերը: Վերջին տասնամյակների ընթացքում քանդակը դարձավ ավելի քիչ նյութականացված և աստիճանաբար տարվում է օրիենտալիզմով` որպես «Նոր արվեստի պատմություն»` բացելով առասպելաբանության և քննադատության դռները: 1990-ականներին Կանադական քանդակագործություն մուտք են գործում ֆեմինիզմը, գրականությունը և պոստ-կոնստրուկտիվիստական տեսությունը և ընդլայնում պատկերացումները քանդակի եռաչափ ծավալայնության մասին: Չնայած այս ազդեցություններին` քանդակագործների մի մասի ստեղծագործությունները պատմողական բնույթ են կրում, մյուսները, հայացք նետելով անցյալին, մեկնաբանում են ներկան կամ միֆերի տեսքով տալիս են ապագան:    

    Պատմողական և ֆիգուրատիվ քանդակագործությունն  ունի թատերական բնույթ. հնարավորություն է տալիս դիտողին ակտիվորեն դառնալ ստեղծագործության մի մասը: Իսկ Մարկ Գոմեսի, Նեոլ Հարդինգի և մյուսների աշխատանքներում զուգադրվել են բազմաթիվ պատկերներ, և դիտողը «կարդում» ու մեկնաբանում է  մոդելը տարբեր դիտակետերից: Այստեղ, ինչպես 1960-ականներին, չկա հստակ տրամաբանություն, հանգուցալուծում կամ ռացիոնալ դատողություն և կառուցվածք: Դիտողի միակ բանալին է` զուտ պատմողականից անցում կատարել ներքին զգայականը: Քանդակագործը կարող է բացահայտել սյուժեն կամ ոչ: Քանդակի պատմողական բնույթը իր դիրքերը զիջում է լիրիկական և երևայական լուծումներին: Սակայն քանդակագործության մի ճյուղը շարունակում է իր ավանդական կապը ճարտարապետության հետ` կատարելով սյուների և մուտքերի ձևավորումներ, որոնք ներդաշնակվում էին ինտերիերի կամ շրջակա միջավայրի հետ: Քաղաքականությունը և գենդերային հարցերը, որոնք բխում են մարմնից, անձի ինքնությունից, տարասեռությունից, իրենց արտահայտումն են գտել կին քանդակագործների աշխատանքներում` Իռենե Վայհոմ, Լին Քարտեր և ուրիշներ:  Թերևս այսպիսին է ժամանակակից  կանադական քանդակագործության մոտավոր պատկերը:

    Կանադացի կին քանդակագործ Վենդի Բեյլին մանկության տարիները  անցկացրել է Նոր Զելանդիայում և այժմ ապրում է Կանադայում: Վաղ շրջանի գործերում նկատվում է սյուրռեալիզմի բացահայտ ազդեցությունը, սակայն, ինչպես հենց Վենդի Բեյլին է նշում, այժմյան աշխատանքները պիտի փնտրել աբստրակցիոնիզմի կամ ռեալիզմի շրջանակում: Ինչևէ,  քննարկվող աշխատանքների մեծամասնությունը ներկայացնում են մարդկային մարմիններ, որտեղ քանդակագործն իր զգայություններն արտահայտում է մարմնամասերի ճկուն ու բուռն շարժման միջոցով: Ավելի շոշափելի դարձնելու համար նշեմ, որ Վենդի Բեյլին երիտասարդության տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ մարմնամարզությամբ և մարմնի ֆորմայի հանդեպ հետաքրքրությունը բխում է հենց այստեղից:

Wendy Bailey bronze sculpture Interlude 550    «Ընդմիջում» (բրոնզ) քանդակում տեսնում ենք հանգստի դիրքով կիսապառկած ֆիգուր` ձեռքը  ծնկին դրած: Ամբողջ մակերեսին ճեղքվածքների առկայությունը հանգեցնում է բրոնզի ապանյութականացման` ստեղծելով լուսաստվերային հետաքրքիր խաղ: Բրոնզը, ի սկզբանե լինելով ծանր և ոչ դյուրին մշակվող նյութ, ամբողջովին ենթարկվել է քանդակագործին և չի խանգարել վերջինիս մտահղացմանը: Առաջին հայացքից մակերեսի նման մշակումը անկանոն կտրվածքների տպավորություն է թողնում` օրինաչափությունից և սիմետրիայից զուրկ, սակայն ուշադիր դիտելու պարագայում պատկերը փոխվում է: Վենդի Բեյլին հաշվարկում է յուրաքանչյուր գիծը և ամենափոքր դետալն իսկ ենթարկում մշակման: Ընդ որում ճեղքերը վճռորոշ դեր են կատարում զգայականության ամբողջ արտահայտման  մեջ` հասցնելով ֆորմայի ընդհուպ մինչև թափանցիկության, հաղորդում են շարժում, քանի որ քանդակային յուրաքանչյուր կոմպոզիցիա պիտի պարունակի ռիթմի որոշակի պաշար, առանց որի հորինվածքը վերածվում է մետաղի կամ քարի կույտի: Վենդի Բեյլին քանդակը զրկում է որոշակիացումից, նույնիսկ նրան առանձնապես չի հետաքրքրում հերոսի սեռը, հրաժարվում է հաղորդել դիմագծերը, այս երևույթը նկատելի է նաև մյուս քանդակներում: Վենդի Բեյլիի հերոսը «անդեմ» է, նրան հետաքրքրում է երևույթը` «ԸՆԴՄԻՋՈՒՄ»: Մարդը դիտարկվում է որպես երևույթի արտահայտման միջոց իր ամբողջ զգայականությամբ, գլխիկոր դիրքով և հանգստի կեցվածքով, որը միևնույն ժամանակ լի է ներքին էներգիայով: Մյուս աշխատանքներում ևս նկատելի է արտահայտչամիջոցների միևնույն ձևը, մարմնի տարատեսակ դիրքերը, տարբեր երկրաչափական պատկերներ կազմող կտրվածքները, դեմքի մշակման բացակայությունը և այլն:
                Wendy Bailey bronze sculpture Labrador Nights 550                        Wendy Bailey bronze sculpture Seabreeze 550

    Մի շարք հորինվածքներում միևնույն հնարքի օգտագործումը չնայած խոսում է ստեղծագործողի ոճական առանձնահատկության և նախասիրությունների մասին, բայց այնուամենայնիվ չի բխում քանդակագործի շահերից, եթե նույնիսկ այս աշխատանքներն ընկալենք որպես մեկ ամբողջական շարք` նվիրված մարդկային մարմնի ուսումնասիրմանը, որովհետև յուրաքանչյուր քանդակային հորինվածք առանձին աշխատանք է և իր անհատականությամբ  պետք է հնարավորինս տարբերվի նախորդներից: Բայց չպետք է ժխտել նաև այն հանգամանքը, որ Վենդի Բեյլիի քանդակները ավելի զգացմունքային են, քան խոհափիլիսոփայական և դիտողին պարգևում են էսթետիկական հաճույք: 

    Ճարպաքարից քանդակներում իշխում է գծերի օգտագործման լակոնիկությունը և մեղմությունը` ևս խուսափելով կոնկրետությունից և ամբողջ ուշադրությունը դարձնելով կրկին երևույթին, այլ ոչ թե ֆիգուրի անհատականացմանը: Սա կարող ենք տեսնել «Արտացոլում» և «Օձաձև» աշխատանքներում:
                  Wendy Bailey soapstone sculpture Reflections 550                        Wendy Bailey soapstone sculpture Serpentine 550

    Տպավորությունն այնպիսին է, որ Վենդի Բեյլին վերցնում է քարի մի զանգված և ամենայն նրբությամբ հաղորդում է իր զգացմունքները` հասնելով քարի գերագույն մշակմանը և ողորկացմանը: Վերը նշված գործերում նա գրեթե ծավալը չի կտրել նյութից, այլ միայն կոր ու մեղմ գծերով զատել է մարմնամասերը: Արդյունքում ստացվել են  ձուլված ֆորմաներ:

    Իհարկե նման հպանցիկ անդրադարձով հնարավոր չէ ամբողջովին ներթափանցել  Վենդի Բեյլիի ստեղծագործական ներաշխարհը, առավել ևս գծագրել արդի կանադական քանդակագործության զարգացման  հետագա ուղին, սակայն հիշենք այս կին քանդակագործի անունը` ՎԵՆԴԻ ԲԵՅԼԻ, որպես նրբին զգայությունների տեր, բայց ոչ երբեք առաջատար կամ առավել ևս նորարար արվեստագետի:

 

1

Հանդես

գեղարվեստական, մշակութային հանդես

Փորձել ենք ստեղծել մի մշակութային օջախ, ուր կողք կողքի և գլուխ գլխի են հավաքվել արվեստի տարբեր ճյուղեր և հոսանքներ ներկայացնող, բայց միևնույն ուղղությամբ նայող արվեստագետ երիտասարդներ: Մեր դուռը բաց է բոլորի առջև: