ԶՐԿՎԵԼՈՎ ԾՆՆԴԱՎԱՅՐԻՑ. «ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ»

verjin-bnakichy
«Նայում է խեղճ մարդն ու շշնջում՝ արազ էր բիդիմ… Այսինքն՝ երազ էր պիտի: Այս մղձավանջն էլ երազ լիներ. աչքերը փակեր, բացեր ու լիներ նորից կենդանի գյուղը: Եռուզեռ լիներ, աղմուկ ու ճղվղոց լիներ, չարչարանք ու դժվար ապրուստ լիներ… միայն թե լիներ»,- գրում է Ծովինար Խաչատրյանն իր «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքում։

Պատմվածքը գրվել է 90-ականներին՝ Գյուրջևան գյուղի հայաթափումից հետո, հեղինակի ամուսնու ծննդավայրի պատմությունն է։ Այսօր այն դադարել է  միայն գյուրջևանցիների պատմությունը լինելուց։ «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա նկարահանվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը։

Ֆիլմի երկար սպասված պրեմիերան կայացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 12-ին: «Վերջին բնակիչն» ընդգրկված է փառատոնային «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

Աբգարը միակ հայն է, ով մնացել է գյուղում։ Սպասում է աղջկան՝ Յուրգային, ում  մասին ոչ մի տեղեկություն չունի։ Յուրգային գտնելու և վերադարձնելու դիմաց ադրբեջանցիները նրան առաջարկում են աշխատել մզկիթի շինարարության վրա։ Մի քանի օր անց ադրբեջանցի Իբրահիմը աղջկան գտնում է Բաքվի հոգեբուժարաններից մեկում․Յուրգայի աչքի առաջ ամուսնուն այրել էին ․․․

-Քեռի, ախր բոլորը գիտեն, որ Յուրգան քո աղջիկը չի։

-Գնա, դա քո խելքի բանը չի։

Աբգարի քրոջ որդին ընտանիքի հետ հեռանում է՝ քեռուն թողնելով փամփուշտներով լի մի տուփ՝ միգուցե պետք գա։ Այս տեսարանով էլ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը բռնում է հանդիսատեսի ձեռքն ու տանում մի հայկական գյուղ։

Գյուղն այլևս հայկական չէ․հայերը չկան։ Շուրջբոլորը դատարկ տներ են ու մեռելային լռություն։ Տարհանված գյուղում ապրող միայնակ հային անելու ոչինչ չի մնում, քան նստել քարափին, աչքը մի տնից մյուսին թռցնել. ամեն մեկի հետ իր զրույցն ունի, ամեն մեկը մի պատմություն է:

 «Նրանց նոր տունն այդպես էլ կիսատ մնաց ու անիծված, ոչ ուրախություն, ոչ ծիծաղ: Խոսում էին, որ պատի մեջ խաչով քար է եղել դրված: Ասել են՝ չի կարելի, լույս աշխարհ հանեք այդ քարը, դրա համար է Աստված ձեզ վրա բարկացած: Քանդել են, քարը հանել: Մի փոքրիկ ու պարզ խաչքար էր, բայց գյուղի համար սրբություն էր: Եկեղեցի չունեին: Մատաղ լիներ, թե մոմ վառել, Սաթենիկի Սուրբը պիտի գնային»,- գրում է Ծովինար Խաչատրյանը։

 «Վերջին բնակիչը» ֆիլմում Սաթենիկի Սուրբը ներկայացվում է որպես սրբատեղի, որտեղ ժամանակին աղոթք անելու էին գալիս անգամ ադրբեջանցիները։

Հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին, սակայն, կան նաև պարզ, մարդկային հարաբերություններ։ Աբգարն ու Իբրահիմը ընկերներ են։ Ժամանակ առ ժամանակ Իբրահիմն այցելում է Աբգարին, կնոջ պատրաստած պնդուկով հալվայից է բերում։ Զրուցում են, հիշում այն օրերը, երբ Աբգարի Յուրգան ու Իբրահիմի դուստր Ռեբեկան վազվզում ու խաղում էին միասին։

Ռեբեկային Յուրգան էլ չի մոռանում։ Երբեմն-երբեմն է խոսում, բայց ասելիքը նույնն է՝ «Ռեբեկան ինչո՞ւ չի գալիս` գնանք ջրի»:

 «Գյուրջևանն ամուսնուս ծննդավայրն է։ Տեղահանվածներից 18-ը մեր տանն էին ապրում մի որոշ ժամանակ։ Ամեն մեկն առավոտից իրիկուն իր պատմությունն էր պատմում։

Վերջին բնակիչն իրական կերպար է, ով մի ամբողջ տարի մնացել է Գյուրջևան գյուղում ազերիներով շրջապատված ու սպասել իր աղջկան։ Քարտաշ, որմնադիր, ատաղձագործ էր, պետք էր գալիս ադրբեջանցիներին։ Այդ ընթացքում Մոսկվայից հրաման եղավ դադարեցնել տեղահանությունները, հույս ուներ, թե բնակիչները հետ կգան»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց սցենարի համահեղինակ Ծովինար Խաչատրյանը։

Տիկին Ծովինարը Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից է․«Ես էլ եմ զրկվել ծննդավայրից։ Արցախում այսօր Նոր Սեյսուլան կա, ինչպես մեր պատմությունից հայտնի է՝ Նոր Կիլիկիա, Նոր Արաբկիր, նոր, նոր, նոր, մինչև երբ՝ չգիտեմ։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է դնելու վերջակետ, և ամեն բան պահելու այնպես, ինչպես կա»։

Վերադառնալով Գյուրջևանի վերջին բնակչին՝ մեր զրուցակիցն ասաց․«Մի գաղտնիք բացեմ՝ իրականում նա կարողացել է իր աղջկա հետ հասնել Հայաստան։ Այժմ բնակվում է Հրազդանում։ Իննսունին մոտ է։ Չկարողացավ գալ ֆիլմը դիտելու, բայց նրա թոռներն ու ծոռը եկել էին»։

«Վերջին բնակիչը» ֆիլմը 5 երկրների համատեղ արտադրություն է (Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան, ԱՄՆ)։ Նկարահանումներն արվել են ԼՂՀ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում։ Գլխավոր դերերում են Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, Հոմայուն Էրշադին, Սանդրա Դաուկսայտե Պետրուլեն։

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը պատմություն է  մարդկանց մասին, ովքեր կանգնած են եզրագծին․ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնա՞լ մարդ, թե՞ ոչ»։

Ֆիլմի  պո պրոդյուսերներից Կեստուտիս Դևազաուսկասի կարծիքով՝ ֆիլմը լայն հանդիսատեսի համար չէ։

«Չեմ կարող ասել, որ բլոկբաստեր է: Նման ֆիլմերը այլ կյանքի ուղի ունեն, քան սովորական ֆիլմերը: Հույս ունեմ, որ կինոթատրոնների ղեկավարները կզգան այս ֆիլմի քաշը: Մենք մեր նպատակին կհասնենք, եթե ադրբեջանցիները քաջություն ունենան դիտելու այն»,- նշեց նա։

Աննա Կարապետյան