«ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ». ՄՈՌԱՑՎԱԾ ԳՐՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

zoravar-andranik
    Այսօր «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Եղիշե Քաջունու «Զորավար Անդրանիկ: Հայկական առանձին հարվածող զորամասը» գրքի շնորհանդեսը: Սա գրքի երրորդ հրատարակությունն է: Առաջին անգամ գիրքը լույս է տեսել դեռ 1921թ.-ին Բոստոնում, ապա վերահրատարակվել 1975թ.-ի վերջին: Գրքի նոր վերահրատարակումը կատարվել է գրքի առաջին հրատարակությունից:
    «Զորավար Անդրանիկ: Հայկական առանձին հարվածող զորամասը» գիրքը վերահրատարակվել է արևմտահայերենով՝ դասական ուղղագրությամբ: Գրքի խմբագիր, լրագրող Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ կարևոր էր նախ փրկել բնագիրը, հետո նոր դա դարձնել արևելահայերեն:
    Ե՛վ հեղինակը, և՛ գրքի վերնագիրը քչերին են ծանոթ: Հակոբյանն առաջին անգամ գիրքը ձեռքն է վերցրել 15 տարի առաջ, երբ աշխատում էր «Ազգ» օրաթերթում:
    «Աշխատում էի գրքերիցս մեկի վրա (Թաթուլ Հակոբյանը հեղինակել է «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» և «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքերը, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ է,- հեղ.): Մի փոքր հատված էի ուզում գրել Անդրանիկի մասին, թե ինչպես է նա 1918-19թթ.-ին եղել Հայաստանում, փորձել է արշավել դեպի Շուշի, բայց ետ է դարձել: Գիրքը մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել: Օր առ օր նկարագրվում է այն ճանապարհը, որ Զորավարն անցել է իր զինվորների և արևմտահայ գաղթականության հետ: Կարդալիս նաև պատկերացնում ես, թե ինչպիսին էր այն օրերի Հայաստանը, հայկական գյուղը»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Հակոբյանը:
    Նրա կարծիքով՝ գիրքն իր կարևորությամբ առանձնանում է Զորավարի մասին գրված մյուս բոլոր գրքերից, քանի որ այն հեղինակել է մի մարդ, որ եղել է Անդրանիկի գրագիրը և այդ մեկ տարվա ճանապարհն անցել է Զորավարի հետ միասին:
    Գրքում Զորավարը պայքարի ելած արևմտահայերից մեկն է:
    «Անդրանիկը ներկայացված է ոչ թե որպես հերոս կամ միֆ, այլ որպես սովորական արևմտահայ, ով զորքի գլուխ անցած գաղթականության հետ միասին անցնում է այդ տառապալից մեկ տարվա ճանապարհը»,- նշում է Հակոբյանը:
    Վերահրատարակման առիթով Թաթուլ Հակոբյանը փնտրել և գտել է նաև գրքի հեղինակ Եղիշե Քաջունու հետնորդներին: Պարզվել է՝ Քաջունու թոռներն այժմ ապրում են Նյու Յորքում: Գրքում տեղ են գտել նաև նրանց ողջույնի խոսքերն ու պապի կենսագրությունը, բայց անգլերենով, այնպես, ինչպես նրանք ուղարկել են:
Աննա Կարապետյան