«ԶԳՈՒՄ ԵՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԵՆ»․ ՎԻՎԻԱՆ ՀԱԳՆԵՐԸ ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

yerevan_fest_sep12_500
Այսօր ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Փառատոնն այս տարի հոբելյանական է և նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

Բացման համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ գերմանացի ջութակահար Վիվիան Հագները։ Մոցարտի օպերաներն ու Բախի վոկալ ստեղծագործությունները Հագների սիրելիներն են։ Համերգին ներկայացնելու է Դվորժակի Ջութակի կոնցերտը։

Ջութակահարն առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է՝ անհամբերությամբ է սպասել իր այցին․մեր երկիր գալ խորհուրդ են տվել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի նշանավոր երաժիշտներ։ Նախօրեին ջութակահարը վարպետության դաս է անցկացրել պատանի հայ երաժիշտների համար։

«Երեխաները կատարեցին Բախի, Չայկովսկու, Ռավելի ստեղծագործություններից։ Զգում են երաժշտությունը և տեխնիկապես պատրաստված են։ Ուրախ էի նրանց լսելու և խորհուրդներ տալու համար։ Հույս ունեմ, որ դրանք նրանց կօգնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հագները։

Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը կշարունակվի մինչ հոկտեմբերի 30-ը։ Ծրագրում ընդգրկված են 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգներ։ Նվագախմբի հետ հանդես են գալու հայաստանցի, ինչպես նաև 30 հրավիրյալ երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից։

Փառատոնային օրերի ընթացքում համերգ է նախատեսված նաև Արցախում։ Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում (Երիտասարդության պալատ) կկայանա կամերային երաժշտության համերգ։ Կհնչեն Դեբյուսիի, Ֆրանկի և Ռախմանինովի Թավջութակի սոնատները։

«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի 95-ամյակի առիթով սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Անվամբ Որդու» խորագրով համերգը։ Ելույթ կունենան սիրված երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանն ու Նարեկ Հախնազարյանը։ Հիմնադրամը գործունեություն է ծավալել աշխարհի տարբեր երկրներում, այժմ գործում է ՀՀ-ում, Արցախում, Լիբանանում և Սիրիայում։

Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար էդուարդ Թոփչյանի խոսքով՝ վերջին տասնամյակի ձեռբերումները շատ են։

«Փառատոնը ճանաչված է։ Նվագախումբը անընդհատ շփվելով հանրահայտ երաժիշտների հետ, անընդհատ աշխատելով, այսօր դարձել է շատ լավ նվագախումբ, ինչն ամենակարևոր ձեռքբերումն է։ Իհարկե աշխատանքի ճանապարհը շարունակվում է։ Ձեռքբերում է նաև այն, որ մեր ունկնդիրը հնարավորություն ունի փառատոնի շնորհիվ շփվելու բարձրակարգ երաժիշտների և բարձրակարգ երաժշտության հետ»,- նշեց նա։

Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնով կբացվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-17թթ․համերգաշրջանը։ Նախորդ համերգաշրջանի ավարտին նվագախումբը ելույթներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում «Սպիտակ գիշերներ» փառատոնի շրջանակում, ինչպես նաև Լիբանանում։

Աննա Կարապետյան