Յունաս Յունասսոն. «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ»

100-amya ceruk

   Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» վեպը, որ նրա լրագրողական քսանամյա գործունեությունից հետո առաջին գրողական քայլն էր, միանգամից մեծ ճանաչում բերեց շվեդ գրողին: Վեպը լույս է տեսել շվեդերենով 2009 թվականին, իսկ 2012 թվականին անգլերեն հրատարակմամբ հասանելի է դարձել շատ ավելի մեծ լսարանի: Բացի անգլերենից` այն ունի ավելի քան 30 այլ լեզուներով հրատարակություն, որոնց շարքը գալիս է համալրելու Աշխեն և Արծվի Բախչինյանների` բնագրից կատարած հայերեն թարգմանությունը («Զանգակ» հրատարակչություն, 2014):

   Վեպի գրավչության և ութ միլիոն օրինակով վաճառվելու գաղտնիքը միայն սյուժեի դինամիկության մեջ չէ. Յունասսոնը իր վեպի սյուժեի քարտեզով կարծես արդեն կանխորոշել էր նրա հաղթարշավը գրքի համաշխարհային շուկայում. այստեղ ամերիկացին, անգլիացին, չինացին, իտալացին, իրանցին, ֆրանսիացին և նախկին Սովետական միության քաղաքացին գտնում են իրենց երկրների պատմության ծանոթ դրվագներ ու ծանոթ քաղաքական գործիչների` երգիծական երանգավորմամբ, ինչը սակայն չի թուլացնում նկարագրվող իրադարձությունների հավաստիությունը: Ակնհայտ է, որ նախքան գրելը Յունասսոնը հսկայական ուսումնասիրություն է կատարել պատմության ու քաղաքականության ոլորտում, ինչի արդյունքում երգիծավեպը դառնում է նաև գրավիչ խայծ ընթերցողի համար` սեփական պրպտումները կատարելու, անդրադառնալու անցյալ դարի պատմության մանրամասներին:

   Վեպը երկպլան զարգացում ունի. հարյուր տարեկան Ալան Կառլսոնը իր տարեդարձի օրը փախչում է ծերանոցից, ավտոբուսի կանգառում ակամայից գողանում փողերով լցված ճամպրուկ ու ընկնում անհավանական արկածների մեջ, իսկ նրան սկսում են հետևել քաղաքի ոստիկանությունը` մի կողմից, ճամպրուկի տեր ավազակները` մյուս կողմից: Այս փախուստի պատմությանը զուգահեռվում է Ալանի մինչծերանոցյան կյանքը` սկսած իր ծնունդից, այսինքն` 1905 թվականից: Անցյալի պատմությունը նույնպես պատմվում է ներկա ժամանակով: 20-րդ դարի աշխարհաքաղաքական շատ կարևոր իրադարձությունների ներկա է լինում և անգամ դրանց ընթացքը փոխում կամ ինչ-որ կերպ կանխորոշում  Ալան Կառլսոն անունով շվեդը: Պարզվում է` նա է ստեղծել ատոմային ռումբը, նա է փլուզել Խորհրդային Միությունը, պատճառ դարձել, որ Վլադիվոստոկը դառնա փակ քաղաք: Նա փրկել է գեներալ Ֆրանկոյին և Մաո Ծե Դունի կնոջը, տեկիլա է խմել ԱՄՆ նախագահի հետ և ընդհանրապես շատ հայտնիների է հասցրել հանդիպել իր մեկդարյա կյանքի ընթացքում:

   Մի կողմից կարելի է վեպը դիտարկել սոսկ որպես ժամանցային, ուրախ, սկանդինավյան անսովոր հումորով լեցուն գիրք, բայց մյուս կողմից էլ այն իր ամբողջության մեջ մտածել է տալիս եվրոպացի հեղինակի` եվրոպական կենսաձևը գեղարվեստի միջոցով հաստատելու ու աշխարհում տարածելու վարպետության մասին. չէ՞ որ որքան էլ համամարդկային է այն, որ յուրաքանչյուր ոք խիստ կարևոր դերակատարում կարող է ունենալ իր հասարակության մեջ և աշխարհում կատարվող փոփոխություններում, և այն, որ երբեք ուշ չէ կյանքը նորից սկսելը, անգամ եթե դու հարյուր տարեկան ես, այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակություններ կերտած Եվրոպան է ներկայանում որպես մարդու` այդպիսի լայնածավալ հնարավորությունների բացահայտման ու ինքնադրսևորման տարածք: