ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎՐԱՍԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ. ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

azgagrutyan-tangaran
 Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 3-ին բացվեց Ռուսաստանի ազգագրության թանգարանի (Սանկտ Պետերբուրգ) լուսանկարների հավաքածուից կազմված «Ընտանիքը Եվրասիայի մշակույթում. ΧΧ դար» խորագրով ցուցահանդեսը:

«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը ներառում է 19-րդ դարակեսից մինչև 20-րդ դարավերջ արված մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնք ներկայացված են տեսաշարով և ֆաքսիմիլային տարբերակով։

Ռուսաստանի ազգագրության թանգարանի փոխտնօրեն Նատալյա Նիկոլաևնան նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված են Ռուսաստանում բնակված տարբեր ազգերի ընտանիքների լուսանկարներ, որոնցում ինչ-որ չափով երևում են նաև նրանց ազգային ավանդույթներն ու սովորությունները:

«Այստեղ շատ հուզիչ լուսանկարներ կան: Մեկ լուսանկարում, օրինակ, կարող ենք տեսնել երեք սերունդ՝ երեխաները՝ իրենց ծնողների, տատիկ-պապիկների հետ»,- նկատեց Նիկոլաևնան:

ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը կարևորեց համագործակցությունը Ռուսաստանի ազգագրության թանգարանի հետ, որովհետև դա հնարավորություն է ընձեռում Հայաստանում ներկայացնելու այն ողջ արժեքավորը, որը տարիների ընթացքում հավաքվել ու պահվել է այնտեղ:

«Ցուցահանդեսում կարող եք գտնել բազմաթիվ լուսանկարներ, որոնք արտացոլում են հայ իրականությունը 19-20-րդ դարերում: Ռուսաստանի ազգագրության թանգարանում ոչ միայն հայկական կենցաղը ներկայացնող բավական մեծ թվով լուսանկարներ կան, այլև առարկաներ, որոնք ժամանակին ուսումնասիրել է անվանի հայագետ Մառը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սահակյանը:

«Ընտանիքը Եվրասիայի մշակույթում. ΧΧ դար» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են այնպիսի հայտնի լուսանկարիչների գործեր, ինչպիսիք են Դ. Երմակովը, Ա. Պավլովիչը, Ս. Դուդինը և ուրիշներ:

Ցուցահանդեսը բաց կլինի երկու շաբաթ:

«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագիրն իրականացվում է հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա:

Մոտ մեկ ամիս՝ օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը, Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր: Ծրագրի շրջանակում ելույթներով հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի հոգևորականների և «Օտրադա» մանկական երգչախմբերը, կլինեն լուսանկարչական ցուցահանդեսներ: Ծրագիրը կներառի նաև «Ռուսական կինոյի օրեր», կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, կանցկացվեն թատերարվեստի և կինոյի ոլորտի վարպետության դասեր:

Ծրագրի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանդիսավոր գալա-համերգով, որին կմասնակցեն «Օտրադա» մանկական երգչախումբը, Մարիինյան թատրոնի մենակատարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և պատանի երաժիշտ-կատարողներ Ռուսաստանից: Համերգին զուգընթաց կգործի «Ռուսաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը:
Սիրանուշ Հայրապետյան