ԸՆԴՎԶՈՒՄՆ ՈՒ ԸՆԿՐԿՈՒՄԸ ՌԱՖԱՅԵԼ ՄԵԳԱԼԻ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ

0-0-0
  Այս օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվում են Ռաֆայել Մեգալի «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագիրը կրող կտավները: Ցուցահանդեսը տևելու է մինչև հոկտեմբերի 25-ը: Մինչ Հայաստանում ցուցադրվելը, այս կտավները տեղ են գտել Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում. 12 կտավև 3 իկոնա: Կան նաև հատուկ Ազգային պատկերասրահի ցուցադրության համար արված ստեղծագործություններ:

 «Արման Ծատուրյանի հրավերով որոշեցինք նկարները ցուցադրել Հայաստանում` հայ հանդիսատեսի համար»,- ասում է Ռաֆայել Մեգալը։

 «Հովազներն իմ ծաղկած այգում» շարքի կտավներն իրար փոխլրացնող հակադրություններ են: Բազմերանգությունը կտավները դարձնում է գրավիչ, բայց գույների հագեցվածության մեջ վախի ու անկարողության մթնոլորտ կա: Բնության ու ներդաշնակության հետևում Մեգալը ցույց է տալիս հակասությունները:

 «Հագեցած ու հակադիր գույների շնորհիվ Մեգալը ստեղծում է գրավիչ կտավներ, որոնք անդորր չեն բերում ու հանգստացնող չեն: Նկարչի համար հովազները վսեմության գաղափարի կրողն են, որոնք գրավում և, միևնույն ժամանակ, սարսափեցնում են: Հակասական զգացմունքների մեջ բնությունը հիշեցնում է կորուսյալ դրախտը»,- մեկնաբանել է համադրող Ջաննի Մերկուրիոն:

 Մեգալը փոքր տարիքից էլ սիրել է կատվազգիներին․ «Մեր հայկական մշակույթի մեջ շատ են օգտագործվել հովազներ: Նրանց մեջ են միավորվում ներդաշնակությունը, գեղեցկությունն ու վտանգը»:

 Ցուցահանդեսի առանցքը «Նկարիչն ու իր մայրը» ինստալիացիան է: Երկգլխանի հովազները հոշոտում ու պատառոտում են Արշիլ Գորկու կտավը: Շեշտելով ցեղասպանությունը` նկարիչը կատվազգիներին համեմատում է երիտթուրքերի հետ, իսկ նկարը` հայերիս: Երկգլխանի հովազները կանգնած են հայկական կարմիր գորգի վրա՝ սպիտակ նախշազարդերով: Կարմիրն արյունն է, սպիտակը`հույսը:

 «Մարդը՝ որպես Աստծո կատարյալ ստեղծագործություն, կտավ է, դրա համար էլ մարդուն պատկերող նկարի ոչնչացումը վանդալիզմ է: Այդ հովազներն ընչաքաղց են, բայց մուգ գույնն ու ողորկ մակերեսը դրանց ինչ-որ կերպ գրավիչ է դարձնում, իսկ չարն իր մեջ գրավող ուժ ունի, որը պետք է հաղթել»,- մեկնաբանել է Ռաֆայել Մեգալը:

 «Երկակի ինքնություն» կտավում հովազի գլխով ու մարդու մարմնով արարածը մարդու երկակի բնության խորհրդանիշ է:

 Կտավներում բնական տարրերը դառնում են զարդանախշեր: Մեգալը Սուրենյանցի նման հետաքրքրված է հայկական մանրանկրաչությամբ: Այս ցուցահանդեսով Մեգալը մեծարում է Վարդգես Սուրենյանցին` ներկայացնելով նրա «Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին» կտավն իր մեկնաբանությամբ: Վարդեգես Սուրենյանցի և Ռաֆայել Մեգալի նույնանուն կտավները ցուցադրված են կողք կողքի:


Մերի Հովհաննիսյան

Լուսանկարները Ռուբեն Մարտիրոսյանի

0 0 0մեգալ3

0 0 0մեգալ1

0 0 0մեգալ4

0 0 0մեգալ5

0 0 0մեգալ7

0 0 0մեգալ2

0 0 0մեգալ6