«ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԳՐԿԵԼ ՔԵԶ»

japonakan-filmeri-paraton-2016

«Նույն լեզվով խոսելը դեռևս հաղորդակցություն չէ։ Հաղորդակցություն ասվածը նախևառաջ զգացմունքների մասին է»։
«Ես պարզապես ցանկանում եմ գրկել քեզ» ֆիլմից

 
 Ճապոնացի ռեժիսոր Ակիհիկո Շիոտայի «Ես պարզապես ցանկանում եմ գրկել քեզ» (I just wanna hug you) ֆիլմի ցուցադրությամբ հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը։

Ֆիլմը Ցուկասայի և Մասամիի սիրո պատմությունն է։ Մասամին բասկետբոլով է զբաղվում, Ցուկասան՝ բոչիայով։ Առաջին անգամ հանդիպում են մարզասրահում, ինչից հետո վարորդ Մասամին բաց չի թողնում Ցուկասայի և ոչ մի պատվեր։

Երիտասարդները սիրում են իրար, սակայն ամեն բան այնքան էլ հեշտ չէ։ Ցուկասայի հաշմանդամությամբ պայմանավորված նրա և Մասամիի ծնողների կարծրատիպային մոտեցումներն ու կանխակալությունը շարունակ խանգարում են զույգին, բայց նրանց հաջողվում է հաղթահարել բոլոր դժվարությունները,  ամուսնանալ և միասին շարունակել կյանքի՝ խոչընդոտներով լի ճանապարհը։

«Ես պարզապես ցանկանում եմ գրկել քեզ» ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին։ Ֆիլմի հիմքում իրական պատմություն է։

Ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 13-17-ը այս և ևս հինգ ֆիլմ դիտելու հնարավորություն կունենան ոչ միայն մայրաքաղաքի, այլև Վանաձորի և Էջմիածնի կինոսերները։ Այս քաղաքներում նույնպես կկայանան փառատոնային ցուցադրություններ։

Փառատոնն իրականացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի կողմից։

«Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մենք արդեն մշտական հանդիսատես ունենք։ Հաճելի է, որ փառատոնի մեկնարկից առաջ շատ զանգեր ենք ստանում, հետաքրքրվում են, հարցնում՝ ի՞նչ ֆիլմեր են լինելու։ Ջերմանում է ներսս։ 

Եթե մարդիկ այդքան սպասում են, ուրեմն պետք է կարողանալ արդարացնել նրանց սպասումները, և նորից ու նորից կազմակերպել, որքան էլ, որ դա գնալով դժվարանում է»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց «Հիկարի» կենտրոնի նախագահ, փառատոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը։

Փիլիպոսյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում հայ հանդիսատեսին է ներկայացվել շուրջ 40 ճապոնական ֆիլմ․ «Ամեն տարի ներկայացվում են նոր ֆիլմեր։ Ժամանակակից կինոռեժիսորների աշխատանքներ  են այսօրվա ճապոնացու մասին՝ իր հաջողություններով, անհաջողություններով, երջանկությամբ և սիրով»։

Հանդիսատեսի արձագանքը հասկանալու համար կազմակերպիչները հարցաթերթեր են կազմել։ Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո կինոդիտողը լրացնում է հարցաթերթն ու հանձնում։ Այսպես կինոսերները գնահատում են  փառատոնային ֆիլմերը, ինչը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ ֆիլմեր կարելի է ցուցադրել հաջորդ տարի։

 Ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Լյումիեր եղբայրները չէին էլ պատկերացնում, որ, ստեղծելով իրենց շարժապատկերը, ստեղծում են համաշխարհային քաղաքակրթությունների առաջընթացն ապահովող մի շատ հետաքրքիր գործիք։ Նրանք չէին էլ պատկերացնում, որ կինոն կարող է դառնալ ժողովուրդների, պետությունների հաշտեցման, ապագայի խաղաղ կարգավորման միջոց։

Չափազանց ուրախ եմ Ճապոնական ֆիլմերի փառատոնի համար, անշուշտ առավել ուրախ կլինեմ, եթե համատեղ ֆիլմարտադրության պայմանագրեր լինեն։ Այսօր կինոարտադրությունը Հայաստանում հասել է այն աստիճանի, որ կարելի է համարձակվել նման քայլի գնալ և նման առաջարկներ անել օտարերկրյա արտադրողներին»,- նշեց նախարարը։

Աննա Կարապետյան