ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԵՆԱԼԵՆ

tpagrutyan-bienale-2016
  «Հայաստանը մշակույթի երկիր է: Այստեղի մշակութային ծրագրերն իսկապես շատ հետաքրքիր են: Դուք կինոյի և երաժշտության հրաշալի փառատոներ ունեք, սակայն գեղարվեստական տպագրության ոլորտը մի փոքր զիջում է։ Մենք կփորձենք այդ բացը լրացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

ՀՀ-ում Լեհաստանի և Գերմանիայի դեսպանների աջակցությամբ 2017 թվականի նոյեմբերին Երևանում կմեկնարկի Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն: Մասնակցության հայտերն ընդունվում են 2016-ի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը:

Բիենալեն նախաձեռնել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը։ Նախագահ Սոնա Հարությունյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի զարգացմանը միտված նշանակալի քայլեր են արվել, օրինակ՝ «Արթ գրուպ» ստեղծագործական խմբի կողմից Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված «Էստամպ 2007» միջազգային ցուցահանդեսը։

 «Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեում հատկապես կարևորում ենք ոլորտում ստեղծագործող հայ արվեստագետների մասնակցությունը: Բիենալեի շնորհիվ նրանց համար ապահովվում է մի հարթակ, որտեղ կարող են իրենց ձեռքբերումները ներկայացնել»,- նշեց Սոնա Հարությունյանը:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին էլ իր հերթին նկատեց, որ հաջորդ տարի նշանակալից իրադարձություն է ոչ միայն բիենալեն, այլև Լեհաստանում առաջին հայկական համայնքի ստեղծման 650-ամյակը և հույս հայտնեց, որ 2017 թվականը Հայաստանի ու Լեհաստանի համար սերտ համագործակցության տարի կլինի:

Սիրանուշ Հայրապետյան