«Երևան. հայացք 21-րդ դարից»

yerevan
    Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակի» կայարանում տեղի է ունենալու «Երևան. հայացք 21-րդ դարից»  լուսանկարների  ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի պատմության թանգարանի համագործակցության արդյունքում: Այն յուրաքանչյուր տարի անցկացվում է «Եվրոպայի ժառանգության օրերի» շրջանակներում Եվրոպայի մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Միջոցառմանը աջակցում են  «Տերակոնի» և «PanARMENIAN Photo» կազմակերպությունները:
    Ցուցահանդեսում ներկայացված են լինելու  19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի Երևանի լուսանկարները: Առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երևանին՝ առանձին փողոցներ, հասարակական, վարչական և անձնական նշանակության կառույցներ, որոնք ընդգծում են Երևան քաղաքի այդ ժամանակահատվածին բնորոշ կոլորիտը:
    Այն հարցին, թե ինչու և ինչպես է ընտրվել ցուցադրության տարածքը (այս դեպքում Հանրապետության հրապարակի կայարանը),  Մշակույթի նախարարության աշխատակից Լուսինե Թորոյանը նշեց հետևյալը. «Ընտրվել են մետրոյի կայարանները՝ «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ», քանի որ նշվածները սոցիալական վայրեր են և շատ լավ հնարավորություն են տալիս  հասարակությանը մոտ լինելու մշակույթին»: Լուսինե Թորոյանը նաև հավելեց, որ վաղը լուսանկարների ցուցադրությունը տեղի կունենա «Բարեկամություն», «Երիտասարդական», Հանրապետության Հրապարակ» կայարաններում, իսկ «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարաններում աշխատանքների ցուցադրությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 23-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 21-ը:
                                                                            Արվեստաբան Անի Հայկազուն