Ե՞ՐԲ ԵՍ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԳԻՐՔ ԿԱՐԴԱՑԵԼ․ ԳՐՔԻ ԳԻՇԵՐ-2017

0-0-0
  Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բուկինիստ» գրախանութի դիմաց` գրատախտակին, գրված է․ «Ե՞րբ ես վերջին անգամ գիրք կարդացել»: Գիրք կարդալ շատերն էին ուզում. սիրելի ստեղծագործությունը գնելու համար պետք է քո տեղը գտնեիր անընդհատ ավելացող հերթի մեջ:

 «Գրքի գիշեր-2017»-ն այս տարի իր պատվավոր տեղն է գտել «Էրեբունի-Երևան-2799»  միջոցառումների ցանկում: Միսաք Մանուշյանի անվան պուրակում միջոցառումները սկսվել են ժամը 18:00-ից ու շարունակվել մինչև կեսգիշեր: Կեսգիշերից հետո գրքատոնը տեղափոխվել է առցանց հարթակ, որտեղ «Բուկինիստ» գրախանութի ամբողջ տեսականին շարունակվել է վաճառվել 30% զեղչով:

 «Նախաձեռնությունը ծնվել է անցյալ տարի և ունեցել շատ մեծ հաջողություն։ Այս տարի որոշեցինք ավելի լայն ձևաչափով անել, կարծում եմ՝ մարդիկ շատ գոհ կլինեն այս միջոցառումներից: Սա շարունակական բնույթ կկրի ու կդառնա լավ ավանդույթ»,- ասել է «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

 Օդի սառնությունը կարելի էր կոտրել մեկ բաժակ տաք թեյով ու շարունակել հետևել միջոցառումներին: «Թեյախմություն ենք կազմակերպել, թեյելու ենք հրավիրում երևանցիներին, դարչինով թեյ ու բլիթներ հյուրասիրում»․ Զաքարյան Քրիստինե:

 Տաղավարներից մեկը նման էր հեքիաթային աշխարհի: «Գրքի գիշեր-2017»-ի թեման «Ալիսան հրաշքների աշխարում» հեքիաթն է: Փորձել ենք ստեղծել գեղեցիկ ու վառ մթնոլորտ երեխաների համար»,- պատմել է Աշոտ Գաբրիելյանը։ Երեխաներն իրար հերթ չտալով լուսանկարվում էին չար թագուհու և Ալիսայի հետ:

 Հնարավորություն էր ստեղծվել ծանոթանալու, խոսելու ու ինքնագիր վերցնելու սիրելի հեղինակներից: Այստեղ էին Հրաչյա Մանուկյանը, Գուրգեն Խանջյանը, Հրաչյա Ամիրյանը, Յուրա Սարգսյանը, Հովիկ Չարխչյանը:

 Շատ էին նաև ինտերակտիվ խաղերի տաղավարները: Դրանցից մեկն էլ Գրքամոլ ակումբի կազմակերպած խաղն է։ «Այս տաղավարում Գրքամոլ ակումբն իր անդամների հետ միասին  անցկացնում է վիկտորինա, որտեղ միջոցառմանը եկած մարդիկ, պատասխանելով  գրականության, գրողների վերաբերյալ հարցերին, հավաքում են միավորներ և ստանում նվեր` գիրք», ասել է Գրքամոլ ակումբի հիմնադիր Համլետ Մուրադյանը:

 Մեկ այլ տաղավարում խաղում են «Այլ կերպ», «Բառախաղ»: Մի փոքր այն կողմ  գրքերը փաթեթավորված են ու մեկ նախադասությամբ հուշում։ Հինգ գիրք գուշակողը ստանում է զեղչի քարտ:

 Բազմաբնույթ միջոցառումների շարքում են նաև տիկնիկային ներկայացումը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տաղավարը, որտեղ, բացի գրքերից, հեռուստատեսային տարբերակով ներկայացվում են նաև երեխաների ընթերցմամբ Աստվածաշնչյան հատվածներ: 

 Միջոցառումների շարքն ամբողջացնում էր կենդանի երաժշտությունը՝ Ռուբեն Քամալյանի, Քրիստ Մանարյանի, Վահան Արծրունու և ուրիշների մատուցմամբ:


Մերի Հովհաննիսյան