Երաժշտությունը միավորում է հոգևորն ու ֆիզիկականը

barenboim
    Աշխարհահռչակ դիրիժոր և դաշնակահար Դանիել Բարենբոյմը Հայաստանում է: Իր ղեկավարած Բեռլինի նվագախմբի հետ Բարենբոյմն այսօր հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի ընթացքում կհնչեն Ֆրանց Շուբերտի  թիվ 6 և Լյուդվիգ վան Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիաները:
    Բարենբոյմը Հայաստան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշում է, որ Բարենբոյմի այցը բացառիկ է փառատոնի համար և փառատոնի պատմության ընթացքում ամենադժվար կայացած երևույթներից մեկը: Ռոստոմյանը դիրիժորի այցը պատմական է համարում. «Այսօր դասական երաժշտության աշխարհում ավելի նվիրական անուն, քան Դանիել Բարենբոյմն է, դժվար է պատկերացնել, երկար տարիների երազանք էր մաեստրոյին տեսնել Հայաստանում»: 
    Բեռլինի նվագախումբը աշխարհի ամենահին նվագախմբերից մեկն է, 450 տարվա պատմություն ունի: Բարենբոյմը նվագախումբը ղեկավարում է 2000թ.-ից. «Պոլ Վալերին մի ֆանտաստիկ բան է ասել, որի մասին ես ամեն օր հիշում եմ` հիշողությունը պետք է նաև ներկա ունենա: Նվագախումբն ունի հզոր անցյալ, բայց անցյալը պետք է ներկա լինի ներկայում, հակառակ դեպքում այն դառնում է մեխանիկական հիշողություն»:
    Խոսելով իր ղեկավարած ժամանակահատվածի մասին՝ Դանիել Բարենբոյմն ասաց. «Շարունակում եմ պահել երաժիշտների ուշադրությունը երաժշտության վրա այնպես, ինչպես կար և իհարկե բերել այն ժամանակակից աշխարհ: Մենք ընդլայնեցինք երգացանկը, օպերայինը պահպանելով` ընդգրկեցինք նաև ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքներ. հանդիսատեսը մեր կողքին է»:
   Դիրիժորը կարևորում է խմբակային աշխատանքը և ասում, որ անհատականորեն ուսումնասիրելով նյութը բարձր արդյունքի հասնել նվագախմբի դեպքում՝ դժվար է, եթե ոչ անհնարին. «Երաժշտությունը աճելու հատկություն ունի, երբ մեծ խմբի կողմից է ստեղծվում: Այն համախմբում է մեծ քանակով մարդկանց, որոնք այդ պահին մտածում են նույն բանի մասին: Մյուս կողմից` երաժշտությունը մեծ անհատականություն է պահանջում, ստացվում է՝ այն ստիպում է հակառակ երևույթների ապրել միասին»: 
    «Որոշ մարդկանց համար երաժշտությունը մաթեմատիկական երևույթ է, որոշների համար էլ` փիլիսոփայական, բայց երաժշտությունը և՛ այդ բոլորն է, և՛ դրանից շատ ավելին»,- նշում է դիրիժորը:
   Բարենբոյմը երաժշտությունը մարդու ներքին հատկանիշ է համարում, միակը, որ համախմբում է մարդու ֆիզիկական և հոգևոր աշխարհները. «Բառերով երաժշտությունն արտահայտել չենք կարող, եթե ես կարողանայի ձեզ բացատրել Բեթհովենի յոթերորդ սիմֆոնիայի իմաստը, այսօր այն չէի ղեկավարի»:
Աննա Կարապետյան