ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏԱՆԸ

dzmerayin-anurjner
  Փետրվարի 11-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ձմեռային անուրջներ» խորագրով համերգը: Այն «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգն էր:
    Համերգի առաջին հատվածում հնչեցին արիաներ, երկրորդ հատվածում՝ ռոմանսներ, իսկ ընդմիջմանը ունկնդիրներին առաջարկվեց այցելել ցուցասրահներ և ծանոթանալ թանգարանի պատմությանը, ինչն էլ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի խոսքերով, հենց այս ծրագրի առանձնահատկությունն է:
    Նա նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում են այս շարքի համերգները. «դրանք սովորաբար տեղի են ունենում ամսվա որևէ հինգշաբթի օր կամ մի քանի հինգշաբթի օրերի՝ կախված ծրագրերի բազմազանությունից և հագեցվածությունից»:
    Մեզ հետ զրույցում տնօրենը նշեց նաև, որ շարքի համերգները հիմնականում թեմատիկ են. «Այս անգամ, ինչպես տեսնում եք, ընտրվել է «Ձմեռային անուրջներ» խորագիրը: Ելույթ ունեցող բոլոր երաժիշտներ երիտասարդ են, որոնք, սակայն, արդեն հաստատուն քայլեր են արել իրենց մասնագիտական ասպարեզում, միջազգային մրցույթների մրցանակակիրներ են»:
    Համերգին ելույթ ունեցան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Հայկ Տիգրանյանը, Արման Նիկոլյանը, Կիմ Սարգսյանը, Քրիստինա Սաֆարյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Սոֆյա Թումանյանը: Դաշնամուրային նվագակցությունն ապահովեցին Վասիլի Ռոլիչը, Ելենա Վարդազարյանը, Արմեն Աղաջանյանը, Էլեն Կիրակոսյանը և Մարիաննա Անտոնյանը: 
Մարգարիտա Ղազարյան