«ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ»․ ՀՈՂԱՐՎԵՍՏԻ ՎԱՐՊԵՏԸ

547
    «Այն ամենը, ինչ ես փորձել եմ երկրի վրա, կյանքում, այն ամենը, ինչն ինձ բավականություն է պարգևել, ես արտահայտել եմ հողարվեստի միջոցով։ Ես ուզում եմ պայմանական խորհրդանիշերի միջոցով արտահայտել մարդու հարատև գոյությունը»։

 Մարկոս Գրիգորյան, 1990թ․
   
    Կտավ, ցեխ, հող, գուաշ և «Խավարումը» պատրաստ է։ «Խավարումը» և արվեստագետ Մարկոս Գրիգորյանի (1925-2007թթ․) հողարվեստի մյուս նմուշներն այժմ ցուցադրվում են Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Արծիվ» ցուցասրահում։
    Ներկայացված են ցուցանմուշներ Միջին Արևելքի արվեստի թանգարանից, Սերգեյ Փարաջանովի թանգարանից, Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնից, ինչպես նաև Սարգիս Համալբաշյանի, Էդուարդ Կարսյանի հավաքածուներից։
    «Հողարվեստում Մարկոս Գրիգորյանը հիմնադիր և դպրոց ստեղծող արվեստագետ է։ Տեսնում ենք այն անասելի պաշտամունքը, որ արվեստագետը տածում էր հողի և հողի հետ օրգանական կապի մեջ գտնվող այլ տարրերի հանդեպ։ Ոչ թե երգում էր հողի խորհուրդը կամ հողին ներբող հյուսում, այլ որպես հումք  բերում էր կերպարվեստ և ստեղծում այնպիսի տրամադրություն, որ հողն ինքը պատմի իր մասին։
    Որքան Մարկոս Գրիգորյանի արվեստն աշխարհում ավելի նոր բնագծեր է նվաճում, ավելի մեծ հռչակ ու ճանաչում է ձեռք բերում, այնքան մենք համառում ենք ճանաչել նրան, այն դեպքում, երբ արվեստագետի աշխատանքները 20 տարուց ավելի է, ինչ հանգրվան են գտել Հայաստանում՝ մայրաքաղաքի սրտում»,- «Խաչմերուկներ» ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։
    Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի խոսքով՝ կարևոր էր ցույց տալ այն շերտերը, որոնք թաքնված են Գրիգորյանի բազմակողմանի կերպարի մեջ․ «Նա խտացումն է Արևելքի և Արևմուտքի մշակույթների։ Նման խաչմերուկում գտնվելու արդյունքում էլ ծնվում է այն արվեստը, որ հիմա տեսնում ենք»։
991     «Խաչմերուկներ» ցուցահանդեսի նմուշները տպագրվել են երկլեզու (հայերեն-անգլերեն) պատկերագրքում, որը ձևավորել է իրանահայ նկարիչ Էդիկ Պողոսյանը։
    «Մի անգամ եմ հանդիպել Մարկոսին։ Կարիք չկար, որ քեզ շատ տեսած լիներ  ճանաչելու համար, միանգամից գիտեր՝ ով ես, որտեղ ես գնալու, ինչ պոտենցյալ ունես։ Երբ պատմում էին, չէի հասկանում, թե խոսքն ինչի մասին է, բայց հանդիպման ընթացքում նկատեցի, որ այնպիսի հոտառություն ունի, որ մերկացնում է քեզ, և դու զինաթափվում ես»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց նկարիչը։
    Պողոսյանը պատմեց, որ ժամանակին Մարկոս Գրիգորյանն իր համակիր նկարիչների և քանդակագործների հետ ստեղծել է «Նկարիչների և քանդակագործների անկախ խումբ»։
    «Քչերը գիտեն, որ այն օրվանից, երբ հանդիպեցի Մարկոսին, ուզում էի այդ խմբի հետահայաց ցուցադրությունը կազմակերպել Իրանում։ Խմբի բոլոր անդամներն  այդ ժամանակ ողջ էին։ Իմ մեջ էի որոշել, առիթ չունեցա գաղափարս նրա հետ կիսելու։ Ցավոք սրտի չիրականացավ։ Տարիներ անց կարծես ինձ հետ կանչեց, և  բախտ ունեցա զբաղվելու պատկերագրքի դիզայնով, քիչ, թե շատ պարտքս վերադարձրի»,- պատմեց նա։
    Նկարիչը Գրիգորյանի աշխատանքները անվանում է “earth works”՝ երկրային աշխատանքներ՝ նեղ համարելով «հողարվեստ» ասվածը։
    «Հիացած էր շինարարական նյութերով։ Կարող էր արվեստի համար գործիք դարձնել ցանկացած բան՝ կոտրված աթոռից մինչև հող։ Գնում էր դեպի բնություն։ Բանվորի նման էր աշխատում հողի և մյուս նյութերի հետ»,- նշեց մեր զրուցակիցը։
    «Խաչմերուկներ» ցուցահանդեսը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բաց կլինի մինչև օգոստոսի 28-ը։ Կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում այցելուները կարող են ծանոթանալ նաև Մարկոս Գրիգորյանի գորգարվեստին։

Աննա Կարապետյան