«Ոսկե ծիրան» 11. Փառատոնին 70 ֆիլմ կցուցադրվի

tsiran
«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն այսօր ներկայացրեցեին փառատոնի այս տարվա մրցութային ծրագրերը և ժյուրիի կազմը: Փառատոնի ծրագրերի տնօերն Միքայել Ստամբոլցյանը, փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը և Հայկական համայնապատկեր ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանը լրագրողներին ներկայացրին ընտրված ֆիլմերը, ընտրող հանձնաժողովներին, ինչպես նաև խոսեցին ժյուրիի անդամների մասին:
 
«Ոսկե ծիրանն» այս տարի ավանդաբար պահպանում է չորս մրցույթները: Ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:
 
Ներկայացված ավելի քան 1500 հայտերց (շուրջ 95 երկրից) մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրվել է մոտ 70 ֆիլմ. 10-ը միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` Հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:
 
Անվանակարգերում ներկայացված են ինչպես հանրաճանաչ, այնպես էլ սկսնակ ռեժիսորներ: Կազմակերպիչներն առանձնացրեցին երկու անգամ «Օսկարի» ներկայացված ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերին և սկսնակ ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկին: Վերջինիս «Ցեղը» կինոժապավենը Կաննում կինոքննադատների հավանությանն է արժանացել ու մրցանակի արժանացել: Այս անվանակարգի ժյուրին կղեկավարի իտալացի կինոքննադատ Մարկո Մյուլերը: Վերջինս 8 տարի ղեկավարել է Վենետիկի կինոփառատոնը: Միջազգային վավերագրականի ժյուրին կգլխավորի Իտալիայից ժամանած մեր հայրենակից ու հայտնի ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը: 
 
«Հայկական համայնապատկերում» կցուցադրվի 18 ֆիլմ: Ֆիլմերի հիմնական մասը պրեմիերաներ են: Ժյուրին կղեկավարի «Positif» կինոհանդեսի քննադատ եւ խմբագրական կոլեգիայի անդամ Ժան-Քրիստոֆ Ֆերարին: Հայկական համայնապատկերին զուգահեռ կլինի նաև հայկական արտադրության, սակայն ծրագրում չընդգրկված ֆիլմերի ցուցադրություն: Այդ ֆիլմերը կցուցադրվեն «Հայեր. հայացք դրսից» խորագրի ներքո: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին կղեկավարի Cinema South ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն Էրեզ Փերին:
 
«Ֆիպրեսի» ժյուրիի կազմում կլինեն կինոքննադատներ Վիկտոր Մատիցենը (Ռուսաստան) և Պաուլո Պորտուգալը (Պորտուգալիա), իսկ «Էկումենիկ» ժյուրիի կազմում կլինեն Թեո Պեպորտեն, Միքայել Մոգրենը և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:   
 
 «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային փառատոնն անցկացվելու է հուլիսի 13-20-ը: Փառատոնն այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի հիշատակին: Փառատոնը բացվելու է «Նռան գույնը» ֆիլմով՝ վերականգնված տարբերակով: