«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՖԻԼՄԵՐ ԵՎ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

GAIFF
    1600 հայտ աշխարհի 105 երկրից. «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար ուղարկված հայտերի քանակը փաստում է այն մասին, որ փառատոնը սիրված ու սպասված է ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Աֆրիկայից մինչև Լատինական Ամերիկա. ամենատարբեր երկրների ռեժիսորներ ու կինոգործիչներ ցանկություն են հայտնել դառնալու 12-րդ «Ոսկե Ծիրանի» մի մասը:
    Ինչպես այս տարվա մյուս մշակութային միջոցառումները, «Ոսկե Ծիրանն» էլ կանդրադառնա Հայոց ցեղասպանության թեմային: Փառատոնը կմեկնարկի Ռոբեր Գեդիգյանի «Ինձ մի ասեք, թե տղան խելագար էր» (պայմանական թարգմանությունն է) ֆիլմիցուցադրությամբ: «Ոսկե Ծիրանի» շրջանակներում կիրականացվեն նաև «Մենք կանք» և «Այլևս երբեք» ծրագրերը: «Մենք կանքը» կընդգրկի Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմեր, «Այլևս երբեքը»՝ առհասարակ ցեղասպանությունների, այդ թվում՝ Հոլոքոստ, Ռուանդա և այլն:
    Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հիմնական մրցութային անվանակարգերը պահպանվել են. «Մրցութային ծրագրերը նույնն են՝ խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ և «Հայկական համայնապատկերը»: Կլինեն նաև շատ արտամրցութային ծրագրեր («Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»): Կցուցադրվեն ֆրանսիական և գերմանական ֆիլմեր՝ նոր ֆիլմեր, նոր անուններ»:
    Փոխվել է նաև փառատոնի ազդագիրը: Նոր պաշտոնական ազդագրի հեղինակը դիզայներ Լիլիթ Մալխասյանն է:
    Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ֆիլմերի ցուցադրություններից բացի, ուսանողների և կինոյի սիրահարների համար կանցկացվեն վարպետության դասեր:
    ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ կիրականացվի նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը:
    ««Ոսկե Ծիրանը» այս տարիների ընթացքում դարձել է մեր մշակույթի խորհրդանիշը: Այն ամենաճանաչված ու հեղինականավոր ստուգատեսն է, այցեքարտ մեր երկրի համար»,-ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Վերջինս հույս հայտնեց, որ 12–րդ «Ոսկե Ծիրանը» կլինի լավագույններից մեկը փառատոնի պատմության մեջ:
12-րդ «Ոսկե Ծիրանը» կկայանա հուլիսի 12–19-ը: Կինոփառատոնի ժյուրիի կազմն այս տարի կգլխավորեն՝
 •  Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Գեդիգյան (Ֆրանսիա)
•  Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝Մարեկ Հովարկա (Չեխիա)
•  «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)
•  «Հայկական համայնապատկեր» ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա)
Աննա Կարապետյան