«Ոսկե ծիրան». «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում կմրցի 14 ֆիլմ

voske ciran-
   Այսօր` հուլիսի 3-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը մամլո ասուլիսով ներկայացրեց նախագծի առաքելությունը, ձեռքբերումները և առաջիկա հիմնական ծրագրերը:  Ասուլիսի բանախոսներն էին «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն և «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ՌԱՍ նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը և ՌԱՍ նախագծի հանրային կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանը:
   ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2011թ. հոկտեմբերին ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ հարթակում: «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՌԱՍ նախագիծը նախատեսում է իրականացնել մի քանի միջոցառում: Մասնավորապես, հուլիսի 15-17-ին տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը (վայրը` Անի Պլազա հյուրանոց), որն ամենամյա միջոցառում է և նպատակ ունի աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությունը և համարտադրությունը: Մասնակցության համար ներկայացված 24 նախագծերից 14-ը ընտրվել են ներկայացվելու և մրցելու զարգացման երեք դրամաշնորհների (€5,000, €3,500, €3,500) համար: Ստորև ներկայացնում ենք մասնակից նախագծերը.
 
   1.       «Բրավո, վիրտուզ» (Bravo, Virtuoso), ռեժ.` Լևոն Մինասյան, պրոդ.` Անի Որսկանյան, Հայաստան/Ֆրանսիա
   2.       «Սիրելի Արմեն» (Dear Armen), ռեժ./պրոդ.` Քամի Աբրահամյան, Կանադա/Հայաստան
   3.       «Ջիվանի-74» (Jivani-74), ռեժ.` Դիանա Մկրտչյան, պրոդ.` Արամ Խաչատրյան, Հայաստան/Վրաստան/Ռուսաստան
   4.       «Գեղադիտակ» (Kaleidoscope), ռեժ.` Թամթա Գաբրիչիձե, պրոդ.` Լաշա Խալվաշի, Վրաստան
   5.       «Սիրենաների կանչը» (Siren’s Call), ռեժ.` Ռամին Մատին, պրոդ.` Էմինե Յիլդիրիմ, Թուրքիա/Գերմանիա
   6.       «Թող այդպես լինի» (Let It Be), ռեժ.` Ալիսա Պավլովսկայա, պրոդ.` Մաքսիմ Ֆիրսենկո, Ուկրաինա
   7.       «Երկար այգիներ» (Long Gardens), ռեժ.` Նիկա Շեկ (Եվգենիա Շեկոյան), պրոդ.` Սարիկ Հովսեփյան, Շուշան Քոչարյան, Էլդար Ալբերտսոն, Հայաստան/Ադրբեջան
   8.       «Հարևաններ» (Neighbors), ռեժ.` Գրիգոր Աբաշիձե, պրոդ.` Ժոզեֆ «Սոսո» Բլիաձե, Վրաստան
   9.       «Տոմս առանց ետդարձի» (One Way Ticket), ռեժ.` Տինատին Կաջրիշվիլի, պրոդ.` Լաշա Խալվաշի, Վրաստան/Ֆրանսիա/Գերմանիա
   10.   «Դեղինի նրբերանգներ» (“Shades of Yellow), ռեժ.` Դավիթ Մաթևոսյան, համապրոդյուսեր` Վիկտորիա Չեմբարցևա, Մոլդովա/Հայաստան
   11.   «Մաքսանենգեր» (Smugglers), ռեժ.` Բեսո Սոլոմանաշվիլի, պրոդ.` Վլադիմեր Կաչարավա, Վրաստան  
   12.   «Ամառային թռչուններ» (Summer Birds), ռեժ.` Վերա Յակովենկո, պրոդ.` Լուդմիլա Կիրիլենկո, Ուկրաինա  
   13.   «Դաջվածք» (Tattoo), ռեժ.` Սյուզան Խարդալյան, Վահան Ստեփանյան, պրոդ.` ՊեԱ Հոլմքուիսթ, Հայաստան/Շվեդիա
   14.   «Վերջին բնակիչը» (The Last Inhabitant), ռեժ.` Ջիվան Ավետիսյան, պրոդ.` Մասիս Բաղդասարյան, Հայաստան
 
   Որպես դասավարներ` հրավիրված են «Eastern Europe German Films»-ի ներկայացուցիչ և «Saxonia Entertainment-ի Producer Documentaries»-ի ղեկավար՝ Սիմոնա Բաումանը, ARTVIVA –ի նախագահ և Film TEEP-ի նախագահ՝ Ռուքսանդռա Չեռնատը, Եվրոպական համարտադրության ֆոնդի և «Eurimages»-ի ֆրանսիացի պատվիրակ, Ֆրանսիայի կինոկենտրոնի միջազգային համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար Ջուլիեն Էզզանոն:
 
   Ֆորումի ժյուրիի կազմում կընդգրկվեն Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր Դան Բուրլաքը, «ARTVIVA»-ի նախագահ և «Film TEEP»-ի ղեկավար Ռուքսանդրա Չեռնատը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի համադրող Եվգենի Գուսիատինսկին, «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը,  գերմանացի պրոդյուսեր Քրիստին Հաուփթը, «Belgrade Industry Meetings B2B»-ի ղեկավար և «ART & POPCORN MOTION PICTURE COMPANY»-ի գլխավոր պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և պրոդյուսեր, «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը:  
 
   «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության ֆորումին կմասնակցեն կինոարտադրության այլ ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են նոր խոստումնալից նախագծերով:
 
   Այս տարի «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը կրկին կներկայացնի նաև «Ֆիլմեր առանց սահմանների» կինոծրագիրը: Ծրագրում կներկայացվի 17 թեմատիկ հետաքրքրական ֆիլմ՝ ստեղծված Արևելյան գործընկերության երկրներում և Թուրքիայում վերջին տարիներին: Ցուցադրությունները տեղի կունենան «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում` «Մոսկվա» եւ «Նաիրի» ՚կինոթատրոններում: Ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին «Մոսկվա» ՚կինոթատրոնի կարմիր դահլիճում «Եղբայրներ. Վերջին խոստովանությունը» (ռեժ.` Վիկտորյա Տրոֆիմենկո, Ուկրաինա) ֆիլմի ցուցադրությամբ: Սուսաննա Հարությունյանը, ֆիլմի պրոդյուսեր Իգոր Սավչիենկոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցային բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մեդինան կներկայացննեն ֆիլմը հանդիսատեսին:
   Հարկ է նշել, որ անցյալ տարին ՌԱՍ մասնակիցների համար շատ հաջող էր: Ներայացնենք հաջողության մի քանի պատմություն:
 
ՌԱՍ մասնակից Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմն արժանացավ «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ ՄԿՓ Հայկական համայնապատկեր ծրագրի գլխավոր մրցանակին:
 
2012թ. ՌԱՍ ֆորումի մասնակից և մրցանակակիր «Ցեղը» (The Tribe) (ռեժ.`Միրոսլավ Սլաբոշպիցկի) ուկրաինական ֆիլմը Կաննի ՄԿՓ-ի «Քննադատների շաբաթ» (Semaine de la Critique) www.semainedelacritique.com ծրագրում արժանացավ երեք մրցանակի: Ֆիլմը ներառված է «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ ՄԿՓ-ի միջազգային մրցութային ծրագրում: Մինչ այդ «Ցեղը» (The Tribe) ֆիլմն ընտրվել էր մասնակցելու «CentEast Market»-ին, 2013թ. ներկայացվել որպես ընթացքի մեջ գտնվող նախագիծ Վարշավայում և Մոսկվայում, իսկ 2014թ. ապրիլին` Պեկինի կինոշուկայում` որպես Պեկինի «CentEast» ծրագրի մաս:
 
   2013թ. ՌԱՍ նախագծի մասնակից «Territoria»-ն (հեղ.` Նորա Մարտիրոսյան և Ջեֆ Գալուստյան) ընտրվել էր մասնակցելու 2014թ. Կաննի ՄԿՓ-ի «Cinéfondation's Atelier»-ի 10-րդ մեկնարկին և Լոկարնոյի ՄԿՓ-ի «Բաց դռներ» հատուկ ծրագրին:
 
   ՌԱՍ նախագծի՝ Կիևում կայացած պրոդյուսերների դասընթացի (2013թ. հոկտեմբերի 21-25) մասնակից պրոդյուսեր Անի Որսկանյանը հրավիրվել էր մասնակցելու Կաննի պրոդյուսերների ցանցի 11-րդ մեկնարկին: Նա հրավիրվել էր Ֆրանսիայի կինոկենտրոնի կողմից (CNC)` «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի երաշխավորագրով: Կաննից վերադառնալուց հետո Անի Որսկանյանը հիմնել է իր պրոդյուսերական ընկերությունը` «anEva Production»:
 
 ՌԱՍ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի միջոցով և իրականացվում է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից իր գործընկերների` «INTERNEWS» (Ուկրաինա),  «Cinema Art Centre Prometheus» (Վրաստան) և «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի (Հայաստան) հետ համատեղ: