«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՐԳ Է ԱՎԵԼԱՑԵԼ

voske-ciran-2016
Հուլիսի 10-17-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 13-րդ  միջազգային փառատոնը։ Այն նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

«Անկախությունը սկսեցինք չունենալով ֆիլմ, կինոստուդիա, ծրագիր, 25-ամյակին հասել ենք բազմաթիվ ֆիլմերով և շատ հայ ռեժիսորների մասնակցությամբ։

Աշխարհին ցույց տվեցինք, որ Հայաստանը կինեմատոգրաֆիկ հասցե է։ Կարողացան աշխարհի հայ ռեժիսորներին կապել Հայաստանի հետ»,- տարիների հաջողություններից երեք կարևորագույններն է առանձնացնում կինոռեժիսոր, փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։

Մեր երկրի անկախության հոբելյանի առիթով «Ոսկե ծիրանի» ծրագրում ընդգրկվել է «Հայկական կինո. արդի ժամանակներ» անվանակարգը։ Ծրագրի շրջանակներում  կներկայացվեն անկախության տարիներին  նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմեր: Մեկնարկը կտրվի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007 թ.) ֆիլմի ցուցադրությամբ։ Կինոքննադատները յուրաքանչյուր ֆիլմից առաջ կներկայացնեն ֆիլմի ստեղծման  պատմությունը։ Ծրագրի ավարտին նախատեսվում է կլոր սեղան–քննարկում նվիրված անկախության շրջանի կինոյի պատմությանը, զարգացման ուղիներին և խնդիրներին:

Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը վստահեցնում է՝ ինչպես մրցութային, այնպես էլ արտամրցութային ծրագրերը հագեցած են լինելու։

Կինոսերները հնարավորություն կունենան մասնակցելու գերմանական, ֆրանսիական, լեհական կինոյի օրերի, ծանոթանալու դանիական, ինչպես նաև բասկական կինոյին։

«Ամեն տարի աշխատում ենք ծանոթացնել մեր հանդիսատեսին այն երկրների ֆիլմերին, որոնք նրանք այլ կերպ տեսնել չեն կարող։ Շատ վաղուց էինք ուզում բարեկամություն հաստատել բասկերի հետ։ Ասում են՝ ինչ-որ կապ կա հայերի և բասկերի միջև, բացի այդ նրանց կինոն բավական հետաքրքիր է, շատ լավ ռեժիսորներ ունեն, և թեև դա իսպանական կինոյի շրջանակներում է, բայց իրենք համարում են, որ կա առանձին՝ բասկյան կինո»,- նշեց Ստամբոլցյանը։

 «Բասկական նոր կինո», «Դանիական նոր կինո», «Ֆրանսիական նոր կինո» ծրագրերից բացի կիրականացվի հատուկ ծրագիր նվիրված Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին։

«Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն  Խաչատրյանը կարևորում է ինչպես համաշխարհային ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում, այնպես էլ հայկական ֆիլմերի ցուցադրությունները մեր երկրի սահմաններից դուրս․«Շատ կարևոր է արտահանել հայկական ֆիլմերը, որովհետև բերելով, ցուցադրելով իհարկե շատ լավ կրթական, դաստիարակչական գործ ենք անում, բայց պետք է արտահանել, աշխարհին ցույց տալ, որ կա մի փոքրիկ Հայաստան երկիր, որն ապրում է մշակույթով, ստեղծում է և ստեղծագործում»։

Անդրադառնալով փառատոնի այս տարվա հյուրերին՝ Խաչատրյանն ասաց, որ ավանդույթի համաձայն հյուրերի մասին կտեղեկացնեն փառատոնի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։

«Դանիական, բասկյան, ֆրանսիական, գերմանական լավագույն ռեժիսորներ են գալու, հետաքրքիր մարդիկ։ Դերասանների գալը, որ դուք շատ եք սիրում, ես շատ չեմ սիրում, որովհետև մեծ գումարներ են անիմաստ ծախսվում։ Ինձ համար ավելի լավ է մեկ ռեժիսոր կանչել և հինգ ֆիլմ բերել, քան մի դերասան կամ դերասանուհի, որ մարդկանց մեջ գեղեցիկ հիշողություններ է արթնացնում»:

«Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։

Աննա Կարապետյան