«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»․ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

ciran-16-2
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կինոսերները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմեր աշխարհի 37 երկրից։ Փառատոնին ներկայացված 900 հայտերից ընտրվել են 43 ֆիլմեր, որոնք կպայքարեն մրցութային երեք ծրագրերում (12-ը` Միջազգային խաղարկային մրցույթում, 15-ը` Միջազգային  վավերագրական մրցույթում և 16-ը՝ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում):

«Ընտրությունը բավական դժվար էր, որովհետև լավ ֆիլմերը շատ էին։ Երբեմն հանձնաժողովում կատաղի վեճեր էին լինում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և ավելացրեց, որ վերջին երկու-երեք տարիներին հանձնաժողովում անպայման երիտասարդների են ընդգրկում. ճաշակների բախում է տեղի ունենում, ինչը շատ լավ է։

 Ընտրված խաղարկային ֆիլմերից փառատոնի ծրագրերի տնօրենն առանձնացրեց «Թոնի Էրդման» (Մարեն Ադե (Գերմանիա/Ավստրիա/Ռումինիա), «Գալիք» (Միա Հանսեն-Լյովե (Ֆրանսիա/Գերմանիա), «Աննայի կյանքը»  (Նինո Բասիլիա (Վրաստան) ֆիլմերը։

Փառատոնում կներկայացվի նաև թուրքական ֆիլմ։

«Փոշու շոր» (ռեժիսոր՝ Ահու Օզթյուրք) ֆիլմը թուրքական կյանքի համայնապատկերն է»,- նշում է Ստամբոլցյանը։

Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանի խոսքով՝ ներկայացված վավերագրական ֆիլմերը քանակով ամենաշատն են եղել (600 ֆիլմ)։ Հայտավորված ֆիլմերի մեծ մասը, սակայն, Խանջյանի բնորոշմամբ տխուր տպավորություն է թողնում։

Ներկայացված վավերագրական ֆիլմերի թեման մարդն է իր անձնական, ընտանեկան խնդիրներով, տարբեր երևույթների հետ ունեցած բախումներով։

Ֆիլմերից մեկն այդպես էլ չի համալրել վավերագրական ֆիլմերի շարքը, քանի որ հայտնվել է խաղարկային ֆիլմերի ցանկում։

«Կար մի ֆիլմ («Լուսավորյալների երկիրը» (Պիտեր-Յան Դը Պյու (Բելգիա/Իռլանդիա/Նիդերլանդներ/Գերմանիա/Աֆղանստան), որ մենք ընտրել էինք որպես վավերագրական, մյուս հանձնաժողովը՝ որպես խաղարկային։ Նրանք շատ էին, հաղթեցին»,- նշեց Արա Խանջյանը։

«Հայկական համայնապատկեր» ազգային ծրագրում կներկայացվի 5 խաղարկային լիամետրաժ ֆիլմ, որից 2-ը՝ պրեմիերայով (Աննա Արևշատյանի «Բարի լույս», Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»), և 7 վավերագրական ֆիլմ։

«Միշտ չէ, որ հայ ռեժիսորների կողմից վստահությունը տրվել է հենց փառատոնի շրջանակներում պրեմիերա անելուն։ Գուցե մտավախություն է եղել, որ դրսից եկած ֆիլմերն ավելի մեծ ճանաչում կամ հաջողություն պիտի ունենան»,- ասաց «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը։

Մրցութային փուլը չհաղթահարած ֆիլմերը Հայաստանի, հայերի մասին օտարերկրացի ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերի հետ մեկտեղ կներկայացվեն ազգային մրցույթին կից «Հայեր․հայացք ներսից և դրսից» ծրագրում։


Աննա Կարապետյան