«ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ»․ ՖԻԼՄ ՍԻՐԻԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

film-verjin-cankutyun
 Սիրիական պատերազմի աղետալի դրվագները չեն շրջանցել նաև մեր հայրենակիցներին։ Հայրենիք, սեր, խեղված ճակատագրեր, ներքին ապրումներ։

Կինովավերագրող Արմեն Խաչատրյանի «Վերջին ցանկություն» վավերագրական ֆիլմ-խոստովանությունը մեծ էկրանին է բարձրաձայնելու համար Հայաստանում բնակվող սիրիահայերի առօրյա խնդիրները։

«Ֆիլմի հիմնական թեման պատերազմն է, կրոնական անհանդուրժողականությունը, փախստականների կյանքը։ Փորձել եմ մարդկային ճակատագրերի միջոցով ներկայացնել այն խնդիրները, որոնք այսրոպեական են, լուծման ենթակա»,- Cultural.am-ին ասաց Արմեն Խաչատրյանը։

Կինովավերագրողը ֆիլմի պատրաստման վրա ծախսել է ավելի քան մեկ տարի՝ հանդիպելով և զրուցելով մոտ 30 փախստականների հետ։ Արդյունքում միայն երկու սիրիահայ է որպես հերոս ներգրավվել ֆիլմում, փոխանցել նախապես մտածված գաղափարը։ 

«Ֆիլմի վերնագիրը պատահական չի ընտրվել։ Հերոսները ֆիլմի վերջին 5 րոպեում պատմում են իրենց ցանկության մասին, որը,  կարելի է ասել, երբեք էլ չի կատարվի»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ «Վերջին ցանկություն» վավերագրական ֆիլմի ստեղծագործական կազմի որոշմամբ առաջիկայում այն ցուցադրվելու է նաև Միացյալ Նահանգներում, Չեխիայում, Ռուսաստանում։

Ալինա Նահապետյան