ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԿՀՆՉԻ ԱՐՑԱԽՈՒՄ

7896
    Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկատարվի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը`  Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Կատարումը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակներին։
    Համերգի գեղարվեստական ղեկավարն է հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Հայաստան գալն իր համար վերադարձ է դեպի տուն, դեպի իր երաժշտական մանկություն։
    «Անասելի ուրախ եմ և երջանիկ, որ այսպիսի նախագիծ է իրականացվում հենց իմ սիրելի Հայաստանի տարածքում։ Ես այստեղ եմ մեծացել։ Ապրում էինք Աբովյան փողոցում։ Հայրս ծառայում էր այստեղ։ Հաճախում էի Չեխովի անվան դպրոց։ Հայաստանի մշակույթը, երաժշտությունը, որը վերարտադրել  է մեծն Կոմիտասը, ես գիտեմ, զբաղվել եմ դրանով, եղել եմ դրա մեջ։ Ցանկացած այց այստեղ բոլորովին պատահական չէ։ Ինձ հարցնում են՝ ինչու՞ Հայաստան․․․որովհետև ես հասկանում եմ այս երկիրը, սիրում եմ այն, շատ հին և ամուր կապերով կապված եմ այս երկրին»։
    101Կազարնովսկայան կարևորում է հատկապես Արցախում ելույթ ունենալը․«Չի կարելի շշի խցանի նման փակել մարդկանց էմոցիաները, կյանքի բոլոր ուրախությունները և ասել, որ այդ հողը անձեռնմխելի է։ Այնտեղ պիտի լինի երջանկություն, մարդիկ են ապրում, շատ են երեխաները, շատ սեր կա, և նրանք իրոք սպասում են տոնի։ Արցախում «Ռեքվիեմը» հնչելու է հանուն խաղաղության, բարության և արդարության»։
    Համերգն անցկացվելու է Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի դիրիժոր, պրոֆեսոր Անատոլի Լևինի դիրիժորությամբ։ Դիրիժորը վերջին անգամ Հայաստանում է եղել մոտ երեսուն տարի առաջ․ «Շատ եմ սիրում Հայաստանը։ Այստեղ շատ ընկերներ ունեմ։ Հետաքրքրվում եմ այն ամենով, ինչ տեղի է ունենում հայ երաժշտության, ինչպես նաև կիրառական արվեստի ոլորտներում։ Երբեք չեմ մոռանա հիացմունքս, երբ այցելեցի Ժամանակակից արվեստի թանգարան»։
    Լևինը տեղեկացրեց, որ համերգի նախապատրաստական աշխատանքներն ու փորձերն ընթացքի մեջ են։ Դիրիժորը շատ տպավորված է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի պրոֆեսիոնալիզմով։
    «Երեկվա փորձերից հետո ուղղակի մշակութային շոկի մեջ էի։ Նման երգչախմբեր աշխարհում մատների վրա կարելի է հաշվել. շատ քիչ են։  Չեմ չափազանցնում, իրոք անհավանական է։ Դեռ կոնսերվատորիայի ուսանող էի, երբ առաջին անգամ եղա երգչախմբի համերգին, անմոռանալի էր, և այն, ինչ ես երեկ լսեցի, նույնպես։ Այսքան տարի պահել այդ մակարդակը ուղղակի ֆանտաստիկ է»,-նշեց նա։
   
   Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է «Հ. Մաղաքելյանի բարեգործական հիմնադրամը»։

Համերգային ծրագիրը ներկայացնում ենք ստորև՝

Մասնակիցներ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան),
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան),
Արցախի պետական երգչախումբ (գեղ. ղեկավար և դիրիժոր՝Նինա Գրիգորյան),
«Մռակած»պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Մարինե Մեսրոպյան)։

Մենակատարներ
Յանա Սաֆոնովա   սոպրանո, Ռուսաստան
Վիշնիա Ռադոսավ   մեցո սոպրանո, Սերբիա
Ալեքսանդր Չեռնով   տենոր, Ռուսաստան
Նիկոլա Ուլիվերի    բաս, Իտալիա
Աննա Կարապետյան