«ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԻ ՖԵՆՈՄԵՆԸ

mecamor
Մեծամոր քաղաքի զարգացման ընթացքը վիզուալ քարտեզագրման արդյունքների միջոցով ներկայացնելու համար սեպտեմբերի 17-ին Սիրահարների այգում բացվեց «Վերանայելով Մեծամորը» ցուցահանդեսը:

Լուսանկարիչ Կատարինա Ռոթերսի հեղինակած լուսանկարները միտված են վերաձևակերպելու ճարտարապետության հանրային ընկալումներն ու վերարժևորելու ճարտարապետների սոցիալական դերակատարությունը։

«Ծրագրի նպատակն է վերընթերցել Մեծամորի ֆենոմենը և հասկանալ քաղաքի այսօրվա մարտահրավերները՝ դրանց համադրմամբ ստանալով քաղաքի մասին ընդհանրական պատկեր։ Մեծամորի ֆենոմենը, ունիկալությունն այն է, որ ընդհուպ մինչև վերջին շենքը նախագծվել է մեկ ճարտարապետի՝ Մարտին Միքայելյանի կողմից։ Հետաքրքիր է նաև, որ քաղաքն ավարտին չի հասցվել, այլ մնացել է կիսատ»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
1 RTM KatharinaRoters.jpg
Միջավայրային և սոցիալական խնդիրների բարձրաձայնման հետքերով Ուրբանլաբի մասնագետները «Վերանայելով Մեծամորը» նախագծի վրա աշխատել են 2016 թվականի հունվարից։

«Իրականացրել ենք արխիվային հետազոտություններ, տեսողական քարտեզագրում, ստեղծել ենք ազգագրագետներից, մարդաբաններից բաղկացած խումբ, որպեսզի կարողանանք հասկանալ քաղաքի ֆենոմենը և այս ցուցահանդեսի միջոցով ներկայացնենք նաև հանրությանը»,- ասաց Սարհատ Պետրոսյանը։
2 RTM KatharinaRoters.jpg
Ցուցահանդեսում ներկայացված են Կատարինա Ռոթերսի 2015-2016 թվականներին կատարված լուսանկարները, ինչպես նաև Հայնախագիծ ԲԲԸ-ի և Մարտին Միքայելյանի ընտանիքի արխիվային նյութերը։ Ցուցադրության վրա աշխատել են նաև Սարհատ Պետրոսյանը (համադրող), Միսակ Խոստիկյանը (տեքստի հեղինակ), Նվարդ Երկանյանը (ձևավորում) և Արմինե Շահբազյանը (համակարգող)։
3 RTM KatharinaRoters.jpg
Ուրբանլաբի իրականացրած այս ծրագիրը ֆինանսավորվում է Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի կողմից, Հայնախագիծ ԲԲԸ-ի, Հայաստանի ճարտարապետների միության և Պողոսյան պարտեզների աջակցությամբ։ Նույն օրը Հայաստանի ճարտարապետների միության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Հետխորհրդային քաղաքներ» թեմայով կլոր սեղանը և ցուցահանդեսը մուլտիդիցիպլինար աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունք են։ Ուրբանլաբի այս և մյուս ծրագրերը, միտված են վերաձևակերպելու ճարտարապետության հանրային ընկալումներն ու վերարժևորելու ճարտարապետների սոցիալական դերակատարությունը։

Նշենք, որ «Վերանայելով Մեծամորը» ցուցահանդեսը Սիրահարների այգում ներկայացված կլինի մինչև սեպտեմբերի 30-ը, այնուհետև կներկայացվի նաև Մեծամոր քաղաքում։

Ալինա Նահապետյան