ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «ՍԵՎ ԳԻՐՔ, ԾԱՆՐ ԲԶԵԶ» ԳԻՐՔԸ

0-0-00000
 «Գրողը ճանապարհ է դուրս գալիս առավոտ կանուխ, բոլորից առաջ, երբ աքաղաղն անգամ առաջին կանչն արած չի լինում, բայց երբեք որևէ տեղ չի հասնում. նրա կարևորությունը միշտ գնալու մեջ է». հատված գրքից։

 Դեկտեմբերի 8-ին՝ Լևոն Խեչոյանի ծննդյան օրը, կայացավ վերահրատարակված «Սև գիրք, ծանր բզեզ» գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է ընդամենը 200 օրինակով, ՀՀ մշակույթի նախարարության պատվերով։

 Շնորհանդեսին ցուցադրվեց «Խնկի ծառեր» ֆիլմը և Ռուբեն Մանգասարյանի Արցախյան ֆոտոշարքը։

 Գիրքը նվիրվում է հրազդանցի ազատամարտիկներին, ովքեր կանգ չառան ոչ մահվան առաջ, ոչ էլ Աստծուն ծաղրեցին։ Այն պատերազմի ու արվեստագետի մասին է։ Արվեստագետի, ով տեսնում է մահվան խավարն ու աստղերի լույսը, ով իր կյանքի լավագույն տարիներին թափառում է մահվան ու երջանկության եզրին՝ հավատալով մարդուն ու նրա հաղթանակին, բայց այս ստեղծագործության մեջ չկան բուն պատերազմի ընթացքն ու հանգույցները պատկերող նկարագրություններ։

 Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշում է, որ Լևոն Խեչոյանի գործի արժեքն անպատմելի ավելին է, քան նրա ապրած տարիները։ «Ինչպիսին մարդն է, այնպիսին նրա գիրն է։ Գիրը ձիգ էր, ազատություն կար, տխրություն կար, և պատմվածքներն էլ թռիչքաձև էին, ոչ տրամաբանական զարգացում ունեին, որի խորքում կար փրկում»,- ավելացնում է պարոն Միլիտոնյանը։

 Գրականագետ Դավիթ Գասպարյանը գրողի մասին ասում է. «Լևոն Խեչոյանն անմրցելի էր ոչ միայն գրականության մեջ, այլև մարտի դաշտում։ Նա երբեք կողքից դիտողի կերպարում չգտնվեց, գրիչը մի կողմ դրեց ու մեկնեց ռազմաճակատ, երբ հայրենիքն ուներ դրա կարիքը»։

 Լևոն Խեչոյանը 2000-ին «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։

 1988 թվականից նրա ստեղծագործությունները սկսում են տպագրվել մամուլում։ Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը։ Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել 2014 թվականի հունվարի 15-ին։

 Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով:


Լիլիա Արզումանյան