Վախճանվել է թատերագետ Մարգարիտա Յախոնտովան

Yakhontova

   Կյանքի 79-րդ  տարում  վախճանվել է  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, թատերագետ Մարգարիտա Վիկտորի Յախոնտովան:

   Ծնվել է 1935 թ. հուլիսի 2-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), 1952-1956 թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը: 1965 թվականին Մ. Յախոնտովան տեղափոխվել է Երևան, աշխատակցել «Գրական թերթ», «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» և այլ թերթերին: Ավելի քան 50 տարի նա անմնացորդ ծառայել է հայ և ռուս թատրոններին: 1971 թվականից մինչև վերջին տարիները նա աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1982-1989 թթ. աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում, նախ որպես գրական մասի վարիչ, ապա՝ Հր. Ղափլանյանի և Ալ. Ասլամազովի հետ համատեղ հանդիսացել է «Բարեկամություն» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցող թատրոնների երևանյան հյուրախաղեր: 1985 թվականից համատեղությամբ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ իբրև գեղարվեստական ղեկավարի օգնական: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար:

   Մ. Յախոնտովան միշտ աչքի է ընկել խոր գիտելիքներով, հրաշալի բեմազգացությամբ, թատերական քննադատի ճշմարիտ ու ազնիվ կեցվածքով: Տասնյակ տարիներ նրա գրախոսականները, հայ մշակույթի գործիչների դիմանկարները, վերլուծական հոդվածները լույս են տեսել հեղինակավոր թերթերի և հանդեսների էջերում: Հեղինակ է երկու գրքերի, որոնցում ճշգրտորեն վերարտադրել է ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տվել օբյեկտիվ գնահատականներ: 2006 թ. Մ. Յախոնտովան արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

    Հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ին, տեղի է ունեցել Մ. Յախոնտովայի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորությամբ:

   Մարգարիտա Յախոնտովայի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 2-ին, ժամը 12:00-14:00-ն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը: