ՎԱՉԵ ՇԱՐԱՖՅԱՆ. ՓՈՐՁԵՆՔ ՎԱՂԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ

sharafyan-kamerayin
Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նախօրեին կայացավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:

«Վաչե Շարաֆյանը շատ տաղանդավոր կոմպոզիտոր է, յուրովի մտածողության տեր, ով ունի իր սեփական ձեռագիրը, իր ուղղությունը: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Վաչե Շարաֆյան կոմպոզիտորի և հրաշալի անձնավորության հետ»,- Cultural.am-ին ասաց դուդուկահար Գևորգ Դաբաղյանը՝ հավելելով. «Ես կարող եմ դուդուկի հետ կապված ստեղծագործությունների վերաբերյալ խոսել և պետք է նշեմ, որ այդ ստեղծագործությունները դուդուկին թույլ են տալիս ազատ դրսևորվել ազգային գույների, պատմության մեջ՝ նկարագրելով հայի անցած ճանապարհը, գալիքի մասին պատկերացումները»:

100-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ Վաչե Շարաֆյանի խոսքով, պատահական չէ, որ հոբելյանական երեկոն սկսվում է «Հաջորդ օրը» ստեղծագործությամբ: «Ամբողջ կյանքը ստեղծագործություն է և կոմպոզիտորի համար ամեն բան նշանակություն ունի: Կյանքում շատ բաներ են ինձ վրա ազդեցություն թողել, այդ թվում նաև այն, որ ես 4 տարի ապրել եմ Երուսաղեմում: Իհարկե, հաճելի է, որ ամբողջ երեկոն քեզ է նվիրված, հաճելի է, որ իմ 13-ամյա դուստրը նույնպես ելույթ է ունենալու՝ նվագելով իմ ստեղծագործություններից ջութակի առաջին կոնցերտը: Ես ցանկանում եմ շնորհակալություն ասել նրանց, ովքեր իմ կողքին են և պետք է միասին փորձենք վաղը դարձնել ավելի գեղեցիկ: Հենց այդ նպատակով էլ ընտրվել է համերգի բացումն ազդարարող ստեղծագործությունը»,- Cultural.am-ին ասաց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն՝ ավելացնելով, որ երաժշտությունը պետք է ապրի ամենուր: 

Վաչե Շարաֆյանը ծնվել է 1966թ., Երևանում: 1990թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1992-96թթ եղել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսուցիչ և դաշնակահար: 1997թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: Գրել է Սիմֆոնիա (1990թ.), Կոնցերտ լարայինների, «Կոնցերտ-սերենադ» ջութակի և լարայինների, Կոնցերտ սաքսոֆոնի, դաշնամուրի և լարայինների, «Տարվա եղանակներ»` 12 գործիքների, «Կոնչերտո գրոսսո», «Վահագնի ծնունդը» սոպրանոյի և ջութակի համար, կատարել հոգևոր երգերի մշակումներ:

Ալինա Նահապետյան