ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆԻ ՏՈՀՄԱԿԱՆ ՏՈՒՆԸ

1257
    Ամերիկացի բանաստեղծ, ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիր Ուոլթ Ուիթմենի տոհմական տունը, որը գտնվում է Ուեսթ Հիլզում (West Hills), վաճառքի է հանվել 740,900 դոլարով:
    Հինգ ննջասենյակ և չորս լոգասենյակ ունեցող առանձնատունը, որը կառուցվել է 1967 թվականին, դեռևս պահպանում է իր նախնական կառուցվածքը ներառյալ ձեռքով հղկված փայտե հատակները և նույնիսկ ձեռքով ամրացված մեխերը:
    «Առանձնատանը անխափան գործում Է սանտեխնիկան և էլեկտրականությունը, սակայն հնության որոշակի նշաններ կան»,- ասում է Լինդա Ուոլը, ով Մարիա Բոկարդի հետ կիսում է սեփականությունը: 
   Առանձնատանը կա և գործում է հին ջրամբար, որն ապահովում է տան ջրամատակարարումը, իսկ պատուհանների շրջանակները պահպանել են իրենց նախնական տեսքը:
    Սեփականությունը շրջապատված է մի քանի շատ հին ծառերով: Այնտեղ կա նաև ձիասպորտի համար նախատեսված տարածք ամբարով ու ախոռներով և քոթեջ՝ նախատեսված հյուրերի համար:
    «Առանձնատունը բանաստեղծի հետ առնչություն ունեցող ինը կառույցներից մեկն է. այն Ուիթմենի հողատարածքի մաս է կազմում: 700 ակր տարածքը որոշ ժամանակ պատկանել է ընտանիքի անդամներին»,- պատմում է բանաստեղծի ծննդավայրի հարցերով զբաղվող ընկերության աշխատակից Ռիչարդ Ռըյանը:
    «Այս վայրը ոգեշնչել է Ու. Ուիթմենին «Խոտի տերևները» գրելիս,- ասում է Ռըյանը,- ամենայն հավանականությամբ նրան դուր է եկել այս տանը երկար ժամանակ անցկացնել»:
    Թե՛ Ռըյանը, թե՛ Ուոլթ Ուիթմենի ծննդավայրի հարցերով զբաղվող ընկերության (Walt Whitman Birthplace Association) նախագահ Ուիլիամ Ուոլթերը, ասում են, որ տունը միայն մեկ անգամ է պատկանել Ու. Ուիթմենի հորեղբորը, որը 1788 թվականին վաճառել է տարածքը հեղափոխական զինվոր Թիմըթի Կարլին:
    «1908 թվականին տան ամենահին հատվածը փոփոխության է ենթարկվել մեկ այլ տուն կառուցելու համար»,- ասում է Ուոլթերը:
     Այդ տունն արդեն վաճառվող սեփականության մաս չի կազմում:
Թարգմանությունը՝ Անի Հակոբյանի