«ԹՎԱՊԱՏՈՒՄ». ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐԱԶԳԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

6542
    «Լրագրողներ, մեդիափորձագետներ մեկ հարկի տակ. նման բացառիկ  հանդիպումներ այնքան էլ հաճախ չեն լինում հատկապես օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ, ինչը մեծ առաջընթաց եմ համարում: Փորձի փոխանակումը շատ կարևոր էր»,- մեզ հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» աշխատակից, մեդիափորձագետ Լիլիթ Հովհաննիսյանը:
       Վերջինս մասնակցում էր «Թվապատում» միջազգային մեդիա երկօրյա կոնֆերանսին, որի ընթացքում քննարկվեցին լրագրողական պատմություններ թվային միջավայրում:
    «Փորձել ենք ներկայացնել ամենալավ լրագրողական պատմությունները՝ հատկապես ներգրավելով արտերկրի այն ԶԼՄ-ները, որոնք հայտնի են Հայաստանում և ինչ-որ չափով չափանիշ են այստեղի լրագրության համար»,- նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակից Գեղամ Վարդանյանը և տեղեկացրեց, որ մտադիր են կոնֆերանսը դարձնել ամենամյա:
       Մեդիա կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Լեսլի Թորնթոնը (Արիզոնայի համալսարան, ԱՄՆ), Ելենա Կիրյուշինան («Дождь» հեռուստաընկերություն, Ռուսաստան), Ալեքսանդր Պոլիվանովը (Meduza.io, Լատիվա), Նինո Մաճարաշվիլին (Jumpstart Georgia, Վրաստան), Սունջեմ Քոչերը (Քադիր Հաս համալսարան, Թուրքիա):
      «Հետաքրքիրն այն է, որ անկախ երկրից բոլորը խոսում էին միևնույն խնդիրների մասին: Շատ կարևոր է հասկանալ՝ որտեղ ես դու գտնվում որպես ԶԼՄ, արդյոք ժամանակին համահունչ ես գործում: Երբ աշխատում ես փոքր-ինչ մյուսներից կտրված, մտածում ես՝ մենք թրենդի մե՞ջ ենք, արդյոք նույն բանն ենք անում:  Զեկուցումները փաստեցին, որ ամեն բան ճիշտ է ընթանում»,- Cultural.am-ին պատմեց Meduza.io կայքի նոր ժանրերի և հատուկ նախագծերի պատասխանատու Ալեքսանդր Պոլիվանովը:
       Հյուրերը տեղացի փորձագետների հետ միասին ներկայացրին ժամանակակից մուլտիմեդիա գործիքներ և ժանրեր, որոնք տեղեկատվությունը դարձնում են ավելի գրավիչ ու մատչելի: Հայաստան եկած մասնագետները պատմեցին իրենց երկրի ու մասնավորապես իրենց ներկայացրած ԶԼՄ-ի փորձի, նորարարական նախագծերի, լսարանի հետ հաղորդակցման ձևերի մասին: Սեմինար-քննարկումների ժամանակ անդրադարձան նաև մեդիադաշտում առկա տարբեր մարտահրավերների:
      «Շատ լավ նախաձեռնություն է: Ցանկալի կլիներ, որ տարվա ընթացքում մի քանի անգամ անցկացվեր: Առիթ է ստեղծվում, որ տարբեր ԶԼՄ-ներ ներկայացնող, տարբեր հայացքներ ունեցող լրագրողներ հանդիպեն, մտքեր փոխանակեն, ինչպես նաև իմանան, թե ինչպես է զարգանում աշխարհը թվային միջավայրում: Ի վերջո լրագրության կանոնները նույնն են բոլորի համար: Պետք է հասնել նոր տեխնոլոգիաների, նոր գործիքների հետևից»,- ասաց «911» շաբաթաթերթի լրագրող Աննա Հայրապետյանը:
  «Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Նյութը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի