Թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի պոեզիան հայերեն թարգմանությամբ

111
     2014 թվականին աշխարհի տարբեր երկրներում նշվում է թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի ծննդյան 290-ամյակը: Հայաստանը ևս բացառություն չէ: Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացավ թուրքմեն բանաստեղծ, փիլիսոփա և մտածող Ֆրագիին նվիրված միջազգային կոնֆերանս, որին ներկա էր ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ինչպես նաև Թուրքմենստանից ժամանած հատուկ պատվիրակությունը: Զեկուցումների միջոցով ներկայացվեց Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործական գործունեությունը, որին հաջորդեց Ֆրագիի հայերեն գրքի շնորհանդեսը:
  Ֆրագին արդեն երրորդ անգամ է հայերեն թարգմանվում, բայց սա առաջին ուղիղ, այսինքն` բնօրինակից կատարված թարգմանությունն է: Նախորդ երկու հրատարակությունները (1959թ., 1983թ.) կատարվել են ռուսերենից:ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը նշում է, որ նախկին հրատարակությունները սովետական շղարշի ներքո էին. «Նախորդները սովետական կլիշեներ ունեին, հակամուսուլմանական էին և չէին համապատասխանում այժմյան իդեոլոգիային, այդ պատճառով էլ վերահրատարակելը նպատակահարմար չէր: Ժողովածուում, իհարկե, կան նախորդ գրքերից հաջող թարգմանություններ, բայց հիմնականում բնօրինակից թարգմանված գործերն ենք ընդգրկել»:
  Ժողովածուն թուրքմեներենից հայերեն է թարգմանել բանաստեղծ-թարգմանիչ Վարուժան Խաստուրը: Թարգմանիչն ասաց, որ աշխատանքը միաժամանակ և´ հեշտ էր, և´ դժվար. «Դժվար էր, քանի որ պետք է փորձեի հնարավորինս համարժեք ներկայացնել այլ ազգի հոգեբանություն և վիճակ, բայց նաև հեշտ էր, որովհետև մեր գուսանական, աշուղական դպրոցը` ի դեմս Սայաթ-Նովայի, ունեի որպես օրինակ»: Մահթումկուլի Ֆրագիի-Սայաթ-Նովա զուգահեռներ անցկացրեց նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Նրանց գործերում արտահայտված են նմանատիպ մտորումներ և խնդիրներ. նույնն է նրանց ժամանակը, նույնն է նաև նրանց մտքի խորությունը»: Արամ Սիմոյանը նաև ընդգծեց այն հանգամանքը, որ, չնայած մեր օրերում պոեզիայի հանդեպ հետաքրքրությունը նվազել է համեմատած քսաներորդ դարի երկրորդ կեսի հետ, բայց ամեն գիրք գտնում է իր ընթերցողին. «Իմաստուն խոսքը և լավ բանաստեղծությունը առանց ընթերցողի չեն մնա»:
  Կոնֆերանսի ընթացքում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի ուսանողները հայերեն և թուրքմեներեն ներկայացրին Ֆրագիի բանաստեղծությունները: Մահթումկուլիին և Հայաստանին նվիրված իր բանաստեղծություններն ընթերցեց թուրքմեն պոետ Մուրադ Օմուրը: Ընթերցումներին հաջորդեց Թուրքմենստանի մասին ֆիլմի դիտումը: Այնուհետև ելույթ ունեցան թուրքմեն բախշիները (գուսանները): Հենց բախշիներն են, հին ժամանակներում երգելով, սերնդեսերունդ փոխանցել Մահթումկուլի Ֆրագիի բանաստեղծությունները:
   Տարվա ընթացքում Մահթումկուլի Ֆրագիի օրեր կանցկացվեն նաև աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես տեղեկացրեց թուրքմենական ճանաչված միջնադարագետ Անակուրբան Աշիրովը, արդեն ընթացքի մեջ են Ֆրագիի իսպաներեն և անգլերեն ժողովածուների նախապատրաստական աշխատանքները: Անգլալեզու ժողովածուի շնորհանդեսը նախատեսվում է Վաշինգտոնում:
 
                                                                                                        Աննա Կարապետյան