«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ

heqiati-paraton
Սեպտեմբերի 9-15-ը Լոռու, Շիրակի մարզերում և մայրաքաղաքում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնը: Այն նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

«Ավանդույթի համաձայն, փառատոնի մեկնարկը կտրվի Լոռու մարզի Դսեղ գյուղում, Հովհաննես Թումանյանի հուշարձանին ծաղկեդրման արարողությամբ: Դսեղում փառատոնի մասնակիցները կդիտեն Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը՝ նվիրված բալլադի 130-ամյակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը:

Նրա փոխանցմամբ՝ փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 10-ին Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:

«Շիրակի վեց քաղաքներում կլինեն ներկայացումներ՝ հրավիրելով նաև հարևան գյուղերի փոքրիկներին»,- նշեց Սաֆարյանը:

Փառատոնին այս տարի կմասնակցեն տիկնիկային թատրոններ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Հունգարիայից և այլ երկրներից:

«Արտասահմանյան թատերախմբերը ներկայացումները խաղում են իրենց լեզվով, սակայն երեխաների համար ամեն ինչ հասկանալի է, քանի որ հիմնականում այնպիսի ներկայացումներ են ընտրվում, որոնց տեքստային մասը փոքր է»,- ասաց Սաֆարյանը:

Նա տեղեկացրեց, որ փառատոնի ծրագիրը ներառում է «Երեկոյան ակումբ», որի ընթացքում կկայանան ներկայացումների քննարկումներ, մտքերի փոխանակում: Հայտնի տիկնիկային գործիչներ Հեդի Կովաչը, Սերգեյ Բրիժանը, Պաոլո Ռեչը և ուրիշներ կանցկացնեն «Տիկնիկները հանուն խաղաղության», «Տիկնիկային արվեստը և երեխաների ազատ ժամանցի կազմակերպումը», «Երջանիկ մանկություն՝ երջանիկ ապագա» և այլ թեմաներով վարպետության դասեր: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Սիրանուշ Հայրապետյան