Տպավորություններ, որ տեքստ են դառնալու

tapan-2014
    Արտերկրից ժամանած և հայաստանյան գրողների տասնօրյա նավարկությունը այսօր մոտեցավ իր ավարտին: «Գրական տապան 2014»-ն այլևս պատմություն է: Փառատոնի համահիմնադիր, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը ամփոփեց արված աշխատանքը, այնուհետև հյուրերին հնարավորություն ընձեռեց արտահայտելու իրենց կարծիքը տապանի մասին և կիսվելու իրենց տպավորություններով:
    Ֆրանսիացի գրող Սերժ Վենտուրինին տապանի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելուց հետո ավելացրեց. «Մեծագույն շնորհակալությունս եմ հայտնում նաև Գրիգոր Նարեկացուն, Քուչակին, Սայաթ-Նովային և Եղիշե Չարենցին, քանի որ այս գրողները ինձ վրա մեծ ազդեցություն են թողել, և հիմա ես ինձ  հայ գրող եմ համարում»:
    Ալիսա Գանիևան Հայաստան է ժամանել Ռուսաստանից: Սա գրողի առաջին այցելությունն է մեր երկիր: Գանիևան ասում է, որ գրողների մի մասի հետ արդեն ծանոթ էր, բայց շատերն իր համար բացահայտում եղան. «Ծանոթացա տարբեր գրողների հետ, որոնց գործերը պատրաստվում եմ կարդալ թարգմանություններով: Բացի այդ, եղանք տասնյակ եկեղեցիներում, վանքերում, որտեղ բաց էներգետիկ դաշտ կա, ինչը ենթագիտակցորեն ազդել է բոլորիս վրա, որոշ ժամանակ անց մենք դա կզգանք: Հիմա տպավորություններս հատվածային են, բայց երբ վերադառնամ, դրանք  տեքստեր կդառնան»:
    Արդեն 6-րդ անգամ Հայաստանում է չեխ գրող Լադիսլավ Վետվիչկան: Մինչ Հայաստան գալը ոչ մի հայ գրողի չի իմացել, բայց ինչպես ինքն է պատմում, միշտ երազել է լինել այնպիսի միստիկ վայրերում, ինչպիսիք են Հայաստանն ու Վրաստանը. «Դժվար կլինի բացատրել` ինչու եմ արդեն 6-րդ անգամ գալիս Հայաստան: Ամեն ինչ սկսվեց առաջին այցելությունից, երբ Արցախի մարդկանց հետ էի զրուցում,  նրանց մեջ հոգի կա, որն անընդհատ հետ է կանչում: Պատմական տեսակետից Հայաստանի և Չեխիայի միջև շատ ընդհանրություններ եմ տեսնում: Ինչպես Հայաստանն է այսօր երեք կողմից շրջապատված թշնամիներով, այնպես էլ 30-ականներին իմ հայրենիքը` Չեխիան էր թշնամիներով շրջապատված: Ահա թե ինչու ես կարող եմ  հասկանալ  հայ մարդկանց հոգեբանությունը»:
Աննա Կարապետյան