Տպավորիչ և հաճելի

DSC_0268

Սեպտեմբերի 12-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի բակում տեղի ունեցավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Համերգային մեծ ծրագիրը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը:

Երևանի պետական համալսարանը պարբերաբար կազմակերպում է մեծամասշտաբ համերգներ, արդեն ունի ավանդույթ դարձած ամենամյա միջոցառումներ և ամենակարևորը, որ դա անում է իր ուսանողների ուժերով: ԵՊՀ-ում արդեն շուրջ 10 տարի գործում է Մշակույթի կենտրոնը (տնօրեն` Կարինե Դավթյան), որն էլ կազմակերպում է այդ միջոցառումները: Մշակույթի կենտրոնի նպատակն է բոլոր ԵՊՀ ուսանողներին, որոնք ընտրել են այս կամ այն մասնագիտությունը, սակայն ունեն օժտվածություն երգի, պարի բնագավառում, հնարավորություն տալ դրսևորելու նաև այդ ունակությունները:

Մշակույթի կենտրոնում գործում են տարբեր խմբեր` ԵՊՀ երգչախումբը (գեղ. ղեկավար` Կարեն Սարգսյան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), անհատ կատարողներ, պարի խումբ (ղեկավար` Իրեն Ուլիխանովա), թատրոն-ստուդիա (գեղ. ղեկ.` Կարինե Դավթյան):

Պետք է նշել, որ թեպետ կատարողներից շատերը պրոֆեսիոնալ չեն` չեն ստացել համապատասխան կրթություն, սակայն իրենց կատարումներով չեն զիջում պրոֆեսիոնալներին, և դա Կենտրոնի մեծ ձեռքբերումն է, որտեղ այդ ուսանողների հետ աշխատում են ճանաչված մասնագետներ: