«Թող մեր մամուլը հավաստի լինի»

valentin-podpomogov
    Այսօր ճանաչված ռեժիսոր, նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի հիշատակի օրն է: Այս առիթով ներկայացնում ենք նրա խոսքերը հայաստանյան և ընդհանրապես մամուլի ու լրագրության մասին: Հիշեցնենք, որ Պոդպոմոգովը ծնվել և երկար տարիներ ապրել է Երևանում: Նրա մայրը հայ էր, հայրը՝ ուկրաինացի: Նա իրեն համարել է հայ և մեծ ներդրում է ունեցել հատկապես հայկական մուլտֆիլմի զարգացման գործում:

    «Կարդում եմ բոլոր թերթերը, բացի վատերից: Հնարավոր է՝ իմ գնահատականը ամբողջական չլինի, որովհետև հայալեզու թերթերն ինձ համար հարազատներս են կարդում, բայց կարող եմ միանշանակ ասել, որ թերթային նման առատության մեջ հնարավոր չէր «յոլա գնալ» առանց վատ թերթերի ու շատ վատ թերթերի:
    Ինձ չի հետաքրքրում` ինչպես է հագնվում նախագահի կինը կամ քանի պիջակ ունի Տեր-Պետրոսյանը:
Ես նյարդայնանում եմ, երբ օգտագործվում է ցանկացած առիթ ինչ-որ մեկին «մերկացնելու» կամ, հակառակը, հագցնելու համար: Այս հարցում շատ թերթեր են մի մեղք գործում՝ չարախոսում: Եվ որևէ մեկը իրեն նեղություն չի տալիս՝ փաստարկներ, ապացույցներ, փաստեր բերելու: Համոզիչ չեն ու ձանձրալի են: Թեև, երևի ամեն տեսակի թերթեր էլ պետք են...
    Իհարկե, տարբեր թեմաներ պետք է լուսաբանվեն թերթերում: Բայց ես ձանձրանում եմ մեծածավալ նյութերից: Սկսում ես կարդալ հոդվածը և հենց նույն պահին ձանձրալի է դառնում: Նշեմ, որ սա չի վերաբերում հավասարակշռված և հակաքարոզչական նյութերին, քաղաքական թեմաներին, նյութերին, որոնք Լեռնային Ղարաբաղին են վերաբերում, մշակույթի, անցյալի գործիչների մասին հոդվածներին: Փառք Աստծո, եթե ինչ-որ թերթ համարում է, որ արվեստի և մշակույթի խնդիրները երկրորդական են, կան նաև այնպիսիք, որ այդ թեմաների կողմնակիցն են, և սա ինձ ընտրելու հնարավորություն է տալիս: Չէ՞ որ կար ժամանակ, երբ մենք ընտրելու հնրավորություն չունեինք...
    Գիտեք, մի անգամ Մարկ Տվենը գերեզմանոցում տապանաքարերից մեկի վրա կարդում է. «Ազնիվ մարդ և մեծ լրագրող»: «Ահա թե ինչ,- ասում է նա,- մի գերեզմանոցում երկու տարբեր մարդկանց են թաղել»: Որքան հիշում եմ մոտովորապես նման մի բան: Բայց ամեն դեպքում կուզեի, որ լրագրությամբ զբաղվեին պարկեշտ, ազնիվ մարդիկ:
    Ինչ տեսակետ կներկայացնեն նրանք հետո, կաևոր չէ, բայց անպարկեշտ, անազնվ մարդիկ լրագրությամբ չպետք է զբաղվեն: Ես հավատում եմ, որ լրագրողների մեծ մասը պարկեշտ մարդիկ են: Նրանք իհարկե կարող են իրենց անպարկեշտ պահել, բայց կարծում եմ, այդպես երկար չեն կարող շարունակել:
    Թերթը պետք է անկեղծ լինի իր ընթերցողի հետ: Ատում եմ քարոզչությունը: Այստեղ պետք է նշեմ, որ հակաքարոզչությունը քարոզչություն չէ, դա աշխատանք է: Եթե սա խոսափող է, ուրեմն խաբեբա է: Թող մեր մամուլը հավաստի լինի: Չի կարելի վազել այսրոպեական փաստերի ետևից: Պետք է սովորել անկեղծ և պրոֆեսիոնալ մոտենալ ամեն ինչին»:
Ռուսերենից թարգմանեց Աստղիկ Հակոբյանը