Տորոնտոյի կինոփառատոնի արդյունքները

Toronto

    Ավարտվել է հյուսիսամերիկյան ամենախոշոր կինոփառատոններից մեկը, որի 11 օրերի ընթացքում ցուցադրվել է ավելի քան 50 երկրների 372 ֆիլմ: Տորոնտոյի կինոփառատոնի յուրահատկությունն այն է, որ այստեղ չկա պրոֆեսիոնալ ժյուրի. գլխավոր մրցանակակիրը որոշվում է հանդիսատեսի ձայների շնորհիվ:

    Բարձրագույն People's Choice մրցանակին արժանացել է Դեյվիդ Ռասելի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմը: Ֆիլմի սցենարը հիմնված է Մեթյու Քուիկի համանուն վեպի վրա, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է նախկին ուսուցիչը ութ ամիս հոգեբուժարանում բուժվելուց հետո վերադառնում ծնողների տուն:

    Խելագարության և սոցիոպատիայի թեմաներով այլ ֆիլմեր ևս արժանացել են մրցանակների: Օրինակ գլխավոր մրցանակներից մեկը ստացել է Մարտին Մակդոնահի «7 հոգեկան հիվանդներ» ֆիլմը, իսկ վավերագրական կինոյի ոլորտում լավագույնն է ճանաչվել Ջարեդ Լետոյի «Արտեֆակտ» ֆիլմը:

    Տորոնտոյի կինոթառատոնի ժամանակ տեղի է ունեցել Ջո Ռայթի «Աննա Կարենինայի» նոր էկրանավորման պրեմիերան, որի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Կիրա Նայթլին: Չնայած կինոքննադատները դրական են գնահատել աշխատանքը, սակայն ֆիլմը դեռևս մրցանակների չի արժանացել: