Տեմպուս Հեսդեսպիի եզրափակիչ կոնֆերանսը Երևանում

tempus
   Հունիսի 27-28 Երևանում անցկացվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Տեմպուս ծրագրի «Բարձրագույն կրթության համակարգի զարգացումը սոցիալական գործընկերության բարելավման և հումանիտար գիտությունների մրցունակության համար» նախագծի եզրափակիչ կոնֆերանսը:
    Կոնֆերանսի նպատակն էր ամփոփել ծրագրի մասնակից երկրների` Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ունեցած ձեռքբերումները Տեմպուս Հեսդեսպիի շրջանակներում:
    Հիշեցնենք, որ Հայաստանից ծրագրին մասնակցում էին Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Եվրոպական կողմից ծրագրին աջակցող գործընկերներն էին` Բոլոնիայի համալսարանը (Իտալիա), Մինհոյի համալսարանը (Պորտուգալիա) և Ռիգայի Տեղեկատվական համակարգերի կառավարման ինստիտուտը (Լատվիա), որը նաև ծրագրի համակարգողն է:
    Եզրափակիչ կոնֆերանսին ելույթ ունեցավ ԵԳՊԱ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Խոսելով ծրագրի հաջողություններից` նա նշեց, որ ծրագիրը ոչ միայն նպաստեց կրթական ոլորտի բարեփոխումների իրականացմանը, այլև  մի գաղափարի շուրջ համախմբեց տարբեր երկրներ և կրթական հաստատություններ:
    Բացման խոսքով հանդես եկավ նաև Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նրա խոսքով` ծրագիրը հնարավորություն ընձեռեց նախևառաջ ինտեգրվել միջազգային կրթական համակարգին: Հ. Թոքմաջյանը վստահաբար ասաց, որ ծրագրի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումները դրական ազդեցություն են ունեցել կրթական համակարգի զարգացման ծրագրերրի վրա:
    Մշակույթի փոխնախարար Արևիկ Սամույելյանը մեծապես կարևորեց այս կոնֆերանսի անցկացումը Երևանում:
«Իսկապես ողջունելի է այն աշխատանքը, որն արվել է մինչ օրս: Արվեստի կառավարումը մեծ նշանակություն ունի, ծրագրի շնորհիվ արվեստի կառավարման մասնագետներ պատրաստելու շատ կարևոր և շատ հաջող փորձ է արվել»,- ասաց նա:
tempus-    Տեմպուսի ազգային գրասենյակի կոորդինատոր Լանա Կառլովան էլ նշեց, որ արդեն երեք տարի գործող Տեմպուս Հեսդեսպի ծրագիրը միավորել է բազում երկրներ և կրթական հաստատություններ: Ապա տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից կյանքի կկոչվի ևս մի ծրագիր, որը կկրի «Էրազմուս բոլորի համար» անվանումը` բոլորին հնարավորություն ընձեռելով համագործակցել միմյանց հետ:
    Հիշեցնենք, որ Տեմպուս Հեսդեսպի ծրագրի հիմքում ընկած էր միասնական, մատչելի և հաջողված մեթոդաբանական առաջարկությունների համակարգի մշակումը,  ինչը կբարձրացներ հումանիտար գիտությունների մրցունակությունը և կաջակցեր նրանում սոցիալական գործընկերների ներգրավմանը:
    Ծրագրի խնդիրներն էին` հումանիտար գիտությունների ոլորտում, ներառյալ մշակույթը և արվեստը, հաստատել համագործակցություն Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Եվրոպական Միության համալսարանների ու սոցիալական գործընկերների միջև` կրթական մոտեցումների կատարելագործման նպատակով, աջակցել գործընկեր երկրներին ներկա իրավիճակը գնահատելու գործում` իրենց ուսումնական ծրագրերում և մեթոդաբանության մեջ նոր ուղղությունները շեշտադրելու և Եվրոպական Միության համալսարանների և սոցիալական գործընկերների լավագույն փորձի հիման վրա անհրաժեշտ փոփոխություններ կատարելու նպատակով, մշակել կրթական մոտեցմանը վերաբերող մեթոդաբանական առաջարկություններ` հումանիտար գիտությունների մրցունակության մեջ սոցիալական գործընկերությունը բարելավելու նպատակով, մշակույթի ոլորտում մշակույթի կառավարչի համար մշակել մասնագիտական ստանդարտներ և նորացնել համապատասխան ուսումնական ծրագրերը` երաշխավորելու համար մեթոդական առաջարկությունների կիրառելիությունը, մշակել նյութեր` Եվրոպական որակավորումների շրջանակում ընդգրկվելու նպատակով, ապահովել համապատասխան նախարարությունների, ոլորտի գործատու կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների մասնակցությունը կրթական մոտեցման մեթոդաբանության մշակման գործում, տարածել նախագծում ձեռք բերված փորձը ակադեմիական և մասնագիտական կապերի ու գործընկերների միջոցով:
                                                                                                                                   Լիլիթ Վահանյան