Տեղի ունեցավ Դ. Համբարձումյանի «Նշան, լեզու, տեքստ» գրքի շնորհանդեսը

diana hambardzumyan
    Օգոստոսի 10-ին Երևանի կենտրոնական պուրակներից մեկում` Կոմիտասի և Սայաթ-Նովայի հուշարձանների հարևանությամբ տեղի ունեցավ գրող, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի նոր` «Նշան, լեզու, տեքստ» գրքի շնորհանդեսը: Ինչպես նշեց հեղինակը, հավաքվել էին իր համար թանկ ու սիրելի մարդիկ` գրողներ, գրականագետներ, դասախոսներ, լրագրողներ, շատ-շատ հեռու տարիների ուսանողներ, ջահել ու սիրուն անծանոթ զույգեր, պատահական մարդիկ, որ հետաքրքրվում էին գրքով, կանգնում իր կողքին, խոսում, կատակում, գիրքն առնում ձեռքները, կարդում, արձագանքում, լուսանկարվում ու անպայման գիրքն իրենց հետ տուն տանում` մանրամասն կարդալու: «Գրողի համար սրանից մեծ գնահատանք չկա»,- հավելեց հեղինակը: Բանասիրական հոդվածների այս ժողովածուն ընդգրկում է Դիանա Համբարձումյանի` վերջին տարիներին գրած հոդվածները, որոնք, որպես զեկուցումներ, հնչել են միջազգային և հանրապետական գիտաժողովներում ու փառատոներում: Գիրքը տպագրության է երաշխավորել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտխորհուրդը, հրատարակմանն իր մասնակցությունն է բերել
diana«Ապոլոն» հրատարակչությունը, տպագրությունն իրականացրել է «Զանգակ-97» տպարանը: Ուսումնասիրությունները հիմնված են համաշխարհային և հայ գրականության նշանավոր հեղինակների` Ու. Ֆոլքների, Ջ. Ջոյսի, Ու. Սարոյանի, Հր. Մաթևոսյանի, Գ. Խանջյանի գրական նյութի վրա: Ինչպես նշել է գրքի գրախոսներից մեկը` բ.գ.թ. Լիլիթ Գալստյանը. «Կարծում եմ, որ ժողովածուն հասցեագրված է ոչ միայն բանասիրական ամենալայն շրջանակներին` ուսանողներին, գիտնականներին, այլև որակյալ ընթերցողին, ով գրական տեքստից անդին թափանցելու ցանկություն ունի»: Գրքին ու հեղինակին նորանոր հաջողություններ ենք մաղթում:
                                                                                                                                          Անի Հակոբյան