Թեև այս տարի ծիրան քիչ կա, «Ոսկե ծիրանը» մեկնարկեց

voske ciran meknark2

   «Այս տարի ծիրան քիչ կա: Եթե չլինեին մեր հովանավորներր, չէինք ունենա ո՛չ ծիրան, ո՛չ էլ «Ոսկե ծիրան», այսօր բոլորը բաժանեցինք եկեղեցում, և ոչ մի հատ չմնաց», - ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու կատակեց, թե եթե  ոսկե ծիրան  բերեն բեմ, փառատոնը կհայտարարեն բացված, եթե ոչ` ոչ:

   Երբ Հարություն Խաչատրյանի ձեռքում հայտնվեց ոսկե ծիրան, նա բեմ հրավիրեց «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավոր «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, և նրանք միասին փառատոնը հայտարարեցին բացված:

   «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը տրվեց արդեն ավանդական դարձած Ծիրանօրհնեքով: Հիշեցնենք, որ կինոփառատոնն այս տարի անցկացվում է 11-րդ անգամ և նվիրված է մեծանուն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Փարաջանովի արվեստը համամարդկային է. երկար տարիներ անց այս մասին շարունակում են վկայել օտարները: «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում փարաջանովյան մթնոլորտ էր` Փարաջանովի բացառիկ լուսանկարների ցուցադրություն, նրա մասին պատմող հուշապատում-վիպակի շնորհանդես: Երկուսն էլ՝ օտարի աչքերով:

   Փարաջանովի լուսանկարների մի մասի հեղինակ, ցուցադրության համադրող Յուրի Հարմաշը voske ciran meknark6լուսանկարների հետ  ներկայացրել էր նաև Փարաջանովի մտքերը կամ այլ մեծերի կարծիքներ նրա մասին. այսպիսով` կտավն ամբողջացել էր: Հարմաշը մեզ հետ զրույցում ասաց, որ Փարաջանովի հետ ծանոթացել է ընկերոջ գրած սցենարը նրան փոխանցելիս, չի էլ իմացել` ում մոտ է գնում, հետո արդեն մտերմացել են. «Որոշեցի ցուցադրությամբ շնորհակալությունս հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է: Ավելի լավ ձև  չէի կարող գտնել»:

   Հարմաշի լուսանկարները տեղ են գտել նաև հնչյունային ռեժիսոր  Գարրի Կունզևի «Կար-չկար մի Փարաջանով»  գրքում, որը  հայերենով լույս է տեսել առաջին անգամ: Գրքի մասին  կինոօպերատոր Հարմաշը հիացմունքով է խոսում և խորհուրդ է տալիս անպայման կարդալ. «Կարդալիս յուրաքանչյուրիդ կթվա, թե անձամբ եք ճանաչել Փարաջանովին»:

   «Ոսկե ծիրան»-ի բացման պաշտոնական voske ciran meknarkարարողությունը կայացավ երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ցուցադրվեց նաև իտալացիների պատրաստած տեսահոլովակը, որը Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից հատվածների, երաժշտության և վիզուալ էֆեկտների համադրություն էր:

   Բացման պաշտոնական  արարողության ժամանակ  ելույթ ունեցան  «Զանգակներ»  երաժշտական խումբը՝  Շահե  Քեշիշյանի ղեկավարությամբ, ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ  օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ով մինչ այս երբեք ելույթ չէր ունեցել ծիրանափողի նվագակցությամբ: Հիշեցնենք, որ սոպրանո Հասմիկ Պապյանը Հայաստան է ժամանել «Ոսկե ծիրանի» կապակցությամբ:

                                                                                                                    Աննա Կարապետյան