«ԹԵ ՉԵՍ ԳԱ-ԼԻ՝ ՄԸ-ՆԱՍ ԲԱՐԻ»

te-ches-gali-mnas-bari

 Դեկտեմբերի 11-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի հետ համատեղ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի «Թե չես գա-լի՝ մը-նաս բա-րի» խորագրով նոր խմբերգային նախագիծը:

Կներկայացվեն Ապարանի 12 ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ:
Ազգագրական երգերն ընտրվել  են Ալինա Փահլևանյանի ժողովածուներից: Մշակումները կատարել է դաշնակահար Վահագն Հայրապետյանը:

«Այս երգերն այնքան ռիթմիկ ու ներդաշնակ են, որ փորձել եմ առանձնապես չձևափոխել, իրենց բնական համը, բույրն ու տոնայնությունը պահպանել: Ընդամենը ժամանակակից, հետաքրքիր երանգ է հաղորդվել ստեղծագործություններին:

Չէի ցանկանա այդ ամենը ջազի հետ կապել. ինչքան էլ ես կապ ունեմ ջազի հետ, ջազն այստեղ կապ չունի: Ընդհանրապես, չի կարելի ամեն ինչին ջազ անունը կպցնել, մանավանդ որ սրանք պարզապես ավանդական երգերի ոչ ավանդական մշակումներ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահագն Հայրապետյանը:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ապարանյան 12 ազգագրական երգերը հայտնի ստեղծագործություններ չեն: Միտումնավոր են այդպես ընտրել, որպեսզի դրանք նույնպես ճանաչվեն ու սիրվեն:

«Հազարավոր այսպիսի երգեր կան, որոնք գանձի պես ապրում են, բայց շատերի աչքերից ու ականջներից հեռու: Ապարանը մեր ամենաերգեցիկ շրջաններից է: Կոմիտասն այնտեղ է ձայնագրել «Մոկաց Միրզա»-ն, այնտեղ են ամփոփվել «Սասնա ծռեր»-ի հինգ տարբերակները: Ապարանցիների երգերն ուղեկցվել են նաև պարերով, երգը չեն հիշել, մինչև չեն պարել»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը:

«Թե չես գա-լի՝ մը-նաս բա-րի» խորագրով նոր խմբերգային նախագիծն իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: Առաջիկայում այն կներկայացվի նաև մարզերում և արտերկրում:

Սիրանուշ Հայրապետյան