«ՏԱՍՆՀԻՆԳ ԴԻՏԱԿԵՏ» ՖԵԼԻՉԵ ՎԱՐԻՆԻԻՑ

varini
Եվրոպական ժամանակակից արվեստի ներկայացուցիչ Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» (”Quinze points de vuе”) խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացված է «Հայ Արտ» արվեստի կենտրոնում, պոստոմդեռն հեղինակի նրբին ներխուժումներն են ճարտարապետական կառույցների մեջ:

Միրզոյան գրադարանում արվեստասեր հանրության հետ հանդիպմանը շվեյցարիացի նկարիչը ներկայացրեց իր աբստրակտ ինստալյացիաների մանրամասները: «Ես նկարիչ արվեստագետ եմ, որը լքեց ավանդական կտավը և սկսեց աշխատել արտեֆակտների հետ: Ես նկարիչ եմ, որը չի պատմում պատմություն, այլ տարածքի հետ գտնվում է հարաբերության մեջ»,- հանդիպմանն անկեղծացավ Ֆելիչե Վարինին:

Ավելի քան 20 տարի իր դիտակետում պահելով ճարտարապետական տարբեր շինությունները՝ Ֆելիչե Վարինին իր աշխատանքներում փորձում է երկրաչափական աբստակտ ինստալիացիաների միջոցով բացահայտել տվյալ կառույցի առանձնահատկությունները: «Դիտակետն ինձ համար անցման գործիք չէ, այլ նպատակակետ, որին ես ձգտում եմ»,- խոստովանում է շվեյցարացի արվեստագետը: Ֆելիչե Վարինիի հայաստանյան այցելությունը հատկապես բացառիկ է տեղացի արվեստագետների հետ շփման տեսանկյունից:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության խորհրդի անդամ Սոնա Անդրեասյանխ խոսքով, Վարինիի և հայաստանաբնակ արվեստագետների միջև երկխոսությունը երկկողմանի հետաքրքիր է ընթանում: «Մեր կազմակերպության առաջնային նպատակներից է ոչ միայն հայ ժամանակակից արվեստագետների գործերի հանրահռչակումն ամբողջ աշխարհում, այլև օտարազգի արվեստագետների աշխատանքների հանրահռչակումը Հայաստանում: Մշակութային երկխոսությունը տեղացի և օտարազգի արվեստագետների միջև հավասար մակարդակի վրա է և երկուստեք հավասարապես հետաքրքիր:

Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» ցուցահանդեսի բացմանը ներկա էին մեծ թվով քաղաքացիներ, արվեստագետներ, անգամ մեր սպասումներից ավելի, ինչը խոսում է այն մասին, որ մշակութային երկխոսությունն իսկապես ճիշտ ընթացքի մեջ է,- Cultural.am-ին ասաց «Մշակութային երկխոսություն» կազմակերպության խորհրդի անդամ Սոնա Անդրեասյանը:

Նշենք, որ «Հայ Արտ» արվեստի կենտրոնում Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» (”Quinze points de vuе”) խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համատեղ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 13-ը:

Ալինա Նահապետյան