«ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ»․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Alexandr-Topchyan
    Սեպտեմբերի 15-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ հանդիպում թարգմանիչ, գրող, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի հետ։ Երեկոն կրում էր  «Թարգմանչաց ուղիներ» խորագիրը։ Cultural.am-ն առանձնացրել է թարգմանչի հնչեցրած ամենատպավորիչ մտքերը։

    Ոչ բոլոր ազգերի համար է թարգմանությունն ունեցել այն նշանակությունը, ինչ մեզ՝ հայերիս համար։ Թարգմանական արվեստը սկսվել է Աստվածաշնչի թարգմանությունից։ Փաստացի այդպես է, բայց թող թույլ տրվի ենթադրել, որ դրանից առաջ էլ թարգմանական մտածողություն եղել է, գուցե  տեքստեր չեն եղել, բայց տարբեր մշակույթների հետ հաղորդակցվելու, օտար տեքստերի, մշակույթների մեջ մտնելու, այդ ամենը յուրացնելու և սեփականը ստեղծելու խթան դարձնելու ավանդույթը իմ խորին համոզմամբ նախորդել է աստվածաշնչյան թարգմանությանը։ Այլապես Աստվածաշունչը, որ թարգմանական արվեստի կատարելությունն է, չէր կարող «պարապ տեղը» ծնվել, ինչպես լեզվաբաններն ասում են՝ գրաբար չէր կարող լինել, եթե դրան նախորդած չլիներ մի մեծ մշակույթ։
    Տաղանդը մեծ ալեհավաք է։ Աշխարհով մեկ հավաքվում են դրա շուրջ։ Եթե այդ տաղանդին ավելացնում են նաև տվյալ ժամանակի կարևորը, ուշագրավը՝ բանաստեղծությունը, երևույթները, լինի գրական, թե արվեստի, դառնում է մի հզոր խթան։
    0564Թարգմանության ֆենոմենը չի փոխվել։ Սկսած Հին Հռոմի ժամանակներից մինչև մեր օրերը գրեթե անփոփոխ է եղել, միայն տեխնիկան է փոխվել։ Եթե առաջ մագաղաթի վրա գրում, նվիրում էին միմյանց, հետո մագաղաթը փոխարինվեց գրքով, իսկ հիմա կարող ես ուղարկել միանգամից մի քանի հազար մարդու։ Տեխնիկան է փոխվել, բայց բուն մշակութային, մշակութաստեղծման ֆենոմենը չի փոխվել, որովհետև թարգմանությունը մեզ համար ունեցել է եռաստիճան օգտակարություն ճանաչողական, լեզվաստեղծման և մշակութաստեղծ իմաստներով։ Մենք աշխարհն ենք ճանաչել տարբեր տեքստերի միջոցով։ Խոսքը միայն գեղարվեստական տեքստի մասին չէ․պատահական չէ, որ հունական թարգմանական դպրոցը կրոնադավանաբանական և գիտական տեքստեր էր թարգմանում, ընդհանրապես բոլոր օտար տեքստերը, անգամ իրավաբանական։
    Տարբեր ազգեր տարբեր վերաբերմունք ունեն բնագրի նկատմամբ: Օրինակ՝ ռուսները տիրակալ և երբեմն քմահաճ վերաբերմունք են դրսևորում։ Ես համոզվեցի, երբ մի հեղինակի էի թարգմանում։ Իմ առջև ունեի լեհերեն և ռուսերեն թարգմանությունները և համեմատում էի (ինչը պարտադիր է թարգմանչի համար)։ Տեսա, թե ինչպիսի կամայական խմբագրումներ, կրճատումներ են արել շատ լուրջ ռուս թարգմանիչներ։ Հետաքրքիր բան է, նույնը ֆրանսիացիների մոտ եմ նկատել։ Իշխող, տիրող ազգերը իշխող են ամեն ինչում, լեզվի մեջ նույնպես։
    0550Խմբագիրները ոչ միայն լեզուն պետք է իմանան, այլև ժամանակը, ժողովուրդների բարքերը, շատ այլ հանգամանքներ։ Մինչդեռ մենք տեսնում ենք շատ տարօրինակ պատկեր, երբ անձը իր անունը դրել է խմբագիր`  ճապոներենից, անգլերենից, իսպաներենից և այլ լեզուներից՝ չիմանալով այդ լեզուները։ Լավ, եղբայր, ասենք դու հրաշալի հայերեն գիտես, բայց որքանով ես վստահ, որ թարգմանիչը բարեխղճորեն սկզբնաղբյուրից փոխանցել է մեր լեզվին, ինչ երաշխիք ունես։ Չեմ ուզում ասել՝ բառ առ բառ պիտի համեմատես, բայց մի քանի էջ համեմատելուց հետո երևում է թարգմանչի բարեխղճությունը։
    Թարգմանությունը կամուրջ է, երկկողմանի շարժում։ Ժամանակն է խոսել մեր գրականությունը այլ լեզուներով թարգմանելու մասին։ Ինչու եմ ասում՝ ժամանակն է, որովհետև խորհրդային տարիներին ոչ ոք նման հարց չէր բարձրացնի․  որոշված էր,  ամեն հանրապետություն իր քվոտան ուներ, որով  մոսկովյան հրատարակչություններում լույս էին տեսնում գրքեր։

    Ալեքսանդր Թոփչյանը գրական ասպարեզում հայտնի է որպես գրաքննադատ և արձակագիր: 80-ականներից հանդես է գալիս որպես դրամատուրգ: Նա հեղինակել է մի շարք թարգմանություններ ռուսերենից և ֆրանսերենից, ներկայացրել է ֆրանսալեզու գրականության դասական և ժամանակակից հեղինակների՝ Մոլիեր, Լարուշֆուկո, Լակլո, Ապոլիներ, Պրևեր, Կոկտո, Անու, Սագան և այլն:
Գրի առավ Աննա Կարապետյանը