Տարազի առաջին փառատոնը Արփենիում

taraz0

   Հայկական ավանդական ուտեստների և ըմպելիքների, հետաքրքիր ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ազգային  տարազների ցուցադրություն, դրանք կրելու և տեղում նկարվելու հնարավորություն, երգ ու պար. Շիրակի մարզի Արփենի համայնքում կայացավ Տարազի առաջին փառատոնը: Փառատոնին մասնակցելու էին եկել տարբեր համայնքներ, որոնք նախաձեռնության մասին տեղեկացել էին հաղորդագրությունների, սոցիալական կայքերի,  ռադիոգովազդի, ինչպես նաև տուր-գործակալությունների  միջոցով:

   Տարազի փառատոնը կազմակերպել էր «Հայրենիքի նախաձեռնությունների զարգացման հիմնադրամը» (ՀՆՁՆ): Cultural -ի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Անահիտ Մխոյանը նշեց, որ տարազին անդրադառնալը  հետաքրքիր էր մեր անցյալը հետ բերելու, անցյալը ներկայի և ապագայի հետ կապելու տեսանկյունից: Այն միևնույն ժամանակ էթնիկ տուրիզմը ակտիվացնելու և շատ տուրիստների Հայաստան բերելու նպատակ է հետապնդում. «Ցանկանում ենք բարձրացնել  Արփենիի դերը, գյուղի մասին տեղեկատվություն տարածել, բնակիչներին էլ սովորեցնել, որ իրենք կարող են ներկայացնել իրենց ունեցած արժեքները և դրանցով տնտեսապես կայուն դառնալ, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է»:taraz

   Անահիտ Մխոյանի բնորոշմամբ՝ Արփենին էկոտուրիզմի լուրջ նախադրյալներ ունի,  հարմար տարածք է նաև ձմեռային տուրիզմի համար, այս ուղղությամբ էլ պատրաստվում են աշխատել`փառատոնը դարձնելով ամենամյա. «Ամեն տարի հունիսի վերջին շաբաթ օրը Արփենիում լինելու է տարազի փառատոն: Տարազի փառատոնը   դառնալու է բրենդինգ Արփենիի և այնտեղի էթնիկ սննդի համար, իսկ մենք գիտենք, թե ինչպես է աշխարհը զարգանում բրենդինգի հաշվին»:

   Տարազի փառատոնի շրջանակներում «Կանայք հանուն զարգացման» կազմակերպության և տեղի համայնքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նաև  հանգանակություն. հավաքված ողջ գումարն ուղղվելու է Արփենիի եկեղեցու տանիքի վերականգնմանը:

   Փառատոնի մասնակից Հռիփսիմե Ծառուկյանը Հայաստան է եկել Ջավախքից:  Երկար ժամանակ է, ինչ բնակվում է Ամասիա համայնքի Արեգնադեմ գյուղում: Տիկին Հռիփսիմեն փառատոնին  թանապուր և կաթով հալվա էր ներկայացնում: Ասում է՝ բաղադրատոմսը շատ վաղուց տատիկից է սովորել, հետո էլ իր հետ բերել է Հայաստան. «Էրիշտայի խմոր ենք սարքում, հետո թան, թանը եռացնում ենք, էրիշտան լցնում ենք մեջը. թանապուրի բաղադրատոմսն է` կարմրացրած խմորի գնդիկներ, սոխառած, համեմ, աղ: Առիթների ժամանակ, եթե տանը խմոր կա, թաթարբորանի ենք սարքում, խմորն ավելանում է՝ սարքում ենք թանապուր»:

   Տարազի փառատոնին ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ով իր և իր միջազգային գործընկերների անունից ողջունեց ներկաներին. «Սա յուրահատուկ օր է, որը  Հայաստանի մասին եղած ամեն լավ բան մի տեղ է հավաքել, միավորել է տեղի բնակչությանը: Արփենիի  բնակչությունը ցույց է տալիս, թե ինչ հիանալի սնունդ, ըմպելիքներ, յուրահատուկ ձեռագործ աշխատանքներ ունի»:

  taraz2Տարազի փառատոնը «Հայրենիքի նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի» (ՀՆՁՆ) միակ նախաձեռնությունը չէ: Մայիսին Հալիձորում հիմնադրամը «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում իրականացրեց «Ոչխարների խուզման» փառատոնը: Օգոստոսին արդեն երրորդ անգամ Շամշադինում կկայանա «Մեղրի և հատապտղի փառատոնը», որին սեպտեմբեր ամսին կհաջորդի «Ոսկեհասկ» փառատոնը Վարդենիսում:

Հիշեցնենք, որ Տարազի փառատոնը իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (“EDMC”), ինչպես նաև Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Փառատոնը համագործակցել է նաև  “Deem Communications”-ի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի և Շիրակի մրցունակության կենտրոնի հետ: Հայաստանում առաջին Տարազի փառատոնի կայացմանը նպաստել են նաև  «Տերյան» մշակութային կենտրոնը, «Մարաշլեան» պրոֆեսիոնալ ֆոտոստուդիան ու «Taraz & Art»-ը:

 

                                                                                                                         Աննա Կարապետյան