«Գրական տապան» միջազգային գրական փառատոնին այս տարի մասնակցում էր շուրջ 16 օտարերկրացի գրող: Այն տևեց 7 օր՝ հոկտեմբերի 23-30-ը: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան տարբեր թոք-շոուներ, վարպետության դասեր, հանդիպումներ տարբեր բուհերում ու գրադարաններում: Բացի այդ՝ հյուրերը հնարավորություն ունեցան նաև շրջել Հայաստանում և ծանոթանալ նրա պատմությանն ու մշակույթին:
Հոկտեմբերի 26-ի առավոտյան «Գրական տապանի» մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան, ապա ուղևորվեցին Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Նույն օրը, շարունակելով երթուղին, «Գրական տապանը» հասավ Գյումրի, որտեղ կանգ առավ երեք օր: Նույն օրը հյուրերը շրջայց կատարեցին քաղաքի հրապարակում և հին թաղամասերում:
Խումբը ուղևորվեց Ջաջուռ՝ Մինասի արվեստանոց, որտեղ Դավիթ Մուրադյանը հյուրերին ներկայացրեց նկարչի միստիկ ու ողբերգական կյանքը: Ջաջուռում` գետի ափին, եղան գրական ընթերցումներ: Հայ և օտարազգի գրողները իրենց մայրենի լեզուներով կարդացին իրենց բանաստեղծությունները:
Հաջորդը Ձիթողցյանների թանգարանն էր, որտեղ հյուրերը ծանոթացան Գյումրի քաղաքի և Ձիթողցյանների ընտանիքի պատմությանը: Իսկ երեկոյան նրանք ծանոթացան հայ ազգային նվագարաններին՝ դուդուկ, դհոլ, լսեցին ազգային մեղեդիներ և գրական ընթերցումներ կազմակերպեցին նրանց նվագակցությամբ:
29-ին Տապանն ուղևորվեց Խոր վիրապ: Եվս մի միստիկ վայր, որի պատմությունը տպավորեց հյուրերին: «Երբեք չեմ եղել այսպիսի հին ու սուրբ վայրում»,- ասաց իսպանուհի հյուրերից մեկը:
Երթուղին շարունակվեց դեպի Նորավանք: Ապա Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարան: Սևակի գերեզմանի մոտ ընթերցեցին նրա բանաստեղծությունները և ռուսերեն թարգմանությունները:
Երևան վերադարձին հյուրերը օգտվեցին բնության ընձեռած հնարավորությունից և լուսանկարեցին Արարատը ու լուսանկարվեցին նրա ֆոնին:
Հոկտեմբերի 30-ը տապանի վերջին օրն էր, և տապանն իր ուղևորությունն ավարտեց Սևան, Գառնի, Գեղարդ այցելությամբ: