Թանգարանը շրջանակից դուրս

shrjanakits durs 1
    Հոկտեմբերի 6-ին Երևանի Հ. Թումանյանի թանգարանում կայացավ ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնած և իրականացրած «Շրջանակից դուրս» ծրագրի շնորհանդեսը, որի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին դպրոցահասակ պատանիների կողմից ստեղծված 11 կարճ ֆիլմ-պատմություններ թանգարանի մասին: «Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացվել է Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում և նպատակ ուներ ֆիլմ-պատմությունների միջոցով ավանդական շրջանակներից դուրս բերել թանգարանի ասելիքը: Ծրագրին մասնակցել են 13-15 տարեկան 12 պատանիներ Երևանի տարբեր դպրոցներից, նրանցից մեկը՝ Արցախից: Ամռան ամիսներին մասնակիցները նախ հնարավորություն ստացան մանրամասն ուսումնասիրել թանգարանի ողջ նյութը, ապա ներգրավվեցին գործնական դասընթացում, որի շնորհիվ սովորեցին shrjanakits durs 2տարրական գիտելիքներ ֆիլմի թեմայի ընտրության, սցենարի ձևավորման և ռեժիսորական մտահղացման վերաբերյալ: Այնուհետև յուրաքանչյուրը նշված փուլերով անցավ իր իսկ ֆիլմի զարգացման ընթացքում՝ թանգարանի կողմից ստանալով բացառիկ թույլտվություն՝ մտնելու սովորական այցելուների համար փակ տարածքներ, շոշափելու և նկարահանելու իրենց հետաքրքրող նյութերը:
    Այսօր արդեն 11 կարճ ֆիլմերը ազատ տեղադրված են համացանցում՝ հետևյալ հասցեով, https://www.youtube.com/channel/UCW9Q9B47BHFfeHyMRo0ANxQ, ու կոչված են թանգարանի թաքուն անկյուններն ու անծանոթ հերոսներին բացահայտել ինչպես վաղեմի այցելուների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր հենց այս կարճ ֆիլմերի շնորհիվ ցանկություն կունենան անձամբ տեսնելու ներկայացվածը: Ֆիլմերը ցուցադրության իրավունքով նվիրվել են Թումանյանի թանգարանին:
shrjanakits durs    Առաջիկա օրերին մասնակիցները խումբը ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ կայցելեն Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր, որտեղ նույնպես կցուցադրեն ֆիլմերն ու կնվիրեն դրանք նաև Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանին: 
   
«Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացել է Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ: Առաջիկայում նախատեսվում է ծրագիրը շարունակել Երևանի և մարզերի այլ թանգարաններում: