«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ». 3 ԴՐՎԱԳ

tangaranner-16
Մայիսի 21-ին Հայաստանում կայացավ 11-րդ «Թանգարանների գիշերը»։ Այս տարի մշակութային տոնին միացել էին մայրաքաղաքի և մարզերի 112 թանգարաններ։ Երևանյան անցուդարձին հետևել է նաև Cultural.am-ը։



tangaranner1
Ի՞նչպես աշխատել կավի հետ․սովորեցնում է վարպետ Բարսեղը

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան

Վեց տարեկանից Բարսեղ Հարությունյանի միակ խաղալիքը կավն է։ Այսօր վարպետը կավի հետ աշխատել է սովորեցնում բակն ու խաղը թողած, թանգարան եկած փոքրիկներին։

Մինչ փոքրիկները պատրաստում են իրենց թեյի կամ սուրճի բաժակը, վարպետ Բարսեղի շուրջն են խմբվել նրանց ծնողները։ Բրուտագործական անիվի վրա աշխատելուն զուգահեռ պատասխանում է նրանց հարցերին՝ ամեն անգամ շեշտելով՝ առանց սիրո ոչինչ չի ստացվի։

Թանգարանի բակում մեկ սեղանի շուրջ հավաքված փոքրիկներին ուղղորդում են Բարսեղ Հարությունյանի աշակերտները։ Աշոտ Ոսկանյանը շուրջ հինգ տարի այցելել է վարպետի արվեստանոց, սովորել կերամիկայի հիմունքներ։ Այժմ սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնում, զբաղվում է կերամիկայով, նկարչությամբ։

«Հետաքրքիր աշխատանք է, բայց պետք է մեծ ցանկություն ունենաս, որ կարողանաս տիրապետել․մի քիչ բարդ է։ Ինչպես վարպետն է ասում՝ պետք է տաղանդ ունենաս,  աշխատասեր լինես, կատարելագործվես, որ հասնես հաջողության»,- մեզ հետ զրույցում պատմեց Աշոտը։

 «Ո՞վ էր նա, չէ՞ որ ինքը չէր»․ «Գիրք ծաղկանց»
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
tangaranner 2
«Անկախ կացութաձևից գոյատևում ենք մշակույթի, գրքի, գրի շնորհիվ»,- ողջույնի խոսքում նշեց տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը։

Թանգարանի փոքրիկ սրահներից մեկում մի խումբ այցելուներ դիտեցին «Գիրք ծաղկանց» մոնոներկայացումը։ Ասմունքող Աիդա Ասատուրյանը Լուսինե Գրիգորյանի երաժշտության հնչյունների ներքո ընթերցեց հատվածներ «Գիրք ծաղկանցից»։

Թվում էր՝ տեսնում ենք՝ ինչպես է Զվարթը գնում դեպի անդունդի եզրը, շրջում քարից քար, մեկ էլ հանկարծ․ «Զվարթն անդրադարձավ «ո՞վ էր նա»... չէ՞ որ ինքը չէր։ Բայց և ի՛նչպես երազում մտածում էր, թե նա ինքն է։ Ո՞վ էր նա... Եվ նկատեց, որ ինքը շարունակում է այն շշունջը, որ ինքն է շշնջացողը։  Եվ իմացավ, որ երազի էակը ինքն է։ (Ախր երկու էակ չկա միևնույնը...)»:

Օրորոցայինից մինչև «Հորովել»․երաժշտական ուղին անցնում ենք Դեմիրճյանի ստեղծագործության հետ։ Սրահում ներկա են նաև գրողի հարսն ու թոռնուհին։

60-80-ականների հիթեր․երգում են երիտասարդները
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
tangaranner3
The Beatles, Abba սիրված խմբերի և անհատ կատարողների երգերով թանգարանի բեմում էին Լիլիթ Խաչատրյանն ու Արմեն Եդիգարյանը։ Ջոն Լենոնի, Էլվիս Փրեսլիի հայտնի երգերը բաս կիթառահար Արմենն ու երգչուհի  Լիլիթը մատուցեցին նորովի։ Համերգն ամփոփվեց Էլվինա Մակարյանի «Մայրամուտ»-ով։

«Ռետրոն իմ սիրելին է, իմ էությունը»,- ասում է Լիլիթը։

Համերգներ շատ է ունեցել, բայց սա նրա առաջին ռետրո համերգն էր։ «Թանգարանների գիշերը» սովորաբար այցելում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ դասական երաժշտության համերգների։

Կեսգիշերին երկու ժամ էր մնացել, երբ ռետրո համերգն ավարտվեց։ Դահլիճում Լիլիթին սպասում էր հայրը։ Միասին գնալու էին մյուս թանգարաններ։

Աննա Կարապետյան