ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ․ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

zoramaser-surb-sargis
    Հունվարի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին մեծ շուքով նշեց սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Տոնը նշում են ինչպես եկեղեցական կարգով, այնպես էլ ժողովրդական ավանդույթի համաձայն՝ նախորդ գիշեր աղի բլիթ ուտելով ու սպասելով երազում ջուր տվողին։ Երիտասարդները Cultural.am-ի հետ կիսել են իրենց տպավորությունները տոնական օրվանից հետո։
      Հայ զինվորի կողքին
    Զինվորականները, հոգևորականներն ու քաղաքացիական բնակչությունը մի բռունցք են դառնում թե՛ սահմանային լարվածությունների օրերին, թե՛ տոնախմբությունների ժամանակ: Տավուշի թեմում Սուրբ Սարգսի տոնն իր խորհրդանշական տեսակի մեջ էր: Թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Պատարագ մատուցեց և երիտասարդների օրհնության կարգ կատարեց Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ Բերդի տարածաշրջանի երիտասարդներն ամբողջ օրն անցկացրին հայ զինվորի կողքին: Օրը հագեցած էր՝ խաչերթ, Սուրբ Պատարագ, երիտասարդների օրհնության կարգ, Ջրօրհնեք, մշակութային միջոցառումներ։ Իր գեղեցկության մեջ եզակի օր էր: Զինվորները ձնծաղիկ նվիրեցին մեզ, տրամադրեցին իրենց վերարկուները, որ չմրսենք: Մեր հայրենիքի պաշտպանների հետ օրն իսկական տոն դարձավ:
Սիրանույշ Մելիքյան/ քաղաքագետ

     «Երբ փոքր էինք, մայրս սկուտեղով փոխինդ էր դնում դրսում»
    Չեմ ընդունում այն քննարկումները, թե այս տոնը պիտի նշենք, այն մյուսը՝ ոչ: Ամեն մարդ ինքն է ընտրում՝ որ տոնը նշի և ինչպես: Սուրբ Սարգիսը գեղեցիկ ազգային տոն է` իր ժողովրդական ու եկեղեցական ավանդույթներով: Հիշում եմ՝ երբ փոքր էինք, մայրս սկուտեղով փոխինդ էր դնում դրսում։ Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է անցներ ու իր ձիու սմբակի հետքը թողներ փոխինդի վրա: Ամեն տարի այդ հետքը կար։ Մեծացանք ու մայրս պատմեց, որ առավոտյան պապիկն էր այդ հետքը թողնում փոխինդի վրա: Մանկության գեղեցիկ հիշողություն է ինձ համար Սուրբ Սարգսի տոնը, իսկ վերջին տարիներին աղի բլիթ եմ ուտում, բայց գրեթե միշտ երազ չեմ տեսնում: Քանի որ դեռ չեմ գտել իմ կեսին, տոնն ինձ համար կիսատ է, թաքուն նախանձով եմ նայում սիրուն զույգերին։
Սևակ Հակոբյան/ ռադիոհաղորդավար, լրագրող

       «Տոնի խորհուրդը սերն է»
    Սուրբ Սարգսի տոնը նշում եմ Պատարագին և երիտասարդների օրհնության կարգին մասնակցելով։ Տոնի խորհուրդը սերն է. կյանքի բոլոր օրերի խորհուրդն էլ սերն է, ուղղակի այս տոնը, ինչպես և եկեղեցական մյուս տոները, հոգևոր հուշարարի դեր է կատարում և նախորդող Առաջնորդաց Պահքով ամրացած քրիստոնյային Սիրո ու աղոթքի խորհուրդն ըմբռնելու է մղում: Ազգային ձևով՝ աղի բլիթ և այլն, չեմ նշում, քանի որ ազգային, այս դեպքում՝ սնոտի տարրերը ինձ համար առնչություն չունեն տոնի հոգևոր խորհրդի հետ։
Էմմա Բոջուկյան/ ապագա լրագրող

    «Երազում ջուր բերողին գիտեն»
    Ընկերներիս մեծ մասը երազում ջուր բերողին գիտի։ Այնքան են մտածում, որ ի վերջո երազում տեսնում են։ Ներշնչանքի արդյունք է։ Ես չգիտեմ՝ ում պիտի տեսնեմ, երևի դրա համար ընդհանրապես երազ չեմ տեսնում։ Տոնի այդ ավանդույթն ինձ հավատ չի ներշնչում։ Երեկ մայրս փոխինդ էր դրել, որի վրա պիտի Սուրբ Սարգսի ձիու թողած հետքը լիներ։ Ոչ մի բան էլ չկար։ Սկսեցի թերահավատորեն վերաբերվել տոնին։
Ավետ Դիշունց/ ապագա իրավաբան

       «Ազգն ու եկեղեցին իրար ձեռք բռնած են քայլում այս տոնին»
    Երեկ քաղաքը սեր էր շնչում ու ապրում, սեր՝ համեմված ազգային ոգով: Ես շատ եմ կարևորում ազգային տոները, հատկապես՝ Սուրբ Սարգսի տոնը, քանի որ ուշադրության կենտրոնում երիտասարդներն են։ Ազգն ու եկեղեցին իրար ձեռք բռնած են քայլում այս տոնին: Հոգևոր սեր ես ստանում: Սուրբ Սարգսի տոնին կատարվում է նաև զինվորների օրհնության կարգ: Չպետք է մոռանանք, որ Սուրբ Սարգիսը զինվորական էր, ով նահատակվելով ցույց տվեց, որ քրիստոնեական սերն ու հավատքը առավել են ամեն ինչից: Մեր զինվորները մեր սիրո, աղոթքի ու ուշադրության կարիքն ունեն:
Հասմիկ Թամամյան/ լրագրող

Պատրաստեց՝ Աննա Կարապետյանը