Սուրբ Խաչ

khach

Այս կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնի տարվա վերջին՝ 5-րդ տաղավար տոնը՝ Սուրբ Խաչը կամ Խաչվերացը:  Խաչվերաց տոնի  հիմքում ընկած է գերեվարությունից Քրիստոսի խաչափայտի վերադարձի պատմությունը: 614թ.-ին պարսից թագավոր Խոսրով Բ-ն գերեվարում է խաչը և տանում Պարսկաստան:  621թվականին Հերակլ Կայսրը զորքով գնում է Պարսկաստան և հետ վերադարձնում խաչը: Հայերը ևս մասնակից են եղել այս պատերազմին: Հետ գալու ճանապարհին, որը անցնում էր պատմական Հայաստանով, խաչը բարձրացնում և ցույց են տալիս ժողովրդին: Հենց այստեղից էլ գալիս է տոնի անվանումը՝ Խաչվերաց, այսինքն՝ խաչը վեր բարձրացնել:

Առավոտյան տոնի առիթով, բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվելու, իսկ երեկոյան կատարվելու է խաչի թափոր: Խաչը զարդարում են ծաղիկներով և «խաչի ծաղիկ» համարվող ռեհանով:

Իսկ տոնի ժողովրդական արարողակարգը կազմված է եղել հիմնականում ուխտագնացություններից: Ուխտագնացները հիմնականում գնում էին Սյունյաց աշխարհի եկեղեցիներ՝ Տաթևի Վանք, Ծիծեռնավանք, Սուրբ Գևորգի վանք: Կատարվում էին մատաղի արարողություններ:  Ընդունված է եղել ուլեր մատաղ անելը: Դա է պատճառը, որ հաճախ տոնը կոչում էր նաև Ուլնոց կամ Ուլի տոն: 

Խաչվերացի հաջորդ օրը` սեպտեմբերի 17-ին, մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: